3.10.13

ՊԱՅՔԱՐ ՀԱՆՈ՞ւՆ, թե՞ ԸՆԴԴԵՄ...

Աղանդավորական-հարանվանական սև PR-ի մասին շատ վաղուց ենք խոսել, խոսել ենք նաև հասարակությանը մոլորեցնելու և ինչ-ինչ հասարակական հեղինակություն ունեցող մարդկանց միջոցով քարոզչություն անցկացնելու մեխանիզմի մասին... Բայց հիմա, կարծես թե սրա հակառակ երեսի մասին է ասելիքս, որը չէի ուզի դիտվեր որպես քննադատություն, այլ պարզապես փորձռության փոխանակում իմ սիրելի քրիստոնյա նախանձախնդիր հայրենակիցների հետ:
Համացանցում «աղմուկ» է բարձրանում մի կազմակեպության հրապարակած անվանացանկի հետ կապված: Կազմակերպության անդամները ճշտված և չճշտված շարքն են ներկայացնում «աղանդավոր» հայտնիների (որոնց թվում անհայտներն էլ քիչ չէին): Եվ սա, իրավամբ, վիրավորել է շատերին: Թողնեմ այս հարցի հետագա ընթացքը արտահայտվող կողմերին, բայց... Ինձ համար՝ որպես հոգևորականի, անըմբռնելի ու անհասկանալի մնաց այս կազմակերպության մտածելակերպն ու գործելակերպը, երբ անդրադարձա, որ իրենք այս և նախորդ քայլերը արել են որպես զորակցություն Առաքելական Մայր Եկեղեցուն...


Սիրելի քույրեր-եղբայրնե՛ր, եկեք հարց տանք ինքներս մեզ. նման քայլերով մենք պայքարում ենք հանո՞ւն Առաքելական եկեղեցու, թե՞ ընդդեմ նրա: Ես կասեի հանունի ակնկալիքով ընդդեմի ջրաղացին ենք ջուր լցնում, որովհետև պատկերացրեք՝

ա. Բացի այն բանից, որ նեղացրեցինք որոշ «ոչ աղանդավոր քրիստոնյաների», նրանց նաև տարանք և հավասարեցրեցինք պայքարի սուբյեկտների՝ աղանավորների մակարդակին...
բ. Ցուցակի հրապարակումը ինչի՞ն օգնեց: Օգնեց որպեսզի հասարակությունն իմանա ով ո՞վ է... Ասենք թե իմացավ, իսկ վերջը՞: Համենայն դեպս մի քանի կրոնական կազմակերպությունների սև ՓիԱռը ապահովեցինք, որովհետև համոզված եմ՝ ցուցակի հրապարակումից չի պակասելու աղանդաորջեր գնացողների թիվը, այլ ասենք Շոումեն Շոումենսկու արվեստի գնահատողը, որ դեռևս չէր կողմնորոշվել իր դավանանքի մեջ, պիտի հանուն հետաքրքրության այցելի իր սիրելի շոումենի այցելած կառույցը:
գ. Վերջապես հասկացեք, որ նման «մերկացնող» նյութերը յուրաքանչյուր տարի դրվում են եվրոպական և ամերիկյան համապատասխան գերատեսչությունների սեղաններին և աղանդավորական կոչված կառույցներին հալածյալի պիտակի տակ հարստացնում են գրանտներով, իսկ Հայաստանը որակում որպես ոչ ժողովրդավար...
դ. Ամենասարսափելին ինձ համար,այնուամենայնիվ, նման նյութերի միջոցով սերմանվող ատելությունն ու շերտավորումն է հասարակության մտապատկերում և դրա թունոտ արտահայտությունը համացանցում ու կյանքում...

