21.2.14

ՏԵՐ ԳՐԻԳՈՐ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆԸ

Ինչպե՞ս ճիշտ սկսել Աստծով ապրելու իմ պատմությունը: Մի անգամ ես եկա եկեղեցի՞: Թե՞ մի անգամ Աստված ինձ բերեց իր մոտ: Երևի երկուսն էլ: Հոգևոր կյանքում անհրաժեշտ են Աստծո կամքն ու մարդկային ցանկությունը: Եվ այսպես, մի օր ես հայտնվեցի Մոսկվայի Սուրբ Հարություն եկեղեցում:
Հենց այդ ժամանակ էլ ես նկատեցի մի մարդու, ում անունը Մհեր Բեկնազարյան էր ( հիմա արդեն` Տեր Գրիգոր):
Ես տեսել էի, որ նա բարձրանում է Խորհան, և որոշեցի նրան խնդրել պատմել Սուրբ Պատարգի մասին: Զարմացած էի, թե ինչ եռանդով և ոգևորվածությամբ էր պատմում իր ծառայության, եկեղեցու և Սուրբ Գրքի մասին: Զրույցի ավարտին Տեր Գրիգորն ինձ առաջարկեց դառնալ Հայ Առաքելական Եկեղեցու «ՆՈՒՌ» երիտասարդաց միության անդամ:

Այդ օրվանից նա ինձ համար դարձավ ոչ միայն վստահելի ընկեր, այլ նաև լավ խորհրդատու: Մեր ծանոթությունից մեկ ամիս անց ես դիմեցի նրան կարևոր հարցով: Ես ցանկանում էի ունենալ Հոգևոր Հայր: Վայրկյան անգամ չվարանելով, նա տվեց մեր թեմի տարիքով ամենամեծ և, ինչպես ինձ էր թվում, ամենախիստ քահանայի` Տեր Մարտիրոսի անունը: Հաջորդ օրը կայացավ իմ առաջին անհատական խոստովաությունը: Ես շնորհակալ եմ Տեր Գրիգորից, որ նա ծանոթացրեց ինձ իմ հոգևոր հոր հետ:
Բոլոր նրանք, ովքեր շփվում էին Տեր Գրիգորի հետ, համոզված էին, որ նա հրաշալի քահանա կդառնա: Նա խոսում էր միշտ այնքան վստահ, պարզ և հասկանալի, որ ոչ ոք չէր կարող հակառակվել նրան: Նրա հետ զրույցների ժամանակ դու զգում ես, թե ինչպես է հոգիդ լցվում ու հարստաում ինչ-որ անբացատրելի զգացումով, իսկ դու էլ ավելի ես հաստատվում հավատքիդ մեջ:
Փետրվարի 9-ը Մհեր սարկավագի հոգևոր ծառայության ամենակարևոր օրերից մեկն էր` նրա ձեռնադրության օրը: Կիրակնօրյա Պատարագի ժամանակ նրան և մեկ այլ հրաշալի սարկավագին` Դալիելին, ձեռնադրեցին ամուսնացյալ քահանա: Հիմա նրանք կրում են Հայ Եկեղեցու սրբեր՝ Գրիգոր Լուսավորչի և Ներսես Մեծի անունները:
Շատերն այդ օրն առաջին անգամ ներկա գտնվեցին Հայ Առաքելական Եկեղեցու սրբալույս Խորհուրդներից մեկին: Մենք դժվարությամբ էինք պահում արցունքները: Չէ ո՞ր ամհամբեր սպասում էինք այդ օրվան: Հիմա մենք դիմում ենք նրան այսպես. «Օրհնեցե՛ք, Տեր Գրիգոր»: Մեկ շաբաթ անց արդեն զգացվում են նրա հոգու մեջ կատարվող փոփոխությունները: Նա ամբողջությամբ լցված է Աստուծո շնորհներով: Կարծես լիովին աննյութական է դարձել: Շնչում և ապրում է Աստծո խոսքերով:

Թող Աստված պահպանի նրան, օգնի հաստատ լինել իր կարգում: Իսկ մենք` նրա հոգևոր զավակները, միշտ կհիշենք նրան մեր աղոթքներում` խնդրելով Աստծուն ամրացնել նրա ոգին և լցնել նրա սիրտը հույսով, հավատով ու սիրով:

Սոնա Մկրտումյան
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» 
մրցույթի շրջանակներում:

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...