4.12.13

ԲԱՆԱԼԻՆ ԱՅԼԵՎՍ ՔՈ ՁԵՌՔԵՐՈԻՄ Է


Պատկերացրո՛ւ, չափազանց հարուստ մի մարդ քեզ մեծադիր ու գեղեցիկ մի սնդուկ է նվիրել, որի մեջ ոչ ավել, ոչ պակաս 27 կգ մաքուր ոսկի կա: Բայց... Ա՛յ քեզ անհաջողություն. ահա սնդուկը կա, ոսկին էլ մեջն է, իսկ համապատասխան բանալին, որով կարելի է բացել գանձատուփը, դու չունես: Հավատա՛ ինձ, թանկարժեք այս նվերից՝ գանձով լի, այսօր կարելի է գտնել գրեթե ամեն հայի օջախում, բայց... Շատերը չէ, որ ունեն ոսկիների բանալին, որի շնորհիվ կարելի կլինի բացել և վայելել հազվագյուտ գանձը: Հասկացար երևի՝ խոսքս Աստվածաշունչ մատյանի և հատկապես Նոր Կտակարանի 27 գրքերի մասին է: Մի բան է Սուրբ Գիրքը տանն ունենալը, մեկ այլ բան է այն ընթերցելը, մեկ ուրիշ մի բան է ընթերցածը ճիշտ հասկանալը և մեկնաբանելը: Եվ երանի նրանց, ովքեր ոչ միայն ունեն գանձի սնդուկը, այլ նաև ունեն այն բանալին, որի օգնությամբ իրենց առջև ճշմարտությամբ բացվում է Աստծո Խոսքը և սրտի վրա փորագրվելով դառնում է կյանք:

Սարկավագագրքի նոր նախաձեռնություն-ծրագիրը, որ անվանեցինք ԲԱՆԱԼԻ, փոքրիկ մի ճիգ է մարդկանց այս երանությանը հաղորդ դարձնելու՝ մատուցելով Սուրբ Հայրերի և Հայաստանյայց Եկեղեցու հոգևորականների ջանքերով ծնված նորկտակարանյան հայալեզու մեկնությունները՝ մեկտեղված, համակարգված և հեշտությամբ հասանելի:

Անհրաժեշտ է ուղղակի մտնել մեկնությունների էջը, ընտրել անհրաժեշտ գիրքը, ապա գլուխը և վերջապես մեկնության կարոտ այն համարը, որը առկա է մեր բազայում: Եվ բարի վայելում :)
Տևական ժամանակ որպես հեռավոր երազանք նկատվող այս աշխատանքը, որ տակավին իր վերջնական ու ամբողջական վիճակին չի հասել, կյանքի չէր կոչվի, եթե տեխնիկական և խորհրդատվական հարցերում իրենց օգտակարոթյունը չբերեին բլոգի սիրելի ընկերները, ում անունները չեմ խորշի այստեղ շնորհակալությամբ բարձրաձայնել՝


Գևորգ սրկ. Ալեքսանյան,
Արսեն սրկ. Զոհրաբյան,
Արթուր Ալեքսանյան,
Մանե Դարբինյան,
Հեղինե Մարգարյան,
Գեղամ Պողոսյան,
Շուշան Կարապետյան,
Էդգար Աղաբեկյան,
Հռիփսիմե Չադրյան:



Անշուշտ, իմ և ապագա ընթերցողների անունից շնորհակալություն եմ հայտնում նաև բոլոր այն հոգևորականներին և աշխարհականներին, ովքեր նախանձախնդրորեն համալրում են համացանցը ուղղափառ մեկնություններով՝ համապատասխան մեր սուրբ Եկեղեցու դավանանքին և ավանդությանը: Հավատացե՛ք, առանց ձեզ Նոր Կտակարանի մեկնությունների այս ծրագիրը երբեք կյանքի չէր կոչվի: Տերը թող զորացնի բոլորիդ և օրհնի՝ առաջնորդելով նորանոր մեկնությունների մատուցման:

Փոքրիկ գաղտնիքով հայտնեմ նաև, որ ԲԱՆԱՆԼԻն ամիսների համառ աշխատանքից հետո ներկայանում է բլոգի ընթերցողին իմ քահանայական ձեռնադրության 2-ամյակի առիթով՝ որպես փոքրիկ հաշվետվություն աննշան ծառայության Տիրոջս և ժողովրդիս առաջ: Հուսամ՝ ջանքերն ըստ ամենայնի պիտի գնահատվեն և քննադատությունները պիտի լինեն օբյեկտիվ, բայց և դեմ չէմ լինի հաճախակի տեսնել ընթերցողի պատրաստակամությունը՝ օգնելու այս աշխատանքը կատարյալ դարձնելու գործում:

Դե ինչ, ԲԱՆԱԼԻն այլևս քո ձեռքերում է. թող այն դառնա մի բանալի, որ քեզ պիտի բացահայտի փրկության խոսքը, պիտի բացի միտքդ՝ բազմակողմանի հասկանալու աստվածային պատվիրանները, թող այն բաց անի քարեղեն սիրտդ՝ հոժարությամբ ընդունելու Աստծուն քո ներսում, զգալու Նրա սերը քո մեջ և բաշխելու այն ամենքին:



«Ահա՛վասիկ ես դռան առաջ եմ և բախում եմ. եթե մեկը ականջ դնի իմ ձայնին և բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ...» (Հայտն. 3:20):


2 արտահայտվիր:

Анонимный комментирует...
06.12.2013, 10:18

Ter Hayr isk hin ktakarani meknutyun chi linelu?

Srk. комментирует...
08.12.2013, 23:54

@Анонимный, հարգելիս, ցավում եմ, բաց դրա մասին խոսելը դեռ չափազանց վաղ է, որովհետև դեռ Նոր Կտակարանի հետ խնդիրներ ուենք. առաջն Աստված:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...