22.2.14

ՄԵՐ ՆՈՐ ՀՈԳԵՎՈՐ ՀՈՎԻՎԸ

Արդեն մեկ շաբաթ է անցել այն օրից, ինչ այն մարդը, ում մասին գրելու եմ, քահանա է ձեռնադրվել:
Տեր Ներսես Խանանյանի հետ ես ծանոթացել եմ դեռևս այն ժամանակ, երբ նա սարկավակ էր և կրում էր Դանիել անունը:
Տեր Ներսեսը միշտ ակնածանք է առաջացրել մեզ մոտ: Չափազանց բարի, հասկացող ու անկեղծ մարդ, որն անբողջությամբ նվիրված է Աստծուն և իր կոչումին: Ամեն անգամ նրան տեսնելուց սիրտս լցվում էր մի անբացատրելի զգացումով: Ուրախ էի մտքից, որ մեր եկեղեցին ունի այդպիսի սպասավորներ: Սակայն չէի համարձակվում մոտենալ և խոսել նրա հետ:
Ես երբեք չեմ մոռանա այն օրը, երբ առաջին անգամ զրույցի բռնվեցի Տեր Ներսեսի հետ: Այն տևեց մի քանի ժամ: Ժամերն անցնում էին, իսկ ես չէի ուզում ընդհատել նրան: Առաջին իսկ զրույցի ժամանակ ես պատմեցի իմ ամենանվիրական ու թանկ ապրումների մասին: Այդպես երևի միայն հոգևոր հորս հետ էի կարողանում անկեղծանալ: Հիմա նաև Տեր Ներսեսի: Դժվար է բառերով նկարագրել այն ապրումներն ու զգացումները, այն հոգևոր թռիչքը, որն ես ապրեցի Տեր Հոր հետ առաջին անգամ խոսելիս:
Տեր Ներսեսը կարողանում է լսել, հասկանալ և բարի խոսքերով ու խորհուրդներով ուղորդել քեզ: Նրա շնորհիվ ես ոչ միայն հոգեպես զորանում եմ, այլ նաև հարստացնում իմ գիտելիքները: Տեր Հայրն ինձ հաճախ է խորհուրդ տալիս կարդալ այս կամ այն գիրքը: Հենց այդ ընթերցումների ու նրա հետ շփման շնորհիվ է, որ ես կարողացա շատ հարցերի պատասխաններ ստանալ ու կատարելագործվել իմ հոգևոր գիտելիքների մեջ:
Նայելով Տեր Ներսեսին, զգում ես այն անկեղծությունն ու անսահման սերը իր հավատավոր հոտի հանդեպ, որն այդքան կարևոր է հոգևորականի համար: Մի մարդ, որն իր հոգու լույսով ջերմացնում է բոլորին: Նրա համար ամենամեծ բերկրանքը Աստծուն և մարդկանց ծառայելն է: Նա անշահախնդիր ու անվերադարձ բաժանում է իր մեջ ամբարված Աստվածային սերն ու բարությունը:
Տեր Ներսեսն ոչ միայն կարող է կիսել քեզ հետ քո վիշտը, այլ նաև անկեղծ սրտով ուրախանալ քո ձեռքբերումներով ու հաջողություններով:
Ես միշտ էլ համոզված եմ եղել, որ նա հրաշալի հոգևոր հովիվ կլինի: Փետրվերի 9-ը դարձավ կարևոր օր ոչ միայն Տեր Հոր, այլ նաև Մոսկվայի հավատավորներիս համար:
Ես իմ աղոթքն եմ ուղղում Աստծուն և խնդրում, որ Նա ուժ ու զորություն տա Տեր Ներսեսին իր դժվարին և կարևոր ծառայության մեջ:
Աստղիկ Մարտիրոսյան
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» 
մրցույթի շրջանակներում:

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...