23.2.14

ՆԱ ՔԱՀԱՆԱ Է (ոչ մրցութային)

Ծնկաչոք սկսվող հոգու վերելք…
Սև ծալքերն ունեն խնկագույն բույր, և փեշերը երկար` սրբորեն հին քարերի հպում, ճերմակ օձիքը շղթայված է խոնարհությամբ, կրծքին խաչ` ծանրացած դողդոջ շուրթերի հավատի համբույրներով:
Գիշերվա մեջ ապրող մթության գույնն ունի, որ սահում է նորածիլ կանաչի վրայով:
Կյանքի փոշին է խունացնում սևը նրա:
Աղմուկի մեջ լռած շրշյուն, որ հանգչում է դիպչելով եկեղեցի տանող աստիճաններին:
Լայն թևքի տակից բարձրացող ձեռք, որ վերին օրհնությունն է խաչակնքումով դրոշմում գլխիկոր մարդկանց և խոնարհ հավատացյալների միաձույլ բազմության վրա:
Անեղծ ճերմակի վարդաբույր շրշյուն…բարակ մատների մեջ սեղմված ծաղիկներ…
Երկու գլուխ, իրար այնքան մոտ ու սրտեր բաբախող անհայտ տարածության հուզմունքի մեջ:
Լայն թևքի տակից բարձրանում է ձեռքը` սեր միացնող ձեռքեր:
Ջուր ցողող ձեռքեր…անգիտակից ճիչ մանկան, լույս արցունքներ աչքերում, դեպի նորն ուղղորդող սև թևքերի տակ սեղմված թաց ձեռքեր:


Աղոթքի ժամին փակ աչքեր…և ամեն ժամ տեսնող սիրտ, որ վեր է առաքում հոգին` գոհանալու, ապաշխարելու, խնդրելու :
Սքեմը չի բաժանում, այն ձուլում է անհասի հետ, որ խոնարհվեց մինչև հասանելիություն` հաճախ մերժվող:
Կյանք կա, որ ապրում է սևի տակ` երկինքներ մով, արևներ հրե, փխրուն ծաղիկներ, ժպտացող աչքեր և մարգարտացող արտևանունքներ: Այն սիրտ է թաքցնում` իր անսահմանությունը շուրջը տարածած, հոգի` պատրաստ ամբարելու անծանոթ թախիծ և վիշտ, և անհագ ցանկություն` նվիրելու սփոփանք, խաղաղություն և սեր…
Լույսի հատիկները պսպղում են սքեմի վրա, և աղոտ լուսավորությունը ողջ զորությամբ բոլորել է նրա շուրջ:
Սև թևքի տակից ինձ ձեռք է պարզվում` մատներից ծորացող լույսով:

Եր Ան
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» 
մրցույթի շրջանակներում (ոչ մրցութային):

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...