18.2.14

ՔՈ ԵՏԵՎԻ՛Ց, ՍՐԲԱԶԱՆ...

Ո՜վ Դու Աստված, տուր ինձ ուժ,
որպեսզի Քո օրհնյալ կամքին
ի հաճություն լինի այս գիրը...

Իսկ ես ընդամենը մի քանի ամիս է, ինչ զգում եմ, որ ապրում եմ:

Մեկ տարի առաջ, նեղացած ու վիրավորված բոլորից ու ամեն ինչից, հեռացա Հայաստանից: Միայն Աստծուն է հայտնի, թե ինչ էր կատարվում ինձ հետ. ներսումս ինչ-որ բան էր կոտրվել: Փախչում էի՝ երևի նպատակ ունենալով մոռանալ ամեն ինչ (ինչ անմիտն էի):
Մոռանալու և խաղաղվելու փոխարեն ավելի էի խճճվում. վերակենդանանում էին խլացած ձայները, էլ ավելի էին աղմկում: Հեռանալով ոչինչ էլ չփոխվեց: Ու մի օր ներքին մի ուժ ստիպեց հետ վերադառնալ:

Վերադարձից հետո էլ հեշտ չէր: Անցնում էին օրերը, իսկ ես անորոշությունից խելագարվում էի: Միակ բանը, որ մտքովս անցնում էր, աղոթելն էր: Բայց քրիստոնյա կոչվելուց շա՜տ հեռու էի, տարին մի քանի անգամ էի գնում եկեղեցի երևի պարտքս տալու՝ կեղծ քրիստոնյայի կարգավիճակով (դեռ ժամանակ ունենալու էի հասկանալ՝ ինչ ասել է քրիստոնյա): Հայրս մշտապես հորդորում էր քայլել Աստծո ճանապարհներով, շատ խստապահանջ էր: Երբեմն ինձ թվում էր՝ դաժանության հասնող խստություն ունի: Ծնողներիս հետ ոչ մի կերպ չէի կարողանում ընդհանուր լեզու գտնել: Ինքնագլուխ էի. ինչ մտքովս անցնում էր՝ անում էի ու հետո մեղադրում էի բոլորին, բացի ինձանից: Խոնարհության մասին խոսք անգամ լինել չէր կարող (հետո պետք է ամոթի զգացումը ինձ ներսից խեղդեր, հետո պետք է աչքերս խոնարհեի ու արցունքով փորձեի մաքրել պարտված հպարտությունս):



Ի զարմանս ինձ, ամեն անգամ վեճերի ժամանակ, սկսել էի լռել: Ամեն անգամ տանից դուրս գալուց քայլերս տանում էին դեպի Եկեղեցի: Ու որոշեցի շփվել որևէ հոգևորականի հետ, ով կօգնի ավելի մոտենալ Եկեղեցուն (Եկեղեցու մասին իմ պատկերացումները հետո պետք է փոխվեին): Հիմա շնորհակալություն եմ հայտնում բոլոր հոգևորականներին, ովքեր այդ ընթացքում հայտնվեցին իմ խելացնոր ճամփաների խաչմերուկում, ինձ դեպի եկեղեցի ուղղորդելու և դժվարին պահերին կողքիս լինելու համար: Ձեր օգնությունն անգնահատելի է:

***

Օրը կիրակի էր: Վերջին մի քանի ամսում ինձ համար պահանջ դարձած հերթական Պատարագն էր մատուցվելու, ու ես շտապեցի եկեղեցի: Մինչ կբարձրանայի եկեղեցի տանող աստիճաններով, նորից ընկղմվեցի մտածմունքների մեջ ու չնկատեցի էլ, թե ինչպես մտա և նստեցի առաջին իսկ պատահած ազատ նստարանին: Գլուխս կախեցի և շարունակեցի մտովի խոսել ինքս ինձ հետ, կռվել մարդկանց հետ, բողոքել ինձ տրված իմ բաժին կյանքից, հարցեր տալ Աստծուն: Մտքերիս հետ զուգահեռ աղոտ լսում էի պատարագիչ քահանայի ձայնը: Հանկարծ լռություն տիրեց: Ենթագիտակցորեն հասկացա, որ եկել է Պատարագի՝ ինձ համար ամենասպասված պահը. քահանան պետք է քարոզեր օրվա խորհուրդը:

