20.2.14

ՆԱՀԱՏԱԿ ՔԱՀԱՆԱՅԻ ՇՈՒՆՉԸ

Ամեն մեկը հավատքին գալու իր պատմությունն ունի: Այսօր երջանիկ ենք այնքանով, որ մեր հայրենիքում ազատ ենք եկեղեցի գնալու,Սուրբ Պատարագին մասնակցելու,ամեն ժամ և ամեն տեղ Աստծուն փառաբանելու …
21-րդ դարում ապրողին դժվար է պատկերացնել, որ դեռևս ոչ հեռու անցյալում այս ազատությունն անիրականանալի երազանք էր շատերի համար: Երազանք էր քահանայի դստեր համար Ժամ գնալը, այնքան բաղձալի, որ երեխաներից թաքուն, չորսամյա թոռան ձեռքը բռնած, շտապում էր եկեղեցի: 20-րդ դարի կեսն էր, մանկան համար անհասկանալի էր սիրելի տատի հուզմունքն ու աղոթքը, հասկացավ հետո…
Հասկացավ, պատմեց թոռներին, որ իմանան ինչ ունեն հիմա և առժեքը չեն գիտակցում: Պատմեց մի նահատակ քահանայի պատմություն, ում շունչը կրողն էր ծնունդով: Խորհրդային տարիներին Գեղանուշ գյուղի վերջին քահանայի մասին էր խոսքը: Քահանայի, ում աչքի առաջ ոչնչացվեց եկեղեցու սրբությունը, ում խոշտանգելով ստիպում էին Աստծուն ուրանալ: Երեխաներից մի քանիսին կորցրած Տեր Հայրը, ավելի մեծ ցավ ապրեց հայ զավակների հոգիների կորուստը տեսնելով: Մտքում անդադար կրկնում էր. «Տեր ողորմեա, չգիտեն ինչ են անում»: Նույնն էր կրկնում, երբ անաստվածների հերթական հարձակումից լուրջ վնասված, անկողին ընկավ:

Վերջին փորձությունն էր այս աշխարհում, անգութ թշնամին ուզում էր հաղթել, անընդհատ շշնջալով՝ արդարություն չկա, հավատացողի հույսը զուր է, սեր չի մնացել մարդկանց մեջ: Բայց մինչև վերջ համբերողն է հաղթանակում՝ առ մեր Տերն Հիսուս Քրիստոսն ունեցած հավատքով, հավատում էր Տեր Ղևոնդ քահանա Տեր-Ավագյանը, որ Տիրոջ ողորմածությամբ կգա ժամանակ և իր երկրի զավակները կրկին կդառնան նախնյաց հավատքի կրողը և ամենակալ Աստծուն փառաբանողը:
Կարծում եմ Տեր Ղևոնդի աղոթքներով է, որ այսօր դարձել եմ Հայ Առաքելական Մայր եկեղեցու զավակ:
Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն , այժմ և միշտ և հավիտեանս հավիտենից . ԱՄԵՆ:


Հասմիկ Հակոբյան
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» 
մրցույթի շրջանակներում:

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...