26.1.14

ՆԱ ՔԱՀԱՆԱ Է, ԱՍՏԾՈ ՀԱՍԱՐԱԿ ԾԱՌԱ... ՏԵՐ ԱՎԵՏԻՍ ՔՀՆ. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Առավոտյան արթնանում եմ ու շտապ-շտապ պատրաստվում դուրս գալ տանից: Ամուսինս կիսաձայն անհանգստանում է. «Եթե կարող ես, ներսում կանգնիր, որ շատ չմրսես…»: «Լավ, ոնց կստացվի…»,- ասում եմ ու շտապում, որ չուշանամ պատարագից: Փա՜ռք Քեզ Տեր, որ կարող եմ այսօր հաղորդվել: Կանգառից մինչև եկեղեցի քայլում եմ մեկ կանգառի չափ: Ճանապարհին «Նվագախմբի տղաների» նման իրար միանալով դեպի եկեղեցի են ձգվում մեր հոտի հավատացյալները: Ցուրտ է, նույնիսկ շատ… Հավատացյալները մտնում են Կաթողիկե Աստվածածին տաճարը: Դուռը արդեն չի փակվում: Տեր Հայրը ձեռքով ցույց է տալիս, որ առաջ գան: Ավելի վաղ եկածները արդեն իրար կպել, տաքացել են, նորից պետք է տեղաշարժվեն, չեն ուզում: Տեր Հայրը հորդորում է. «Մի քիչ էլ առաջ եկեք, դրսում էլի մարդ կա, գոնե դուռը ծածկվի…»: Գնում են առաջ, բայց դե ուշացողներ էլ կան: Էլ չեմ ասում պատահական մարդիկ, որոնք ուզում են տեսնել, թե ինչ է կատարվում այդ փոքրիկ տաճարում, որ այս ցրտին այսքան մարդ կա, էն էլ դրսում կանգնած: Վերջիվերջո դուռը բաց է մնում: Թե՛ ներսում, թե՛ դրսում և թե՛ սուրբ սեղանի վրա գտնվողները` բոլորը սառում են… Այն մութ ու ցուրտ տարիները, երբ Տեր Հայրը սիրով ծառայում էր և անշահախնդրորեն ոչ ոքի չէր մերժում ոչ մի հարցում, չնայած պայմաններին, կարծես ձգվել են մինչ հիմա: Հնչում է. «Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ…» և Տեր Հայրը խաչակնքում է հավատացյալներին: Նրա սերը փոխանցվում է դիմացի կանգնածներին և սփռվում շարքերով` մինչև դրսում կանգնած վերջին մարդը:
Նորեկները զարմանքով նայում են իրենց և իրար գրկող ու համբուրող մարդկանց: Այո, մեր Տեր Ավետիսի շնորհիվ, որը բոլորիս ճանաչում է, գիտի յուրաքանչյուրիս խնդիրները, Աստծո սերը բուն է դնում մեր սրտերում և դուրս մղում չարիքի մնացորդները: Մեր քահանան, հովիվը` մեր Տեր Ավետիսը մեծի հետ մեծ է, փոքրի հետ` փոքր, զրուցում է բոլորիս հետ, աղոթում բոլորիս համար: Եթե մեկը բացակայում է, նկատում է, հետաքրքրվում: Քարոզի ժամանակ միշտ գտնվում է մեկը, որ հարցնում է. «Այս քահանայի անունն ինչ է?»: Եթե որևէ մեկը մեր հոտից ամուսնանում է` աղջիկ թե տղա, ուզում է Տեր Ավետիսը պսակն անի: Սովորական մարդ է, սովորական քահանա…Արի ու տես, որ սովորականը միայն թվացյալ է: Այլապես այդքան երեխաներ, պատանիներ և երիտասարդներ, որոնց նա թույլ է տալիս շապիկ հագնել և մասնակցել պատարագներին, չէին ցանկանա իրենց կյանքը կապել եկեղեցու հետ և դառնալ արժանավոր դպիրներ, սարկավագներ, ամուսնացյալ և կուսակրոն քահանաներ…Կարծում եք ինքը կատարյալ առողջություն ունի այդ ցրտին կամ շոգին կամ մնացած անհարմարություններին դիմակայելու? Իհարկե ոչ: Մենք ինչով ենք իրենից առավել? Փառք քեզ Տե՜ր…! Կարծում եմ բոլորս էլ գիտենք, որ Աստծո համար անհնարին ոչինչ չկա! Հիմա մեծ տաճար են կառուցում մեր փոքրիկի կողքը: Աստվա՜ծ իմ, խնդրում եմ, թող այս փոքրիկ տաճարում չդադարեն Սուրբ Պատարագի հնչյունները: Թող մեր Տեր Ավետիսը` քո ծառան, շարունակի այստեղ պատարագ մատուցել, մենք էլ` իր հոտի անդամները մասնակցենք ու փառաբանենք Քեզ! ԱՄԵՆ!
Արփինե Մեսրոպյան
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» 
մրցույթի շրջանակներում

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...