- Նստե՛ք, մարդոց որդիներ:

Գլուխս փոքր-ինչ բարձրացրի:
Հետո պետք է հասկանայի, որ քահանան, ով կանգնած էր խորանին ու իր մեղմ ժպիտով, խոնարհ, կարեկցանքով լի, բայց և հպարտ հայացքով, իշխող, սթափեցնող, հոգատար ձայնով ուղեկցելու էր ինձ դեպի ճշմարտության, լույսի՝ հավերժություն տանող ճանապարհով:

- Խաչ Քո եղիցի մեզ ապաւեն, Տեր Յիսուս,
Յորժամ երեւիս փառոք Հօր ընդ ամպս լուսաւորս…

***

Խորանին կանգնած էր Բագրատ Սրբազանը: Մարդ, ում քարոզը լսելուց հետո հասկացա՝ պետք է հետեւեմ նրան, որովհետեւ եթե կա մեկը, ով կկարողանա ինձ օգնել, նա է:
Ամբողջ էությամբ ուզեցի ճանաչել հենց այն Տիրոջը, Ում Սրբազանն է քարոզում:
Նրա խոսքերը ուղղակիորեն եկան ու լցրեցին ներսիս դատարկությունը.

- Համբուրելով Խաչը՝ համբուրեք Տիրոջը:

Համբուրելով Խաչը... այն Խաչը, որն այնքան թանկ է ինձ համար, որն այնքան մեծ խորհուրդ ունի, որին դիպչելիս մարմնովս սարսուռ է անցնում:
Արցունքներս հոսում էին, ու զգում էի, թե ինչպես էին աղոթք դառնալով՝ բարձրանում Երկինք (ես արտասվել սովորեցի):

- Աստված իր գրկախառնությունը իմ և ձեզ հետ, Աստված Իր համբույրը մեզ հայտնեց Իր խաչի նշանով, Իր՝ մեզ համար թափած արյան նշանով, տառապանքի միջով հայտնած սիրո նշանով:

Քրիստոս սիրում է ինձ, իսկ ես այսքան ժամանակ հեռու եմ պահել ինձ Իրենից, անտարբեր եմ եղել իմ հավատի հանդեպ ու ինքս ինձ գցել հուսահատության մեջ:

... Ամեն անգամ առիթ էի փնտրում տեսնել Սրբազանին, լսել նրա խոսքը: Բայց քիչ էր, շա՜տ քիչ... Մի՞թե այդքան շուտ հնարավոր է լիացնել քաղցած ու ծարավ հոգուն:
Ամեն անգամ զարմանում էի, թե ինչպես է ընտրում այն քարոզները, որոնք պատասխանում են ինձ մտահոգող հարցերին: Նա հենց ինձ հետ էր խոսում, հենց ինձ էր հանդիմանում, հենց ինձ էր խրատում:
Հիմա հասկացել եմ. իրական քրիստոնյան չի կարող լինել թույլ, խեղճ ու տկար, ինչպիսին ես էի: Քրիստոնյա լինել, նշանակում է՝ եկեղեցի լինել, նշանակում է՝ օրեցօր նորոգվել, ավելի ու ավելի հարստանալ ներսից եւ դրսից:

- Դուք քրիստոնյաներ եք ոչ թե միայն պաշտամունք մատուցելու, երկրպագություն անելու, այլ նաև ձեր հավատքի մասին խոսելու, վկայելու, ձեր հավատքը չթաքցնելու համար: Իրավունք չունեք, մենք իրավունք չունենք պասիվ լինելու. Աստված մեզ չի ստեղծել քրիստոնյաներ լինելու միայն մեր տներում, Աստված Քրիստոսի՝ Իր Որդու նահատակությունը չի տվել սոսկ եկեղեցու չորս պատերի մեջ: Մենք Քրիստոսի զինվորներն ենք, մարտիկները, և եթե պետք լինի, նահատակվողներն ենք այդ խաչի նշանով:
Եվ եթե նկարագրելու լինենք քրիստոնյայի կյանքը, ձեռքը դեպի դուրս` դեպի մարդը մեկնածի կյանք է` ձեռք բռնելու, գուրգուրելու, սիրելու, օգնելու կյանք է: Եւ մենք դառնում ենք Քրիստոս, իսկ Քրիստոս դառնում է մենք՝ որքան էլ որ անարժան ենք:

