1.3.14

ՍԵՎԱԶԳԵՍՏ ԼՈՒՍԱՎՈՐ ՄԱՐԴԸ – ՏԵՐ ՍՏԵՓԱՆՈՍ ՔՀՆ. ԻԳՆԱԹԵՎՈՍՅԱՆ

Օրս սովորական օրերից չէր: Միանգամից նոր դեմքեր, նոր մարդիկ: Առաջին անգամ պետք է ոտք դնեի հոգևորականի «հայրական տուն», շփվեի «ընտանիքի անդամների» հետ, այն մեծ ընտանիքի, որը մի ուրիշ աշխարհ է իրականում: Ականջիս ծայրով լսեցի, որ ճանապարհին Տեր Հայրն էլ է մեզ միանալու: «Տեր» և «Հայր» բառերից հասկացա, որ հոգևորական է, մի սովորական եկեղեցու ծառայող` խիստ, սառը հայացքով, գրեթե առանց ժեստերի, ինչպես որ պատկերացրել էի միշտ (մի քիչ իրենց հասկանում եմ): Մի պահ մեր մեքենան կանգ առավ, և եկավ, իմ`այդքան սպասված Տեր Հայրը: Ապշեցի առաջին իսկ րոպեներին.. Ինչպե՜ս…Հոգևորականը ժպտում է ու հետդ խոսում է սովորական մարդկանց պես ու նույնիսկ կատակո՞ւմ է: Չտեսնված երևո՜ւյթ: Նա անմիջական է բոլոր մարդկանց պես…. Փաստորեն բոլո՞րն են այդպիսին: Մտամոլոր ու զարմացած էի, երբ մեքենան կանգ առավ: Ճեմարանում ենք: Նոր դեմքեր, նոր սևազգեստ մարդիկ: Այժմյան և ապագա քահանաներ: Իմ պատկերացումներն իսկապես փոխվեցին հոգևորականների մասին, որ տեսել էի գրեթե միայն եկեղեցում, գրեթե միայն մոմ վառելիս: Ճիշտ է, հասկացա, որ նախկինում թյուր կարծիք եմ ունեցել հոգևոր աշխարհի և մարդկանց մասին, սակայն իմ առաջին տպավորությունը, ի շնորհիվ Տեր Հայրի (դիտմամբ չեմ հոլովում «հայր» բառը, որպեսզի ներքին հոլովմամբ չփոխվի ականջիս սովոր անունը), աննկարագրելի ու անհամեմատելի էր: Երբ դուրս եկանք ճեմարանից, իմ դիմաց հայտնվեց մեր` արդեն ՄԵՐ սիրելի Տեր Հայրը` Տեր Ստեփանոսը՝ սևազգեստ լուսավոր մարդը:
Հերիք է գրեմ ԵՍ, ԻՄ... Չէ որ սկզբից նշել եմ` նոր դեմքեր, նոր մարդիկ: Այդ օրն առաջին անգամ ոտք դրեցի մի ընտանիք-կազմակերպություն, որտեղ ինքստինքյան մոռացա «Ես», «Իմ» բառերն առ այսօր: ՄԵՆՔ նրան օրեցօր ավելի շատ ենք սիրում: Երբ մտնում է մեր գրասենյակ, ակամայից ուրախությամբ ենք լցվում, երբ խոսում է, զրուցում է, ուղղակի զրուցում, ոչ հոգևոր թեմաների շուրջ, այլ առօրյայից, միջոցառումներից, երաժշտությունից և, առհասարակ, արվեստից, ուղղակի չենք կարողանում չսովորել ինչ-որ մի բան, չլցվել այն մեծ ոգևորությամբ, որ տարածում է ՄԵՐ Տեր Հայրը, և, վերջիվերջո, մենք սովորում ենք փոքրիկ քայլերի արվեստը` ամենակարևոր բանը կյանքում: Ասեմ` ինչու: Երբ հուսալքվում ենք, միանգամից ոգևորում է, ասելով, որ եթե ընկնում ես, վեր կաց, եթե նորից ես ընկնում, նորից վեր կաց, դարձյալ ընկար, դարձյալ վեր կաց…Ինչպե՜ս կարող ես այս խոսքերից հետո քեզ իրավունք վերապահել հուսահատվելու… Այդպես, օրեցօր, ժամ առ ժամ մենք ճանաչում ենք նրան որպես մարդ: Ահա և եկավ այն պահը, երբ պետք է խորապես ճանաչեինք նրան որպես հայ ժողովրդի հոգևոր զավակ: Եվ ճանաչեցինք: Էլի ճանապարհ, արդեն հարազատ դարձած մարդիկ... Գնում ենք արդեն հարազատ մարդու ուղղությամբ: Գնում ենք Ծաղկունքի Սուրբ Սարգիս եկեղեցի` կիրակնօրյա Պատարագին մասնակցելու, որտեղ պատարագիչ քահանան Տեր Ստեփանոսն էր: Սրտի թրթիռով և «Պատարագին տրամադրված» մտանք եկեղեցի:
Բեմում կանգնած է Տեր Ստեփանոսը` եկեղեցու պատուհանից ներս թափանցած` խնկաբույր ծխի մեջ թաղված շողքի ներքո: Լսվում են շարականներ, աղոթքներ նրա ձայնով: Արդեն մոտենում էր ավարտը, երբ հանկարծ մեր ականջին հասավ հավատացյալ բազմության միջից մի արտահայտություն, որը մեղրապատ սրի պես մխրճվեց մեր սրտի մեջ ու թվաց այնքան հարազատ.«Երբ տեսնում եմ այս քահանային, ինձ թվում է, որ Աստծո լույսն է ինձ տաքացնում…»:

Հիմա հոգով հանգիստ ենք, որ մեր կողքին է, մեր հետ մեր ավագ եղբայր, ընկեր, հարազատացած մեր Տեր Ստեփանոսը` մեր սևազգեստ ԼՈՒՍԱՎՈՐ մարդը…
Անուշ Շաքարյան
Լուսանկարը ՝ Գոհար Մնացականյանի
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» 
մրցույթի շրջանակներում (ոչ մրցութային):

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...