16.2.14

ՀԱՅՐ ՍՈՒՐԲԸ ԱՂՈԹՈՒՄ Է...

Լուսադեմ էր. լուսինը կամաց-կամաց իր դիրքերն էր զիջում: Երկնքի կապույտ ստվերները միաձույլ էին լեռնագագաթներին: Համատարած լռությունը մերթընդմերթ ընդհատվում էր գետի աղմկոտ հոսքից, մեղմ քամին իր հետ բերում էր լեռնային թարմ շունչը: Գիշերային ահագնացած ամպ-երկինքը և հորդառատ անձրևը տարածքի միակ ծառի՝ տանձենու մի քանի ճյուղեր էր պոկել, որ անկանոն ընկած էին այս ու այն կողմ: Ամեն ինչ կուսական էր, բնության մեղեդին՝ միահունչ, ամեն ինչ Աստվածադիր էր, նույնիսկ վանական համալիրը, որ այնքան խոսուն էր միջավայրի հետ ու դաջված լեռներին:
Եդեմական խաղաղությունն ընդհատվեց դռան ճռռոցից. միջնադարյան հնամենի համալիրի նեղլիկ դռնից դուրս եկավ Հայր Սուրբը և արագ-արագ քայլերով ուղղվեց դեպի դարպասները: Մեծ ճիգեր գործադրելուց հետո երկաթյա ծանր դարպասը բաց արեց, որի հետևում կանգնած ուխտավորներն աղոթք-օրհնություններով լցրեցին վանքը:

- Օրհնյա Տեր, Աստված օգնական, Հայր Սուրբ ջան, վանքը շենացավ, փառք քեզ Տեր:

Այս խոսքերին ի պատասխան Հայր Սուրբը, ձեռքը հատիկ-հատիկ դնելով նրանց գլուխներին, իր օրհնությունն էր բաշխում: Ուխտավորները ողջ գիշերվա ճանապարհ էին անցել և ահա ճիշտ ժամին հասել էին Տաթևի վանք: Ժամերգությունն սկսվեց. Գիշերային, Առավոտյան, Արևագալ…հրաշալի է, աղոթքին զուգահեռ լուսավորվում է եկեղեցին, արևն արդեն իր տեղում է, ճառագայթները լուսավորում են Տաճարի անկյունները, լուսավորվում են նաև ուխտավորների հոգիները: Հայր Սուրբն աղոթում է. աղոթում է ջերմագին, սիրով, եռանդով…

Ժամերգությունից հետո ուխտավորները վանքի դռներն ու զանգակատան սյուները համբուրելով դուրս եկան եկեղեցուց և տեղավորվեցին սեղանատանը. խեղճերն ամբողջ գիշեր ճամփա էին եկել ու հաց չէին կերել՝ անոթի մտնենք Աստուծո Տուն,-ասոււմ էին նրանք:

Չնայած որ մեկ երկու մանուկ արդեն իրենց մի մի կտոր լավաշ հացը ձեռքներին թռվռում էին վանքի խուցերի մեջ, մյուսներն սպասում էին Հայր Սուրբին, որ գա սեղանն օրհնի ու հաց ուտեն միասին: Եվ ահա ուխտավորներից մեկը որոշեց գնալ Հայր Սուրբին Սեղանատուն հրավիրելու:

Մտավ Տաճար: Հայր Սուրբը Սուրբ Վարդապետի դամբարանի կանթեղը նորոգեց, խաչակնքեց ինքն իրեն, խոնարհվեց ու համբուրեց Սուրբ Խորանը, ապա ծունկի եկավ Սուրբի գերեզմանին և աղոթում էր, ոչինչ լսելի չէր, ճրագի մեղմ լույսի ներքո հազիվ նշմարվում էր դեմքը: Գլուխը մի պահ դրեց գերեզմանին, հառաչեց, լաց եղավ, լուռ էր…գլուխը բարձրացրեց նորից սկսեց աղոթել, ապա մի պահ հայացքը սառեցրեց վերևում, ժպտաց, ոտքի ելավ, սքեմի թևքերով սրբեց աչքերը և կարծես ներքին գոհունակությամբ դուրս եկավ:

Արդյոք ի՞նչ էր նրա հոգում կատարվում, ո՞ւմ համար էր աղոթում, ի՞նչն էր այդքան հուզել Հայր Սուրբին…

Օրվա ավարտին՝ Երեկոյան ժամերգությունից հետո ուխտավորները մեկտեղվել էին վանքի աղբյուրի մոտ և հերթով մոտենում Հայր Սուրբի օրհնությունն էին առնում, վերջին անգամ դառնում դեպի վանքը խոնարհումով խաչակնքում ու դուրս գալիս: Նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում էր իր հոգսերն ու աղոթքներ հայցում.

- Հայր Սուրբ հիվանդ եմ: Հայր Սուրբ աղոթքներիդ մեջ հիշի աղջկաս՝ երկու տարի երեխա չի ունենում: Հայր Սուրբ թոռս բանակում է, աղոթի իր համար: Հայր Սուրբ աղոթի մեր երկրի համար, մեր եկեղեցու համար…


Գևորգ Վարդանյան
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» 
մրցույթի շրջանակներում:

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...