Տեսնելով նրա խոնարհությունը՝ ես գլուխս իջեցնում ու թաքուն ամաչում էի: Ես չէի կարողանում սիրել ու ներել մտերիմներիս, իսկ նա ընդառաջ էր գնում ամեն մի ծարավ հոգու, սերն ու համբերատարությունը նրանից առատորեն հեղվում էին ու որտեղ նա էր, այնտեղ մարդկանց փայլող ու արտասվախառն աչքերն էին:

- Ձեզանից ով կամենում է առաջինը լինել, պիտի ծառա լինի: Մենք մեր Տիրոջ պես պետք է լինենք: Մեր Տերը «չեկավ ծառայություն ընդունելու, այլ` ծառայելու» (Մատթ. Ի 28). Նա էր խոնարհությունը, Նրա ծառայությունը գալիս էր տառապանքների մեջից՝ մինչեւ սիրո խաչ, բայց մենք Նրան ծառա չենք ասում, մենք Նրան Տեր ենք կոչում:

... Հասկացա՝ ինչ է նշանակում թշնամուն սիրելը, աղոթելը թշնամու համար, այն թշնամու, որ ստվերի պես տարիներով հետևում է ինձ: Երևի նրան էլ պետք է շնորհակալություն հայտնեմ, որ օգնեց վերափոխվել, վերանայել ապրածս կյանքը, վերադառնալ իմ հավատի ակունքներին:

- Աղոթքն ամենամեծ գործիքն է ինքդ քեզ ստիպելու, քննելու, հաղթելու ճանապարհին: Մարդ ամեն ինչ կարող է հաղթահարել կյանքում, բայց ամենադժվարն իրեն հաղթելն է: Աղոթքի մեջ է, որ կարողանում ես ինքդ քեզ ճանաչել, պատկերացնել Աստծո փառքի առաջ ու տեսնել, թե որքան փոքր ես այդ փառքի առջև:

Հասկացա նաեւ, որ եկեղեցին քարե շինություն չէ միայն, ուր գնում ենք մոմ վառելու կամ աղոթքով թեթեւանալու առօրյա հոգսերից ու մտածումներից:

- Եկեղեցին մենք ենք, դուք եք, հավատավոր ժողովուրդն է: Եթե այդ գիտակցումը չունենանք, չի լինի այդ եկեղեցին, ուր Սուրբ Երրորդությունն է թագավորում, չի լինի սիրո միությունը, չի լինի համայնք, չենք լինի մենք:


***

Հիմա շնորհակալությունս եմ հայտնում վերածնունդիս համար:

Սրբազա՛ն հայր, իմ և Աստծո միջև իմ իսկ ստեղծած հեռավորությունը քարոզներիդ ուժով կրճատվեց: Քո միջոցով իմ դեմ բացվեց դեպի լույս տանող ճանապարհը: Ինձ համար Դու եղար Աստվածային լույսով ողողված այն մարգարեն, ումից լույսը փոխանցվեց ինձ, այս ժամանակավոր կյանքին նոր բովանդակություն հաղորդեց ու ապրելու հույս ներշնչեց:
Հիացմունքս, ամբողջ սերս ու հարգանքս՝ ունեցածս աղքատ, միակերպ բառերով հնարավոր չէ արտահայտել:
Շնորհակալ եմ, որ Քո խաչը վերցրած առաջ գնալու ճանապարհին իմ խաչից էլ բռնեցիր ու օգնեցիր ապրել:
Սրբազա՛ն Հայր, Դու հաճախ հարցրու.
-Արևհատի՛կ, ու՞ր…

Որպեսզի ես առիթ ունենամ պատասխանելու.
-Քո ետևի՛ց, Սրբազան…

Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր
Ձերդ Սրբազնութեան Սուրբ Աջոյն՝

Արևհատիկ
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» 
մրցույթի շրջանակներում:

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...