15.2.14

ԼՌԵՆՔ ` ՔԱՐԵՐԸ ԿԱՂԱՂԱԿԵՆ

ՔԱՀԱՆԱ` ըստ ՄԵԼՔԻՍԵԴԵԿԻ ԿԱՐԳԻ

Մեզ կանգուն պահող,
Մեզ երկինք հանող ձեր աղոթքների սանդուղքը վերում
Լուծված է կաթի քա՜ղցր լույսերում…

ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ
Գովերգ չէ սա, որ շող կորզի
Քահանայի երկնապսակ վարձքից թաքուն,
Այլ աղոթող մի խոնարհում,
Որ հավատի վեմը նրա պահի կանգո՛ւն:


ՕՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Իննսունիննի Ս. Աստվածածնի Վերափոխման Պատարագն էր: Աշխարհգալոցի թափորը հանդիսավոր առաջ էր շարժվում Մալաթիայի «Սուրբ Մայրիկ Աստվածածնում» (ինչպես պատմական Մալաթիացի տատիկներն են ասում): Խաչվառն ու Խաչն իրենց էին ձգում մարդկանց, և բազմությունը ալիք-ալիք խոնարհվում էր սրբության առաջ:
Մի կին` անհաղորդ համբուրելու խորհրդին, մի տեսակ քնեած-թմրած կանգնած էր անշարժ: Մայրավանքից եկած երիտասարդ Հայր Սուրբը (հայտնություն մեր փոքրիկ եկեղեցում ), որ ոչ մեկին չէր զրկում սրբությունից, ինքն ընդառաջ գնաց նրան: Կինն ու օծյալի`առաջ պարզած Ձեռաց Խաչը նայում էին իրար` աչք-աչքի… Ինչ կատարվեց` չգիտեմ, բայց Ձեռաց Խաչին դրոշմած ակամա համբույրից կինն ասես ԿԵՆԴԱՆԱՑԱՎ. մի սքանչելի ժպիտ ծաղկեց նրա դեմքին , գոհունակության մի ալիք ելէջեց կուրծքը, թուլացած իջան հոգսից կծկված ուսերը. կարծես մի ԵՐԳ հնչեց նրա հոգում, և ես ոչ թե լսեցի, այլ ՏԵՍԱ այդ լուռ երգը: Քահանան սրբությամբ ՏԵՍԱՆԵԼԻ ԷՐ ԴԱՐՁՆՈՒՄ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Եվ այդ քահանան Հայր Բագրատն էր:


Կինը մեկն էր քահանայի ճամփեզրի այն ծաղիկներից, որ բարձրացնում է գլուխը և ուղղում թալկացած ցողունը, երբ երկար ծարավից հետո կոկորդը կենարար ցող է ընկնում: Քրիստոսզգեաց քահանան առաջ քայլեց` կրկնելով մեր Տիրոջ եռամյա երկրային ընթացքը`ամեն քայլին ՀԱՅՏՆԻ և ՀԱՂՈՐԴ ԴԱՐՁՆԵԼՈՎ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Եվ երբ հասավ ատյանին ու բեմ պիտի ելներ, նրա քայլերը կապարի պես ծանրացել էին Խաչին, Աջին և շուրջառի քղանցքներինին մարդկանց բարձած աղաչանքներից, համբույր-երկրպագություններից, իսկ մարդիկ` թեթևացած, տաք արցունքի մեջ ժպտուն, նոր շունչ առնելով` պատրաստվեցին Քահանայի հետ ելնելու Ուխտի վերելքի մի նոր ոլորան ևս:

ԸՆԾԱՅԱԳԻՐ
Նվիրում եմ ՈՒՍՈՒՑՉԻՍ ` ՏԵՐ ԲԱԳՐԱՏ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԳԱԼՍՏԱՆՅԱՆԻՆ` կրկնելով դարեր առաջ Գլաձորի կամարների տակ աշակերտի հնչեցրած և մինչև այսօր չգերազանցված երախտիքի խոստովանությունը.
-Ո՛վ դու հոգևոր Հայր, ինչի՞ հետ համեմատեմ քեզ`
արեգակի՞- միայն ցերեկն է լույս տալիս,
աղբյուրի՞- երբեմն այն պղտորվում է,
բազմապտուղ այգո՞ւ- այն խամրում է ձմռան եղանակին…
ՀՈԳԵՎՈՐ ՀԱՑԻ ՍԵՂԱ՜Ն ԵՍ ԴՈՒ:

ՆԱՎԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԻՆԵՐԻ ՄԻՋՈՎ
Խնամատար այն ի՞նչ ձեռք էր, որ տնկեց
Քեզ` ո՛վ դալար և նորատունկ Ձիթենի,
Հայ Հավատի մեծ Ձիթենյաց անտառում,
Որ սոսափես վառ ավյունով կենդանի:

Երիտասարդ քո ճյուղերում գեղանի
Միշտ վարարեց կենսահյութը Հավատի,
Աննիրհ աչքով գտավ ծարավ լապտերներ,
Առատացրեց Աստծո խոսքով կենսալի:

Հայրենիքում քո սրբանուն, թե հեռու`
Խորթ ափերի ակնատներում հայտնըված
Հայի աչքում գտար պատկերն Աստըծու
Սաստող սիրով հորդորեցիր ՎԵՐԱԴԱՐՁ:

Եվ անբամբաս քո սրբությամբ անխաթար
Խնամեցիր օրինակով մեր Տիրոջ.
Բեկված տունկին եղար ձեթի փաթաթան,
Հենք ու համբույր` ահել ձեռքերին դողդոջ:

Ոչի՛նչ ավել` ծառայություն անսակարկ`
Հարազվարճ ուրախությամբ իմաստուն -
ՕՎՍԱ ՜ՆՆԱ քեզ դիեցնողին, ո՛վ զավակ,
Լուսե կամա՜ր` ծնողներիդ հոգեսուն:

(ՈՒԽՏԵՐԹ ՍԻՐՈ, ՀԱՎԱՏՔԻ և ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ)
Մայր Աթոռի սրբասնունդ Միաբան,
Հայ Հավատքի Տան միության Մունետիկ,
Իմացյալ է կյանքիդ օրերի ճամփան,
Աչքերիդ մեջ` հայ փրկության նոր տեսիլք:

Նոր սերնդի թանկ միության Սուրհանդակ,
Երազանքդ տենչանք դարձավ շատերին,
Մինչև ջահել ալիքների համբույրը
Ծնկած փարվեց Մայրավանքի պատերին:

Թո՛ղ վրիպեն աջ ու ահյակ սլաքներ,
Նահանջի հետ մնաս օտար- անծանոթ,
Ձախից փշրես պարսավանքի ժեռ քարեր,
Աջից` գովքին մնաս հավետ անհաղորդ:

Կուզեմ դառնա երկար կյանքդ Սուրբ Հոգու
Մշտաբնակ մաքրամաքուր օթևան,
Ձեռքիդ Խաչին բեկվի ամե՛ն հարձակում,
«Մահն ամաչի և դժոխքը դառնանա»:

Եվ շողշողան պատգամները Աստըծու
Կյանքիդ ամեն օրվա անբիծ հայելում
Աղավնակերպ Հոգին համբույր տա հոգուդ
Ուխտիդ ժայռը լինի գլխիդ տեղուտուն:

ԱՂՈԹՔ- ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ – ՄԱՂԹԱՆՔ- ՎԵՐՋԵՐԳ
Եվ տարիները` արդ անցյալ դարձած,
Ո՛չ պակաս բեղուն,
Հա՜ր շնորհազարդ,
Թող լոկ համարվեն պտղումը ծաղկիդ,
Լոկ նինջ` կոկոնում դեռ քնած վարդիդ.
Եվ պանդխտական երկնուղիներում
Թող վառման բացվե՛ն,
Յոթնարփյան վառվե՛ն
Ձիրքե՛ր անաղարտ,
Խոսքե՛ր երկնառաք.
Թող աջիդ, ճակտիդ օծությունը սուրբ
Վճիռը լինի անձնդիր կյանքիդ`
Ի փառս մեր ՄՈՐ և ՀԱՅՐԵՆԻՔԻ:

Գայանե Մանուկյան
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» 
մրցույթի շրջանակներում:

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...