14.2.14

ԵՍ ՍԿՍԵՑԻ ԻՐԱՊԵՍ ՀԱՎԱՏԱԼ

Դեկտեմբերյան ցուրտ օրերից էր: Մռայլ էր Փարիզը իր ողջ շքեղության մեջ: Փարիզյան տխուր տրամադրությունը պատել էր նաև ինձ: Մեր սիրելի Հայր Սուրբը մեկնում էր, ետ էր վերադառնում Մայր Աթոռ:
Քայլում էի մտազբաղ. ո՞վ պետք է իրեն փոխարինի, ո՞վ պետք է կարողանա գալ և նորից գրավել փարիզաբնակ խստապահանջ հայ հասարակության սրտերը: Այս մտքերի մեջ էի, երբ հասա Մայր եկեղեցի: Օրը շաբաթ էր, եկեղեցում քիչ հավատացյալներ կային: Աղոթեցի և մտա առաջնորդարանի քարտուղարություն: Հայր Սուրբը իր սենյակում էր, իրերն էր հավքում: Երբ հայտնեցի մտավախությունս, նա թեթև ժպտաց և ասաց.
- Անահանգստությունդ անտեղին է, ես ժամանակավորապես էի այստեղ, միևնույն է մի օր գնալու էի, իսկ նա, ով պիտի գա, թերևս ինձնից արժանի պիտի լինի:
Ես ժպտացի: Ինձ թվաց, նա ընդամենը մխիթարում է ինձ . չէ՞ որ նրա շնորհիվ էր, որ ես սկսել էի այցելել եկեղեցի` Պատարագներին:
Բայց այն ինչ լինելու էր, վեր էր իմ սպասածից:


Նոր Տեր հայրի հետ առաջին հանդիպումը կայացավ: Արտաքնապես ոչ մի արտասովոր բան չկար. աշխատանքիս բերումով շատ հոգևորականների էի հանդիպել, լինելով նաև արվեստաբան-հնագետ շատ գործող ու կիսավեր եկեղեցիներ էի այցելել և, ինչպես շատ նման ուսումնասիրողներ, հավատքին նայում էի զուտ կրոնի, պատմության և արվեստի տեսանկյունից: Սակայն այն ինչ զգացի այս երիտասարդ քահանային հանդիպելով, բոլորովին այլ էր: Արտաքուստ աշխույժ էր, աշխատասեր, ամեն բան հասցնող, բոլորին հասնող, բոլորի խնդիրները լսող և ուղղություն ցույց տվող, ամեն ինչի ժամանակ ուներ և գեղեցիկ ընտանքի հայր էր: Մի խոսքով այն ինչ հարիր էր հոգևորականին, բայց սա չէր, որ ինձ գրավեց: Առաջին իսկ հանդիպումից զգացի հոգևոր անսահման հանգստություն և, ամենակարևորը, նրա մեջ տեսա ոչ թե միայն Հայ Առաքելական Եկեղեցուն ծառայող, այլ Քրիստոսի իրական հավատքով և Քրիստոսի սիրով առաջնորդվող մի խոնարհ հոգևորականի: Երբ սկսեցի լսել նրա Պատարագն ու քարոզները, հասկացա, որ դրանք դարերից եկած ավանդույթի ուժով չէ միայն, որ կատարվում են, այլ Աստծուն անկեղծ հավատացողի հավատքով ոգեշնչված Պատարագներ են: Հոգևոր զրույցներից հետո, որ տեղի էին ունենում յուրաքանչյուր հինգշաբթի, ես սկսեցի այլ կերպ նայել կրոն-հավատք համադրությանը, սկսեցի այլ կերպ հասկանալ Աստվածաշունչը: Աստծո խոսքը մուտք գործեց այրանս մեջ: Ես սկսեցի իրապես հավատալ: Կյանքս վերափոխվեց:

Նախորդ Հայր սուրբ ինձ ուղղորդեց դեպի Եկեղեցի, իսկ նոր Տեր հայրը` դեպի իրական Քրիստոսը և քրիստոնեական հավատքը, որի համար անսահաման շնորհակալ եմ:
Վերոհիշյալ Տեր հայրը, Տեր Հուսիկ քահանա Սարգսյանն է:

Հ.Գ. Մտավախությունս, իրոք, անտեղի դուրս եկավ, փարիզահայությունը ընդունեց և սիրեց նրան:

Ներկայումս մեր համայնքի անդամներից մեկը լուրջ առողջական խնդիր ունի, բոլորս աղոթում ենք նրա համար: Բայց, այնուամենայնիվ, ես խորապես հավատում եմ, որ հատկապես Տեր Հուսիկի աղոթքները տեղ կհասնեն, իսկ երեցկնոջ օգնելու անսահաման ջանասիրությունը իր արդյունքները կտան: Եվ Հրաշքը տեղի կունենա:

Արևիկ Պարսամյան
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» 
մրցույթի շրջանակներում:

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...