15.2.14

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ - ՏԵՐ ԳԵՂԱՄ ԱՎԱԳ ՔՀՆ ՔԵՍԱԲԼՅԱՆ

Նա քահանա է, սակայն նրա մասին խոսելիս այսքանով սահմանափակվելը սխալ կլինի: Տեր Գեղամ ավագ քհն Քեսաբլյանն իսկական հայ մարդու, ընտանիքի հոր, եղբոր, ընկերոջ և բարի հովվի կերպար է: Աստվածային նախախնամությամբ Տեր Հոր հետ ծանոթացա 2001թ., երբ նոր էր նշանակվել Փարաքարի Սբ. Հարություն եկեղեցու Հոգևոր Հովիվ: Այդ իրադարձությունը հանգեցրեց ոչ միայն փարաքարցիների, այլև իմ անձնական հոգևոր կյանքի շրջադարձին: Տեր Հոր շնորհիվ եկեղեցին իմ առջև բացվեց նորովի: Այն արդեն երբեմնի մանկական խաղահրապարակ (մեր տունը եկեղեցու փողոցին էր) կամ մոմավառության սրահ չէր, ուր մորս ու տատիս հետ այցելում էինք, այլ բացարձակ մի նոր իրականություն, որով մարդիկ ապրում և շնչում են: Այդ զգացողությունը և Տեր Հոր սիրալիր հրավերը ստիպեցին ինձ հաջորդ իսկ օրվանից անցնել կամավոր ծառայության: Անցել է շուրջ 13 տարի, և այս տարիների մեջ Տեր Հայրը ինձ ու ծառայակից ընկերներիս ավետարանի խոսքի և եկեղեցու փորձի հիմքի վրա կազմավորել, հայրական սիրո հրով թրծել, իսկ վերջում կարոտագին բաժանվել է մեզանից: Նրա ամեն մի խոսքը, մեկը մյուսին հետևող տրամաբանական գործողությունները, անգամ նրա խոսելաձևն ու վարվելակերպը դիմացինի հետ ուսուցողական են: Այսպիսի մարդկանց համար մասնագիտական գրականություն ունի «դպրոց» տերմինը, և ես ուրախ եմ և հպարտ, որ նրա «դպրոցի» շրջանավարտներից եմ եղել:

Տեր Հայրը ոչ միայն լավ ուսուցիչ կամ քահանա էր ինձ համար, այլև հիանալի հոգեբան: Չգիտեմ ինչպես էր դա նրա մոտ ստացվում ստացվում, բայց երբ տխուր էի` հեռախոսս զանգում էր, մենակ էի` որտեղից որտեղ շտապ կանչում էր եկեղեցի, երբ խոսելու կարիք ունեի` առաջինն ինքն էր սկսում: Երբ դիմում էի ինչ որ խնդրով, լուծումն արդեն իսկ գտված էր` ամեն անգամ յուրօրինակ և տարբերվող մեթոդներով: Նա իմ հոգևոր ծնողն է, ավագ եղբայրը, ընկերը, իմ ընտանիքի բարեկամն ու խորհրդատուն:

Սիրելի՛ Տեր Հայր, երբ տեղեկացա այս մրցույթի մասին, առաջինն անշուշտ Ձեր մասին մտածեցի, սակայն չէի համարձակվում գրել երկու պատճառով. նախ չգիտեի որտեղից և ինչպես սկսել, և երկրորդ, շատ լավ գիտեմ, որ չեք խրախուսում Ձեր հանդեպ նմանատիպ գործողությունները: Սակայն ընդունեք տողերս իբրև համեստ նվեր Սբ. Ղևոնդյաց քահանայից տոնին: Թո՛ւյլ տվեք այսօր ի լուր աշխարհի հայտարարել իմ որդիական սերն ու նվիրվածությունը Ձեզ: Շնորհակալ եմ Աստծուց, որ ունենք Ձեզ, շնորհակալ եմ, որ միշտ մեզ հետ և մեր կողքին, շնորհակալ եմ իմ, ընտանիքիս և մեր մեծ համայնքի անունից, շնորհակալ եմ:

Արմեն սրկ. Սարգսյան
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» 
մրցույթի շրջանակներում:

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...