23.10.13

Մեկնություն ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքի - ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ

«Խրատական նախադրություն այն աղոթքի, որ պատրաստեց Հայոց Գրիգոր Կաթողիկոսի եղբայր Տեր Ներսեսը»:

«Աղոթք բոլոր քրիստոնյաների՝ մեծերի և փոքրերի, որ պարտավոր են սովորել ամենքը և սովորեցնել իրար՝ քահանաները ժողովրդին, հայրերն իրենց որդիներին, մայրերն իրենց աղջիկներին և ընկերը ընկերոջը: Եվ թող սրանով օրը հինգ անգամ աղոթեն՝ տասներկու ծնրադրությամբ յուրաքանչյուր աղոթքի ժամանակ. այսինքն՝ առավոտյան, ճաշին, կեսօրին, երեկոյան և հանգստյան ժամին: Իսկ եթե մեկը ծուլանա և չկարողանա օրական հինգ անգամ աղոթել, թող աղոթի չորս անգամ կամ երեք անգամ, կամ երկու անգամ կամ օրական մեկ անգամ, որով հայտնի կլինի, որ քրիստոնյա է, և ինքն իրեն կնկատի որպես Աստծո արարած և երկրպագող: Եվ եթե մեկը ծուլանա այս աղոթքի բոլոր տները սովորելում (այն դեպքում, երբ սատանայական երգեր շատ արագ են սովորում) թող սովորի սրա կեսը կամ ավելի պակաս, որովհետև եթե մինչև իսկ երեք տուն սրանից սովորի և աղոթի երեք ծնրադրությամբ աղոթքի ժամին, ընդունելի է Աստծո առջև: Իսկ եթե որևէ քրիստոնյա անփույթ գտնվի սա սովորելու և աղոթելու մեջ թող հանդիմանվի... ) թող հանդիմանվի այլազգիներից, որոնք իրենց աղոթքները չեն դադարացնում ո՛չ պատերազմի ժամանակ, ո՛չ՝ խաղաղության: Իսկ մեր ժողովուրդը եկեղեցուց դուրս Աստծո անունն անգամ չի հիշում, որովհետև իբրև աստվածապաշտներ՝ մարդիկ կարևորություն չեն տալիս աղոթքի կարգ-կանոնին: Եվ եթե ոմանք աղոթելու նպատակով իսկ գալիս են քահանաների մոտ, կա՛մ փակ բերանով կանգնում են, կա՛մ իրար հետ խոսում, որովհետև ո՛չ իրենք գիտեն աղոթքի խոսքերը և ոչ էլ ուշադրություն են դարձնում քահանաների ասած սաղմոսներին ու պաշտամունքին:
Այս պատճառով ստեղծեցինք այս աղոթքը՝ պարզ և հստակ բառերով (բաղկացած 24 տնից համապատասխան գիշերվա և ցերեկվա ժամերին), որպեսզի տխմարներին անգամ հասկանալի լինի: Այն պարունակում է մեր խնդրվածքների մեծ մասը, և տվինք սա մեր ժողովրդին՝ անգիր սովորելու, որպեսզի ամեն քրիստոնյա սովորի այն և ուր որ պատահի աղոթքի ժամին՝ խոսի Աստծո հետ սրանով, թե' եկեղեցու մեջ, թե' տան մեջ, թե' արտի մեջ, թե' որևէ գործի վրա եղած ժամանակ, թե՛ ճամփորդության ընթացքում: Եվ նրանք, որ կսովորեն սա և կաղոթեն ուշադրությամբ, ջերմեռանդ սրտով և արցունքով, այս աղոթքի մեջ գրված բոլոր խնդրվածքները կկատարվեն նրանց ողջության ժամանակ կամ մահվանից հետո: Իսկ նրանք, ովքեր կառհամարհեն ու չեն սովորի և չեն աղոթի, իրենք թող տեսնեն իրենց անձին եղած վնասը: Մենք այս աղոթքը ստեղծելով մեջտեղից վերացրեցինք մեր պատասխանատվության բաժինը. որպեսզի ոչ ոք սրանից հետո պատճառ չբերի, թե՝ աղոթք չգիտենք, դրա համար էլ չենք աղոթում: Աղոթքի մեջ ամփույթ եղողները թող իմանան, որ սատանան մեր գործած մյուս բարեգործություները խափանելու համար այնքան մեծ ջանք չի թափում, որքան որ մեր աղոթքները [կանխելու], որովհետև գիտի, որ միայն աղոթքի ժամանակ է ինքը հալածվում և Աստված է բնակվում մեր մեջ:

Այսպիսով մենք աղաչում ենք բարերար Աստծուն բացել ձեր մտքի աչքերը, հոժորությամբ սովորելու սա և աղոթելու ու Աստծո սիրելին լինելու համար: Ու երբ աղոթեք, հիշեցե՛ք ի Քրիստոս Հայոց Գրիգորիոս կաթողիկոսին և նրա եղբար Ներսեսին՝ այս աղոթքը հորինողին: Իսկ նա, ով կընդօրինակի այս աղոթքը այս խրատական խոսքերն էլ թող գրի, և նրանք, որ կգրեն սա, թող գրվեն հավիտենական կյանքի գրքի մեջ: Եվ նրանք, որ կսովորեն և կաղոթեն, Քրիստոսի ողորմությունը թող ընդունեն. և նրանք, որ իրենց ընկերներին էլ կսովորեցնեն այս աղոթքը, Աստծուց վարձք թող ստանան: Եվ նրանք, որ կգրեն՝ եղածից ավելի խոսք կամ գիր թող չխառնեն, ոչ էլ նվազեցնեն, որպեսզի տարբեր-տարբեր չլինեն խոսքերը, այլ հար և նման լինեն ամենքը որտեղ էլ որ գրված լինեն: Նրանք, ովքեր անվարժ են գրելու մեջ, շիտակ գրողներին թող գրել տան: Եվ Քրիստոսին փառք հավիտյանս. ամեն»:

Առաջիկայում մեկ առ մեկ կանդրադառնանք այս աղոթքի յուրաքանչյուր տնին:
ՇՆՈՐՀՔ ԵՊԻՍԿ.
(Սիոն, 1958, Է-Ը)

1 արտահայտվիր:

Հովսեփ Հայ комментирует...
23.10.2013, 21:52

Ես աղօթում եմ հավատով խոստովանիմ աղօթագրքով ամբողջը

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...