29.11.13

ԵՐԵՔ ԱՆՁԻՔ և ՄԻ ԲՆՈՒԹՅՈՒՆ - Մեկնություն ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքի

Հաւատով խոստովանիմ եւ երկիրպագանեմ քեզ, Հայր եւ Որդի եւ Սուրբ Հոգի, անեղ եւ անմահ բնութիւն, արարիչ հրեշտակաց եւ մարդկան եւ ամենայն եղելոց. ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 

Հավատով խոստովանում և երկրպագում եմ Քեզ` Հա՛յր և Որդի՛ և Սո՛ւրբ Հոգի, անստեղծ և անմա՛հ բնություն, հրեշտակների, մարդկանց և բոլոր եղածների՛ Արարիչ, ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 


Հավատով խոստովանանքը և երկրպագությունը ուղղվում են Աստվածության երեք Անձերին։
Նկատելի է, որ երեք Անձերի համար գործածված դերանունը եզակի է՝«Քեզ»։ Առանց խորանալու աստվածաբանական հարցերի մեջ՝ պետք է հաստատել, որ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն  հավատալը քրիստոնեական կրոնի դավանանքի հիմնական առանցքն է: Սրանում է մյուս բոլոր կրոններից քրիստոնեական Եկեղեցու դավանաբանական հիմնական տարբերությունը:
Աշխարհի մյուս բոլոր կրոնները երկու հիմնական խմբերի են բաժանվում.

ա) բացարձակ միաստվածություն, ինչպիսիք են մովսիսականությունն ու մահմեդականությունը,
բ) բազմաստվածությունը, որն իր մեջ ներառում է գրեթե բոլոր մնացյալ կրոնները։

Քրիստոնեական հասկացողությամբ Աստված անձնավոր էակ է, այսինքն՝ անհունորեն բանավոր, ինքնագիտակից և ինքնակամ մի Հոգի է: Աստծո՝ Անձ լինելը, բնականաբար, անհունորեն գերազանցում է մարդկային անձնականությանը, որ Աստծո մանրանկար պատկերն է միայն։ Աստվածությունը ոչ միայն անձնական է, այլ Նրա մեջ գոյություն ունեն երեք անձեր։ Այս ճշմարտությունը մարդկությանը տրված է գերբնական հայտնությամբ։

Մարդն իր բանականությամբ բնությունը ուսումնասիրելով՝ հասնում է Աստծո գոյության ճշմարտությանը, սակայն երբեք պիտի ի վիճակի չլինի գտնելու Աստվածության մեջ երեք անձերի գոյության ճշմարտությունը, եթե այդ իրեն բացահայտված չլինի: Ուրեմն քրիստոնյաներս հրավիրվում ենք հավատալու և պաշտելու միայն մեկ Աստվածության, որ մեզ հայտնվում է երեք անձերով։ Մեր հավիտենական կյանքը մեզ հասու է երեք աղբյուիրներից՝ Հայր Աստծուց, որ ստեղծում է մեզ, Որդի Աստծուց, որ փրկում է մեզ և Հոգի Աստծուց, որ սրբացնում է մեզ։ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին միասնաբար կոչվում են Սուրբ Երորդություն, ինչին (ինչպես նաև Անձերից յուրաքանչյուրին) հանգամանորեն կանդրադառնանք հաջորդ տների մեջ։

«Անեղ և անմահ բնություն». Աստվածության մասին շատ խտացված մի հավաստում է այս։ Բնություն բառը հայերենի մեջ ամենից դժվար հասկանալի, և հետևաբար՝ ամենից դժվար բացատրելի բառն է։ Եթե մինչև իսկ փորձենք այն սահմանել, դարձյալ կմնա դժվար ըմռնելի հասարակ մտքերի համար, որովհետև այս բառը միայն մտքով ըմբռնվող մի գաղափար է: Այլ բացատրությամբ՝ այս բառը մեր զգայարաններին և հետևաբար մեր զգալի փորձառությանը հասու իրականություն չի ներկայացնում, այլ միայն փիլիսոփայորեն ըմբռնված գաղափար է արտահայտում։ Բառի այս վերացական հանգամանքը պատճառ է եղել, որ այն  տարբեր–տարբեր իմաստներով հասկացվի և ծնունդ տա եկեղեցական անվերջանալի վեճերի՝ պատճառ դառնալով  մինչև իսկ  եկեղեցական անդարմանելի և անդառնալի բաժանումների։

Բնություն բառը ներկայումս սահմանվում է որպես «համադրություն էակի կամ առարկայի այն հատկությունների, որոնք ի բնե իրենն են, և որոնցով այդ էակը կամ առարկան տարբերվում են մյուսներից»։ Հայերեն լեզվի մեջ էլ, արդարև, բուն բառը, որ արմատն է բնություն եզրի, նշանակում է՝ սկզբնական, հարազատ։ Այստեղ որպես աստվածային բնության հատկանիշ տրվում են երկու ածականներ՝ «անեղ և անմահ», որոնք միայն Աստծուն են հատուկ և Նրան զատորոշում են մյուս բոլոր էակներից։
«Անեղ» նշանակում է չստեղծված, իր գոյության համար ուրիշից կախվածություն չունեցող, հետևաբար՝ ինքնագո։ Իսկ «անմահ» ածականը շեշտում է աստվածային բնության՝ մահվանը կամ վախճանին ենթակա չլինելը։ Այս երկու կարճ և համապարփակ ածականները իրենց մեջ խտացնում են աստվածային բնության հավիտենականությունը։ Անեղ ածականը հատկանշում է Աստծո հավիտենականությունը անցյալի հարաբերությամբ, իսկ անմահը՝ ապագայի, այսինքն՝ Աստծո անվախճան լինելը։
ՇՆՈՐՀՔ ԵՊԻՍԿ.
(Սիոն, 1958, Թ-Ժ)

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...