20.2.14

ԱՌԱՎՈՏՅԱՆ ԽՆԿԱՐԿՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ԵՐԵԿՈՅԱՆ ԱՂՈԹՔ (15 լուսանկար)

Առավոտյան աղոթքի ու արևաշող խորհրդավորության մեջից լսվում է Նրա ձայնը. օրհնություն, աղոթք, գոհություն... Օրվա նման Նա էլ լուսավոր է: Մի Անկեզ մորենի իր համայնքի համար: Ու երբ քայլում ես այս Բարի ու Կարեկից հոգևորականի կողքով, անկախ ամեն ինչից դառնում ես խոնարհ ու կարեկից, սիրառատ քրիստոնյայի նման հոգիդ ցնծում է: Գոհաբանական ժպիտդ չի իջնում դեմքիցդ, երբ բոլորը՝ մանուկներ, երիտասարդներ ու տարեցներ շտապում են դեպի Նա՝ օրհնությունն ստանալու, և ինչպես Հայրը, այնպես էլ այս հոգևորականը օրհնում է, խրատում....
Ո՞րն է Նրա առաքելությունը. լինել Քահանա: Քահանա՝ կարգված Ամենասուրբ Երրորդության անունով, քահանա, ոչ միայն խոսքով, այլ՝ գործով, հոգով և մտքով: Եվ մտքերի մեջ խորասույզ՝ եկեղեցու բակ մտնելիս, երկնքից ասես լույս իջնի վար: Եդեմական խաղաղության ու աստվածային լռության մեջ՝ համատարած օդ դարձած լսվում է Տեր Հոր զորավոր աղոթքը: Նրա՝ եկեղեցի ամեն մուտքի հետ, Աստծո այս գողտրիկ ու համեստ տունը՝ եկեղեցին, բացվում է նորովի, Աստծո ծառան դառնում է յուրաքանչյուրի մի մասը: Ինչպես Մատթեոս Ավետարանիչն է նշում. Հիսուսի խոսքերն իր առաքյալներին, թե՝ «Դուք եք երկրի աղը» (Մատթ. 5:13), այսօր իր համայնքի աղն ու լույսը առատորեն բաժանողն է Տեր Հայրը, դեպ Աստծուն ձայնողը:

Երկրի վրա Տիրոջ առաքյալը՝ քահանան, եկեղեցու մշակն է: Եվ սա վկայում են նրա հոտի անդամները, ովքեր հաստատ են իրենց հավատքի մեջ. «Արդար Հովիվ է», «Մարդ է», «Բոլորիս Հայրն է». ահա այսպիսի բազում կարծիքներ կլսես Տեր Հոր մասին: Իսկ երբ մտքերի մեջ խորասույզ լսում ես փոքրիկ երեխայի աղոթքը, թե՝ «Հիսուս պապի Տեր Հայրին առողջություն տուր, որ ձայնը չկտրվի, մեզ քո մասին պատմի», ակամայից փշաքաղվում ու հասկանում ես, որ մանուկներից կարելի է միայն բարին ու մաքուրը սովորել:

Ո՞վ է Նա: Այո՛, Տեր Հայր: Տեր Ղազարն է: Մարդ և հոգևոր հովիվ, ում մոտ շտապում են զղջացող ոտնաձայներ, ապաշխարության պատրաստ շուրթեր, բարի գործելու պատրաստ ձեռքեր, ողորմածություն խնդրող արցունքախառն աչքեր: Տեր Ղազարի միջնորդությամբ օրհնվում են ամուր ընտանիքներ, հայը չկորցնելով իր դիմագիծը՝ մկրտվում է քրիստոնյա՝ Սուրբ Հոգուց ու ջրից:
Անձնուրաց ծառայելով՝ Տեր Հայրը իր շուրջն է համախմբում երիտասարդներին, ովքեր այսօրվա սյուներն են ու վաղվա նոր հիմքը:
Նա Քահանա է: Տեր Հայր և իր ընտանիքում: Ընտանեկան պարզ ճշմարտություն. Նա Հայր է և՛ զավակների, և՛ հավատացյալների: Կային, կան ու դեռ շա՜տ կլինեն վեր կարկառված և աղոթող ձեռքեր: Եվ դա նաև նրա ու նրա նման շատ հոգևորականների շնորհիվ:

Մարդ, ով շատերի ներաշխարհն է փոխել, հոգևորական, ով Աստծունն է և քոնը:
















Մարիամ Մարիկյան
Տիգրան Լորսաբյան
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» 
մրցույթի շրջանակներում:

3 արտահայտվիր:

Blog News said...
2/21/14, 8:20 AM

Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

Srk. said...
3/11/14, 7:41 PM

Ահավասիկ այս նյութի մեկ այլ տարբերակը՝ լուսանկարների ավելի հարուստ ընտրանիով՝ http://bifacephotography.blogspot.fr/2014/03/1.html

Srk. said...
3/15/14, 9:28 PM

http://bifacephotography.blogspot.fr/2014/03/2.html

http://bifacephotography.blogspot.fr/2014/03/3.html

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...