Եվ այսպես, ի՞նչ շահեցինք...
Է լա՛վ, կհարցնեք դուք, բա ի՞նչ անենք, ինչպե՞ս հաղթահարենք աղանդավորական վարակը: Ինչո՞ւ Եկեղեցին պայքար չի որդեգրում: 

Պատասխաններս ընդունեք որպես խորհուրդ՝

ա. Եկեղեցու խնդիրը չէ պայքարել ԸՆԴԴԵՄ իր հայրենակից, թեպետև մոլորված ու «անառակ» զավակների: Եկեղեցին պայքարում է ՀԱՆՈՒՆ ճշմարտության և ամեն ոք, ով սիրում է ճշմարտությունը և «ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դէպի լոյսը» (Հովհ. 3:21): Ուրեմն մեր բոլորիս պայքարն էլ պետք է լինի ոչ թե ԸՆԴԴԵՄ աղանդավորների, այլ ՀԱՆՈՒՆ Առաքելական Եկեղեցու զորացման և Քրիստոսի հավատքի հաստատման մեր կյանքում:
բ. Մենք երբեք ու երբեք չպետք է պայքարենք աղանդավորի դեմ: Եթե կա հոգևոր պայքար, ապա այդ պայքարը ոչ թե աղանդավորի, այլ աղանդի դեմ է, որպեսզի անարատ մնա և չխեղաթյուրվի Քրիստոսի վարդապետությունը և չպառակտվի ազգը:
գ. Այս նախորդ կետերի համար, սակայն, սիրելինե՛րս, պետք է ընդունել մի պարզ ճշմարտություն. անիմաստ է մեր պայքարը, եթե մենք չունենք պայքարի զենքեր: Իսկ որո՞նք են այդ զենքերը: Սերը, Հույսը և Հավատքը:
Հավատք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքով հիմնավորված, ասել է թե պայքարից առաջ ես պետք է իմանամ՝ ինչի՛ն է հավատում իմ եկեղեցին, պայքարից առաջ ես ինքս պետք է ինձ զգամ իմ իսկ պաշտպանյալ եկեղեցու լիարժեք անդամ և ոչ թե՝ հավատացյալ ըստ առիթի և պայքարող ինտերնետի դիմաց: Քո և ընկերներիդ ներկայությունը և մասնակցությունը եկեղեցում Պատարագներին, քո և ընկերներիդ ակտիվությունը եկեղեցական միջոցառումներին, Աստվածաշնչի սերողություններին, ուխտագնացություններին և մյուս հոգեշունչ առիթներին լավագույն պայքարը պիտի լինեն և լավագույն առաքելությունը քո կյանքում:
Հույս անկոտրում, որ հավիտյան մոլորվածներ չկան, այլ մեր հարատև աղոթքների շնորհիվ Աստված պետք է լուսավորի մոլորվածների հոգին և բերի դեպի ճշմարտություն: Ուրեմն պայքարի ամենից զորավոր միջոցն է հույսով արված աղոթքը: Ուստի ամեն անգամ, երբ աղանդավոր մեկին պիտի հանդիպես, քարկոծելու և հայհոյելու փոխարեն աղոթիր նրա համար: Մեր հայհոյանքները Աստված չի լսում, սակայն աղոթքները միշտ լսելի են...
Սեր ամեն ինչում, ինչպես ասում է Սուրբ Շնորհալին: Եթե պայքարդ սիրով չէ, ապա այն ՀԱՆՈՒՆի պայքար չէ, այլ ԸՆԴԴԵՄի, և դրա պտուղները երբեք չես քաղի: Աստված ինքն էլ ասում է «Սիրի՛ր թշնամուդ» (Մատթ. 5:44), իսկ դիմացինդ ամենևին էլ քո թշնամին չէ, որքան էլ որ հեռու եք ոգով այս պահին, նա քո հարևանն է, հարազատն է, համաքաղաքացին է, կամ պարզպես՝ ազգակիցդ: Նա քո սիրո պակասը, միանշանակ, ունի...

Հ.Գ. Իսկ կազմակերպությունը ավելի շահած պիտի լիներ, եթե հրապարակեր Առաքելական Եկեղեցու հավատարիմ հետևորդ հայտնիների անունները: Իսկ այդ շարքում սոսկ 100-ը չեն, այլ 1000-ավորները:

Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...