22.2.14

ՔՐԻՍՏՈՍԻ ԼՈՒՅՍԸ ՏԱՐԱԾՈՂԸ

«Յիշեցնում եմ քեզ, որ վերարծարծես Աստծու շնորհը, որ տուի քեզ՝ 
իմ ձեռքերը դնելով քեզ վրայ, որովհետեւ Աստուած մեզ երկչոտութեան ոգի չտուեց, 
այլ՝ զօրութեան, սիրոյ եւ զգաստութեան»։

Սուրբգրային այս տողերը միշտ վրիպել են իմ ուշադրությունից: Սկսեցի նկատել դրանք միայն վերջերս: Դա պատահեց այսպես….

Իմ պատմությունը...

Երբ ծառը կտրում են իր արմատից, այն սկսում է թոշնել ու մահանալ: Այդպես էլ մարդն է: Չի կարող ապրել լիարժեք, երբ նրան կտրում են հայրենի հողից: Եվ ահա մի օր ես ինքնակամ պոկեցի ինձ հայրենիքիցս և մեկնեցի Մոսկվա: Միայն տարիներ հետո ես հասկացա, որ իմ այս քայլն անհրաժեշտ էր ոչ միայն ապագայիս` երկրային բարիքների, այլ նաև հոգևոր զարգացմանս համար:
Մասնագիտությանս բերումով Երևանում ես հնարավորություն չունեի ամեն կիրակի հաճախել եկեղեցի: Իհարկե, ընկերներիս հետ պարբերաբար գնում էինք Էջմիածին, երբեմն մորաքրոջս հետ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում մասնակցում Սուրբ և Անմահ Պատարագին: Սակայն ես նման էի մի մարդու, ով կարող է գեղեցիկ ու երկար խոսել Աստծո մասին, բայց չխոսել Նրա հետ: Մոսկվայում ես հնարավորություն ստացա վերանայել և փոխել կյանքս:


Արդեն երեք տարի էր, ինչ ապրում էի այստեղ, բայց Սուրբ Հարություն եկեղեցի հազվադեպ էի գնում: Մի օր էլ ծանոթացա եկեղեցական երգչախմբի աղջիկներից մեկի հետ: Հենց նա էլ ինձ ներկայացրեց եկեղեցու հավատավորներին: Հիմա ես դժվար եմ պատկերացնում իմ կյանքն առանց այդ մարդկանց: Նրանց մեջ էր նաև Տեր Առաքել Ամիրյանը:
Ես պատմությունս սկսեցի Պողոս Առաքյալի խոսքերը մեջբերելով: Հենց զորության, սիրո եւ զգաստության ոգին է տրված Տեր Առաքելին: Շնորհիվ այդ սիրո ու զգաստության ուժի, ես կարողացա գտնել իմ հանգիստը, խաղաղութույնն ու բերկրանքը Աստծո հետ լինելու շնորհից:
Մարդուց, որը ժամանակ առ ժամանակ եկեղեցի է հաճախում, մինչև այն անձը, ով չի կարող չգնալ եկեղեցի, դժվար ճանապարհ է պետք անցնել: Այս ուղղու ընթացքում անհրաժեշտ է մեկը, ով կկարողանա օգնել քեզ, ուղղորդել քո հոգևոր կյանքում: Այդպիսին է ինձ համար Տեր Առաքելը: Ամեն անգամ, երբ փորձում եմ նկարագրել նրան, հիշում եմ Ռուս Ուղղափառ եկեղեցու հայրերից մեկի խոսքերը ճշմարիտ խոստովանահոր, քահանայի մասին ու հասկանում, որ ես ավելին ասել չեմ կարող: Մի քիչ փոփոխելով դրանք, ես այսպես կասեմ: Տեր Առաքելը սովորեցնում է մեզ խոսել Քրիստոսի հետ, ապրել ոչ միայն երկրային բարիքներով, այլև երազել Երկնային Արքայության մասին: Նա ունակ է տեսնել մարդկանց սրտերը: Մեր Հոգևոր Հովիվը համեստ է և անմիջական, իսկ նրա շուրջը բոլորն հանգիստ են և խաղաղ:
Մենք հաճախ ենք մեջբերում Սուրբ Գիրքը, խոսում հնազանդության, սիրո մասին: Բայց արդյո՞ք լիովին հասկանում ենք այս բառերի իմաստը: Ապրու՞մ ենք այն կյանքով, որի օրինակը մեզ ցույց տվեց Քրիստոս: Ես չգիտեմ` կկարողանամ արդյոք հետևել Փրկչի օրինակին: Մի բան է հստակ: Եթե իմ դժվարին ուղղու մեջ հասնեմ որևէ հաղթանակի, դա կլինի միայն Տեր Առաքելի շնորհիվ: Եկեղեցու հայրերը հաճախ են գրում խոտովանահոր դերի մասին մարդու կյանքում: Նկարագրել Տեր Առաքելի դերն ու նշանակությունն իմ կյանքում անհնար է: Մի անգամ ընկերուհիս ասաց, որ ցանկանում է, որ ապագա ամուսինը իր ձեռքը խնդրի ոչ միայն հարազատներից, այլև խոստովանահորից: Անկեղծ ասած, այդ ժամանակ, ես չհասկացա նրան: Իսկ հիմա շատ լավ եմ հասկանում: Գիտեք, հանգամանքների բերումով ես հորս չեմ տեսել: Տեր Առաքելն ինձ համար դարձավ հայր, որին սպասում էի երկար տարիներ: Հիմա ես շատ եմ ուզում, որ իմ ձեռքը խնդրեն Տեր Առաքելից:
Մի անգամ Տեր Հայրն ասաց` ավելի մեծ ուրախություն չկա, քան տեսնել, թե ինչպես են իր երկու փոքրիկները «Հայր Մերն» ասում: Մենք` Մոսկվայի երիտասարդներս, նման ենք երեխաների, ում պետք է օգնել ու առաջնորդել:
Հուսամ՝ մի օր էլ, նայելով ինձ, Դուք՝ Տեր Առաքել, կուրախանաք, որ մանչուկը սովորել է քայլել…


Մարիամ Պողոսյան
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» 
մրցույթի շրջանակներում:

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...