19.2.14

ԻՄ ԼՈՒՍԱՎՈՐԻՉԸ

«Բարձրյալին քեզ ապավեն դարձրիր. 
չարիքը չի հասնի քեզ, եւ տանջանքները 
չեն մոտենա քո տան հարկին» (Սաղմ. Ղ 9-10):

Արդեն բավականին ժամանակ էր, ինչ մեր ընտանիքում կարծես ամեն ինչ խառնված լիներ՝ տարատեսակ փորձանքներ ու փորձություններ, օրեցօր ի հայտ եկող նորանոր խնդիրներ, դժվարություններ, ընդհանուր լարվածություն... Այնպիսի տպավորություն էր, որ ինչ-որ դիվային ուժեր խաթարում էին մեր անդորրն ու առօրյան: Օրհասական էր դարձել մեր ընտանիքում ու բնակարանում հոգևոր խաղաղությունը վերականգնելը, և ես մեր տուն հրավիրեցի Արժանապատիվ Տեր Դանիել Քահանա Բաղումյանին՝ Սուրբ Հովհաննես եկեղեցուց, որպեսզի մեր տանը տնօրհնեքի կարգ կատարի: Տեր Դանիելի մուտքը մեր օջախ բեկումնային էր բոլորիս համար. նրա շունչն ու հոգին կարծես մտավ մեր ընտանիք, ներթափանցեց ու հոգևոր լույս սփռեց յուրաքանչյուրիս հոգու մեջ: Աննկարագրելի մի զգացում էր՝ Տեր Դանիելի յուրաքանչյուր բառ մոգական ուժով թոթափում էր ուսերիս ծանրացած բեռը, ամոքում ցավերս ու խորհրդավոր խաղաղություն սփռում: Նախկինում երբևէ որևէ քահանայի խոսք այդքան հասու չէր եղել և այդքան հզոր: Տեր Դանիելն անժխտելի դեր ու առաքելություն ունեցավ մեր ընտանիքի հոգևոր կյանքում. նրա շնորհիվ մենք դարձանք հայ առաքելական եկեղեցու նվիրյալ: Տեր Հայրը դստերս ու որդուս ներգրավեց Սուրբ Հովհաննես եկեղեցու երիտասարդաց միություն և սկսեց զբաղվել զավակներիս հոգևոր դաստիարակությամբ: Իսկ ես որոշ ժամանակ անց Տեր Դանիելի և մի շարք ուխտավորների հետ մեկնեցի Երուսաղեմ: Այդ ուխտագնացությունը, թերևս, կյանքիս ամենատպավորիչ պահերից էր. Սուրբ քաղաքում լսում էի իմ հոգատար Տեր Հոր քարոզը, նրա խրատներն ու խորհուրդները և մի անբացատրելի զգացում էր համակում ինձ՝ այնպիսի մի գերբնական ուժ էի ստանում, որ կարծես վերածնվեի ու մաքրվեի: Վերադառնալով Երուսաղեմից՝ տպավորություններս կիսեցի ընտանիքիս անդամների հետ, և դեռ հոգևոր ճանապարհը թևակոխելու մեկ տարին չբոլորած՝ դուստրս մեծ ցանկություն հայտնեց՝ մեկնելու Երուսաղեմ, տեսնելու Բեթղեհեմը, Հիսուսի ծննդյան վայրը, Հարություն տաճարն ու մյուս սրբավայրերը: Կրկին անգամ Տեր Դանիելի առաջնորդությամբ մեկնեցինք...

Ուխտագնացությունը ոչ միայն հոգևոր բավարարություն պատճառեց դստերս, այլ նաև նրա համար եղավ ճակատագրական. նա և Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Զինվորյալ Միաբանության ծառայող սարկավագներից մեկը սիրահարվեցին, սկսվեց մի գեղեցիկ սիրո պատմություն ու մեկ տարի անց, ստանալով մեր հովիվ՝ Տեր Դանիելի օրհնությունը, նրանք պսակադրվեցին Սուրբ Հովհաննես Եկեղեցում՝ ստեղծելով հավատացյալ ու եկեղեցու նվիրյալ մի նոր հայկական ընտանիք: Տեր Հայրը հավատացյալներին ընդգրկում է եկեղեցու կյանքում ոչ թե որպես զուտ հավատացյալներ, այլ որպես նվիրյալների մի միասնական ընտանիք՝ իր հոգևոր խորհուրդները ու զորեղ աղոթքները փոխանցելով մեզ: Նա յուրաքանչյուրիս օրինակ է ծառայում, ուղղորդում ու օգնում դժվարություններին դիմակայել Քրիստոսի խոսքերով· «Իմ լուծը ձեր վրայ վերցրէ՛ք և սովորեցէք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ. և ձեզ համար հանգիստ պիտի գտնէք, որովհետև իմ լուծը քաղցր է և իմ բեռը՝ թեթև»: Այլևս չեմ պատկերացնում իմ կյանքն առանց հոգևոր սննդի, նրա խորհուրդների ու ներկայության, որը ստանում եմ Տեր Դանիելից: Նա դարձել է մեր ընտանիքի անդամը, մեր հոգևոր առաջնորդը, մեր լուսավորիչը: Յուրաքանչյուր կիրակի հաճախում եմ եկեղեցի, պատարագից հետո օրհնություն ստանում Տեր Դանիելից և թեթևացած հոգով, սիրո ու բարության նոր լիցքեր ստացած վերադառնում տուն ու այդ շունչը փոխանցում ընտանիքիս ու ընկերներիս: Առաջն Աստված, Տեր Դանիելին առողջություն, նա ընդմիշտ կլինի մեր հոգևոր հովիվը:

Եկե՛ք աղոթենք մեր բոլոր հոգևորականների համար, քանզի նրանք էլ աղոթում են մեր փրկության համար:

Մարինե Զարգարյան
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» 
մրցույթի շրջանակներում:

3 արտահայտվիր:

Анонимный комментирует...
19.02.2014, 18:03

Mecatarov mard) Astvac pahapan mer sireli Ter Danielin)

Анонимный комментирует...
20.02.2014, 12:34

Im hamar shat canot mi entaniki patmutyun.. vor shat harazat en im hamar... tox astvac al aveli orhni cer entanik... cez shat em sirum

Erik arakelyan комментирует...
20.02.2014, 20:57

Եզակի հոգևորական, հիանալի անձնավորություն: Աստված պահապան Տեր Դանիելին և իր գեղեցիկ ընտանիքին:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...