13.11.13

ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆ - Մեկնություն ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքի

Հաւատով խոստովանիմ եւ երկիրպագանեմ քեզ, Հայր եւ Որդի եւ Սուրբ Հոգի, անեղ եւ անմահ բնութիւն, արարիչ հրեշտակաց եւ մարդկան եւ ամենայն եղելոց. ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:
Հավատով խոստովանում և երկրպագում եմ Քեզ` Հա՛յր և Որդի՛ և Սո՛ւրբ Հոգի, անստեղծ և անմա՛հ բնություն, հրեշտակների, մարդկանց և բոլոր եղածների՛ Արարիչ, ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:








«Երկիր պագանեմ»-ը. ծնկի գալով ձեռքերն ու ճակատը գետին դնել և համբուրելն է, որ արարողական արտահայտություն է Աստծո առջև խոնարհումի և Նրա կամքին համակերպվելու ու պաշտելու։ Իրականում երկրպագությունը տեսանելի և թանձրացած արտահայտությունն է «պաշտամունք» բառի, որ նշանակում է ծառայություն: Մեր բոլոր ներքին ապրումները ձգտում են իրենց համապատասխան տեսանելի արտահայտությունները գտնել . որքան ուժգին է լիում ներքին ապրումը, նույնքան անդիմադրելի և ինքնաբուխ է նրա տեսանելի արտահայտությունը։ Երբ աղոթում ենք և Աստծուց մի բան ենք խնդրում, մեր բազուկներն ինքնաբերաբար աղաչական ակնկալությամբ դեպի երկինք են բարձրանում։ Երբ մենք Աստծուն գիտակից անկեղծությամբ որպես Տեր ենք դավանում, ինքնաբերաբար ինքներս մեզ Նրա նկատմամբ ծառայի դերի մեջ ենք դնում։ Երբ Աստծո դեմ ըմբոստանում ենք, ուրիշ խոսքով՝ եթե մեղք ենք գործել, ու անդրադառնում ենք մեր արածի հիմարությանը, առաջին ինքնաբեր շարժումը լինում է «անկեալ յերկիր»  [թրգմն. գետին ընկնելով] ճակատը գետին դնելը՝ խոնարհվելու համար «Աստծո հզոր ձեռքի տակ» (Ա Պետր. 5:6):


Երկրպագությունը՝ իբրև խորը հարգանքի և խոնարհության արտահայտություն, շարունակաբար կիրառված է թե՛ Հին, թե՛ Նոր Կտակարանների մեջ։ Աբրահամը աստվածային այցելուներին դիմավորեց երկրպագությամբ։ Մոգերը, երբ Մանուկ Հիսուսին գտան, «ընկնելով երկրպագում էին նրան»։ Սատանան Հիսուսին փորձելու ժամանակ պայման դրեց Նրա առջև, որ աշխարհի բոլոր թագավորությունները և փառքը Իրեն կտա «եթե ընկնելով երկրպագես ինձ»։ Հիսուսը պատասխանեց Ասվածաշնչյան պատվիրանը մեջբերելով. «պիտի երկրպագես քո Տէր Աստծո՛ւն և միայն նրա՛ն պիտի պաշտես»։ Ուրեմն Հիսուսի իսկ հավաստումով երկրպագելը և պաշտելը իրար գրեթե համազոր եզրեր և արարքներ են։ Արդարև, երկրպագության պաշտամունքի մասնակցելը ամենասովորական երևույթներից էր հնում։ Գերագույն պաշտամունքի, այսինքն՝ Սուրբ Պատարագի ընթացքում, ինչպես նաև առօրյա բոլոր պաշտամունքների աղոթքների մեջ, խաղաղություն տալուց հետո շարունակ հրավեր է լինում պաշտամունքներին մասնակցողներին՝ «Աստծոյ երկիր պագեսցուք» [թրգմն. Աստծուն երկրպագեք] ։ Հնում այս հրավերի ժամանակ, առհասարակ, պաշտամունքի բոլոր մասնակիցները, իբրև մեկ մարմին, ընկնում էին գետնին և երկրպագություն էին անում։ Ներկայումս, սակայն, տիրող բարքերը, մտայնություններն ու մանավանդ գործածվող հագուստները արգելք են հանդիսանում այս հրավերի դասական կիրառության համար։ Այս նկատառումներով Լատին Եկեղեցու մեջ երկրպագությունը վերածված է ծնրադրության, իսկ Բողոքական քրիստոնյաների մեջից իսպառ վերցված է։ Նույն ընթացքը առկա է նաև մեր մեջ։ Ամերիկայի հայ եկեղեցիների մեջ, ինչպես նաև գրեթե ամեն տեղ, ուր նստարանի կիրառությունը ընդհանրացված է, երկրպագելու սովորությունը ամբողջովին ջնջված է։ Մեր հին սերունդի և հին աշխարհի մեջ է, որ այս վաղնջական ու աստվածաշնչական կրոնական արարմունքը դեռ իր գոյությունը շարունակում է։

Կրոնական և հասարակական արարմունքների մեջ էականը ոգին և սկզբունքն է։ Որևէ արարմունք, որ չի բխում սկզբունքից կամ ոգեղեն ապրումի արտահայտություն չէ, անիմաստ է ու կեղծ: Մյուս կողմից որևէ սկզբունք և ներքին ապրում, որ իր տեսնելի արտահայտությունը չի գտնում, մեռած է՝ ուժականությունից և կենսունակությունից զուրկ։ Հետևաբար այս երկուսը՝ ոգի և արտահայտություն, կամ սզբունք և կիրառություն, միասին են ընթանում. մեկն առանց մյուսի մեռած է։ Այս երկուսի մեջ տարբերությունն այն է, որ մեկը (ոգին և սկզբունքը) անփոփոխ է, իսկ մյուսը՝ (արտահայտություն և կրառություն) փոփոխական կարող է լինել։ Միևնույն սկզբունքը կարելի է կիրառել բազում ձևերով։ Հետևաբար, երբ ժամանակների բերումով և պահանջով տառապես երկրպագելը վերանում է, նրա հետ պետք չէ, որ մեռնի նաև սկզբունքը, այլ՝ արտահայտվի տարբեր կերպերով։ Երկրպագության մերձավորագույն արտահայտությունը խոր խոնարհությունն է: Հետևաբար լինի ժամերգության ընթացքում կամ Սուրբ Պատարագի միջոցին, երբ «Աստուծոյ երկիր պագեսցուք» հրավերն է լինում, բոլոր աղոթավորները, իբրև մեկ մարմին, պետք է իջնեն և խորունկ խոնարհություն անեն։ Գլխավոր շարժումը, որով եկեղեցում ներկաները պաշտանմունքին մասնակցում են, գրեթե այս է միայն, այլապես ներկաները վերածվում են սոսկ հանդիսատեսի, իսկ հանդիսատես լինելու համար եկեղեցի գնալը ո՛չ բարյական պարտավորություն է, ո՛չ եկեղեցու հրահանգն է և ո՛չ էլ Աստծո կամքը։ Իսկ աստվածային պաշտանմուքնին գործնականապես մասնակից լինելու համար եկեղեցի գնալը ընդգրկում է այս երեքը միանգամից:
ՇՆՈՐՀՔ ԵՊԻՍԿ.
(Սիոն, 1958, Թ-Ժ)

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...