28.4.14

ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱԶԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ - Մեկնություն

Մատթ. 1:1-17
Հեղինակ՝ Մաղաքիա Արք. Օրմանյան, ՀԱՄԱՊԱՏՈՒՄ
Աղբյուր՝ ՍՈՒՐԲ ԳՐՔԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ
Այլ մեկնություններ Մատթեոսի Ավետարանից 

1 Գիրք ազգաբանության Հիսուս Քրիստոսի` Դավթի որդու, Աբրահամի որդու:
2 Աբրահամը ծնեց Իսահակին. Իսահակը` Հակոբին. Հակոբը ծնեց Հուդային եւ նրա եղբայրներին. 
3 Հուդան ծնեց Փարեսին եւ Զարային` Թամարից. Փարեսը ծնեց Եզրոնին. Եզրոնը ծնեց Արամին. 
4 Արամը ծնեց Ամինադաբին. Ամինադաբը ծնեց Նաասոնին. Նաասոնը ծնեց Սաղմոնին. 
5 Սաղմոնը ծնեց Բոոսին` Ռաքաբից. Բոոսը ծնեց Օբեդին` Հռութից. Օբեդը ծնեց Հեսսեին. 
6 Հեսսեն ծնեց Դավիթ արքային: Դավիթը ծնեց Սողոմոնին` Ուրիայի կնոջից. 
7 Սողոմոնը` Րոբովամին. 
8 Րոբովամը ծնեց Աբիային. Աբիան ծնեց Ասափին. Ասափը ծնեց Հոսափատին. Հոսափատը ծնեց Հորամին. Հորամը ծնեց Օզիային. 
9 Օզիան ծնեց Հովաթամին. Հովաթամը ծնեց Աքազին. Աքազը ծնեց Եզեկիային. 
10 Եզեկիան ծնեց Մանասեին. Մանասեն ծնեց Ամոսին. 
11 Ամոսը ծնեց Հոսիային. Հոսիան ծնեց Հեքոնիային եւ նրա եղբայրներին` Բաբելոնում գերության ժամանակ:
12 Բաբելոնում գերությունից հետո Հեքոնիան ծնեց Սաղաթիելին. 
13 Սաղաթիելը ծնեց Զորոբաբելին. Զորոբաբելը ծնեց Աբիուդին. Աբիուդը ծնեց Եղիակիմին. 
14 Եղիակիմը ծնեց Ազորին. Ազորը ծնեց Սադոկին. Սադոկը ծնեց Աքինին. Աքինը ծնեց Եղիուդին. 
15 Եղիուդը ծնեց Եղիազարին. Եղիազարը ծնեց Մատթանին. 
16 Մատթանը ծնեց Հակոբին. Հակոբը ծնեց Հովսեփին` Մարիամի մարդուն, որի նշանածն էր կույս Մարիամը, որից ծնվեց Հիսուս, որ անվանվեց Քրիստոս:
17 Արդ, Աբրահամից մինչեւ Դավիթը բոլոր սերունդները` տասնչորս սերունդ. եւ Դավթից մինչեւ Բաբելոնի մեջ գերությունը` տասնչորս սերունդ. Բաբելոնի մեջ գերությունից մինչեւ Քրիստոս` տասնչորս սերունդ:

Մեկնություն
Հիսուս Քրիստոսի աստվածային ծագման բացատրություններից հետո, սկսում են Նրա մարդկային ծագման բացատրությունները: Մատթեոսը, դեռևս Հիսուսի պատմությունը չմատուցած, ներկայացնում է Նրա ազգաբանությունը, որպեսզի հաստատի, թե Աբրահամի զավակից և Դավթի ցեղից եկող Մեսիան Նա´ է, և այս պատճառով Աբրահամից մինչև Հիսուս ծնունդների մի շարք է առաջ բերում, որտեղ հորից որդուն անցնելով՝ հասնում է մինչև Հիսուս Քրիստոս:
Ազգաբանության մի ցուցակ ունի նաև Ղուկասը՝ տարբեր ձևով կազմված, որովհետև Հիսուսից սկսելով դեպի ետ է գնում և որդուց հորը անցնելով հասնում է մինչև Աբրահամ, իսկ այդտեղից էլ գնում է մինչև Ադամ՝ նպատակ ունենալով ցույց տալ, թե Հիսուս Քրիստոս ճշմարիտ մարդ է՝ Ադամի սերունդից:
Որքան էլ մենք նպատակ ունենք հետևել լոկ պատմական և ոչ թե քննադատական ոճին, սակայն կարևոր ենք համարում երկու  ազգաբանությունների բաղդատելը, որովհետև այն ըստ էության մի պատմական բովանդակություն է, ամբողջացնողն է Հիսուսի պատմության: Արդ՝ թեպետև Մատթեոսն ու Ղուկասը հակառակ ուղղությամբ են քայլում՝ մեկը դեպի վերև, մյուսը դեպի ներքև, մենք Ղուկասի ցանկն էլ Մատթեոսի նման կվերածենք դեպի ներքև և նախապես երկու ցուցակները դեմ դիմաց շարելուց հետո կտանք անհրաժեշտ բացատրությունները տարբերությունների վերաբերյալ:
Երկու ազգաբանությունների պարզ ցուցակն իսկ ցույց է տալիս նրանց տարբերությունները, ինչը որ բազում դիտողությունների տեղիք է տվել: Մենք բավարարվում ենք հիշել գլխավորները և ամենահավանական լուծումներն առաջադրել:
Ղուկասն Ադամից վեր տալիս է նաև Աստծու անունը. «որ Ադամայն, որ Աստուծոյն», անշուշտ, առաջին մարդու աստվածաստեղծ լինելը ցույց տալու համար, որովհետև հնարավոր իսկ չէ կարծել, թե Ադամն այն կերպով է Աստծու որդին, ինչպես որ Սեթն է Ադամի որդին կամ Ենովսը Սեթի և մյուսները նույն կերպով: Ղուկասն ազգաբանական ցուցակ ունի նաև Աբրահամից մինչև Ադամ, որը չկա Մատթեոսի մոտ, և հետևաբար, համեմատելու կարիք չկա:
Աբրահամից մինչև Դավիթ երկու ցուցակներն էլ նման են իրար: Միայն մեր սովորական օրինակներում Ղուկասի ազգաբանությունը Եզրոմի և  Արամի միջև երկու անուն ավելի ունի «որ Ադմեայ, որ Առնեայն», որոնք հունական և լատինական բոլոր օրինակներում էլ չկան և հատուկ են մնում միայն մեր թարգմանությանը:
Սակայն մեկնիչները ենթադրում են, որ Քարեսից մինչև Նաասովն 430 տարվա ժամանակահատվածի համար միայն երեք միջանկյալ ծնունդ՝ Եզրոմ, Արամ, Ամինադաբ, շատ քիչ է, և մյուս երկու անունները ավանդությունից վերցված լինելով են դրված ու ոմանց կողմից զեղչվել են Ծննդոց գրքում չհիշվելու պատճառով: 
Շարունակությունը՝ 

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...