21.2.14

ԱՍՏԾՈ ԿԵՆԴԱՆԻ ՏԱՃԱՐ (ՏԵՐ ԵՐԵՄԻԱ ԱԲԵՂԱ ԱԲԳԱՐՅԱՆ)

Ահա եկան մարգարեները և մարգարեացան աշխարհի փրկչի մասին, հետո եկան առաքյալները և փրկչի մասին կենդանի վկայություն տվեցին: Աշխարհում Աստծո ներկայությունը Սուրբ Հոգին է, որ բնակվում է Աստծո սուրբ տաճարում և մարդկանց հոգիներում: Տեր Հիսուսն ասում է. «Չգիտէ՞ք, որ Աստծու տաճար էք դուք, եւ Աստծու Հոգին է բնակւում ձեր մեջ: Եթէ մէկն Աստծու տաճարն ապականի, Աստուած էլ նրան պիտի ապականի. որովհետեւ սուրբ է Աստծու տաճարը, որը ԴՈՒՔ էք» (Ա ԿՈՐՆԹ. 3:16-17):
Հաճախ տխրում եմ, որ աշխարհի վախճանը գալու է. Տերն ասում է. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ չի անցնի այս սերունդը, մինչեւ որ այս բոլորը կատարուեն: Երկինք ու երկիր կ’անցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնի» (ՄԱՐԿՈՍ 13:30-31), ուստի անխուսափելի է աշխարհի վախճանը, և ես նկարիս մեջ պատկերել եմ աշխարհի մայրամուտը, որտեղ միակ լուսավոր կետը և միակ փրկությունն եկեղեցին է: Երբ ես նոր էի մոտենում Աստծուն, ինձ համար այդ լուսավոր կետը, Սերը, Հույսը, Հավատը զգացել եմ իմ Հայր Սուրբի մեջ, ով ինձ համար Քրիստոսի անմիջական ներկայությունը, Աստծո կենդանի վկայությունը եղավ, Աստծո Սուրբ Հոգին կրող Կենդանի Տաճար (պատկերված է նկարում): Եվ դա այնքա՜ն խորը, այնքա՜ն լուսավոր ու ջերմ, անբացատրելի, բայց միևնույն ժամանակ այնքա՛ն հոգուն ըմբռնելի ապրում է, որը մինչ այդ երբեք և ոչ մի պարագայում չէի զգացել: Դա վերերկրային, աննկարագրելի զգացողություն է, երբ մարդու մեջ Աստծո ներկայությունն ու Սերն ես գտնում, և դա ինձ ամեն անգամ ավելի ու ավելի երջանիկ է դարձնում ու սիրով լցնում:


Թամարա Ներսիսյան
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» 
մրցույթի շրջանակներում:

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...