21.2.14

ՆԱ ՔԱՀԱՆԱ Է - ՏԵՐ ԱՐԱՄ ՔՀՆ. ՂԱԶԱՐՅԱՆ

Նա քահանա է, իսկ երբ ծանոթացանք դեռևս սարկավագ էր. Սեյրան սարկավագը…
Մարդկային եզակի որակով ու հատկանիշներով օժտված մի մարդ, Աստծուն ծառայելու յուրահատուկ նվիրում ու ավյուն ունեցող հոգևորական, բառիս բուն և լայն իմաստով հոգևորական…
Երկար մտածում էի, թե ինչպես ճիշտ բնորոշել Տեր Հորը. նրբանկատ է, նկատում է այն, ինչ շատերը լայն բացած աչքերով էլ չեն տեսնի, համեստ է դրսևորումներում, անմիջական և ջերմ՝ շփման մեջ, լիասիրտ եռանդուն և անձնվեր՝ մարդկանց հոգևորապես օգնելու և Աստծուն առաջնորդելու գործում, դե իսկ նրա հումորի արտակարգ սուր զգացումի մասին նույնիսկ ավելորդ է խոսել. մեծ գիտակ է այդ հարցում… Նրա մասին կարելի է երկար խոսել, բայց ես կարճ կլինեմ, որովհետև չեմ կարծում, թե որևէ դեպքի պատմություն կամ որևէ բառ կասի նրա մասին ավելին, քան աստվածաշնչյան այն խոսքը, որը շատ տեղին է այս պարագայում. «Ծառը պտղից է ճանաչվում»։ Անհնար է ասել «Մանանա» (խոսքս «Մանանա» երիտասարդական-քրիստոնեական ծրագրի մասին է) և չհիշել Տեր Արամին, ով այս ծրագրի հիմնադիրներից է։ «Մանանա»-ի միջոցով շատ երիտասարդներ իրենց ուղին գտան և դեռ գտնում են դեպի Մայր Եկեղեցի, դեպի Աստված։


Տեր Արամ, «Մանանա»-ն Ձե´ր և այս գործում Ձեզ աջակից մարդկանց պտուղն է։ Մանանացիները հաճախ են պատմում իրենց կյանքի դրական փոփոխությունների մասին. այս փոփոխությունները նաև Ձե´ր պտուղն են… Դուք բազմաթիվ մարդկանց համար եղել եք և հիմա էլ շարունակում եք լինել օրհնաբեր ծանոթությունների ու ընկերությունների կամուրջ. ինձ համար այդպիսի օրհնություններ են Ձեր միջոցով իմ սիրելի Տեր Հուսիկին ու նրա ընտանիքին ճանաչելը, մանանայի իմ հրաշալի ընկերներին ձեռք բերելը… Աստծուն մոտեցնող այս կամուջները ևս նո´ւյն «ծառի» պտուղն են… պտուղները կարելի է երկար թվել… ու հենց դրանք, ավելի քան որևէ բառ, նկարագրում են այս «ծառը», այս բարի պտուղ բերող «ծառը»՝ մեր քահանային, մեր Տեր Արամին


Քնարիկ Հովհաննիսյան
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» 
մրցույթի շրջանակներում:

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...