14.10.13

Մեկնություն ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքի - Հայրապետի մտահոգությունը

Շնորհալի հայրապետը այս աղոթքի համար որպես նախաբան Հիշատակարան էլ է թողել։ Մինչդեռ աղոթքի մեջ ծայրից ծայր խաղաղ, հավատավոր և Աստծո հանդեպ մեծ վստահություն ունեցող  անձի հոգին է ցոլում, Հիշատակարանի մեջ, ընդհակառակը, կարծես թե մտահոգ և մինչև իսկ նեղսրտած  հոգի է ի հայտ գալիս։ Երկու գրությունների մեջ հակադիր այս վիճակների  արտահայտումը մեկ այլ ընթերցողի վրա այն տպավորությունը կարող է թողնել, թե երկու տարբեր հեղինակների գործեր են սրանք։ Բայց աղոթավոր հոգու զսպաններին, կամ, այսպես ասած բազկերակին ծանոթ անձը ոչ միայն նման գաղափար չի ունենա, այլև մինչև իսկ երկու գրությունների  ոգու այդպիսի տարբերությունից կհասկանա որ սրանք մեկ և մի հեղինակի հոգու արգասիքն են: Աղոթասեր հոգին իր հանդարտությունն ու պայծառությունն է գտնում, երբ մտնում է Աստծո իրական ներկայության մեջ: Սակայն մյուս կողմից, նման անձի համար ոչինչ այնքան վրդովեցուցիչնեղացուցիչ և ընդվզեցուցիչ չէ, որքան աղոթքի հանդեպ ուրիշների անտարբերությունը և անպատկառությունը տեսնելը: Անկեղծ և անկաշառ հայրենասերը իր հոգեկան բավարարությունը գտնում է հայրենասիրական ճառերի և գործերի մեջ, դրանցով է զվարթանում և թևեր առնում: Հայրենիքի վերելքի կամ դժբախտության դիմաց անկարեկից և անտարբեր մարդկանց դեմ, սակայն, ընդվզում է, զայրանում և ուզում է շոգու վերածվել՝ սրանց շարժման մեջ դնելու համար: Իսկ հայրենիքի դեմ դավողների և հայհոյողների համար ուզում է կրակ լինել, այրել-
սպառել դրանց: Բոլոր տեսակի սերերի հիմնական հատկանիշն է այս: Սերը չի կարող անտարբեր մնալ իր սիրո առարկայի նկատմամբ անտարբեր, անպատկառ և անարգական վերաբերմունքների հանդեպ: Աստծո սիրով լցված Շնորհալի հայրապետը այս ոգին է, որ երևան է բերում իր Առաջաբանի մեջ:


Ներսես Շնորհալի հայրապետը իր խրատական նախադրության մեջ նախ այս աղոթքի նկարագիրն է հստակեցնում. «Աղօթք հասարակաց Քրիստոնէից՝ մեծաց եւ փոքունց» [թրգմն. Բոլոր մեծ և փոքր քրիստոնյաների աղոթք]: Եվ ապա թելադրում է, որ յուրաքանչյուր ոք պետք է սովորի և սովորեցնի այս աղոթքը ուրիշներին: Ապա վերջապես պոռթկում է. «Եթե քրիստոնյան այնքան անփույթ լինի, որ չկարողանա մի քանի տուն անգիր սովորել, (այն դեպքում, երբ սատանայական երգեր շատ արագ են սովորում) թող հանդիմանվի այլազգիներից (այսինքն՝ իսլամներից), որոնք իրենց աղոթքները չեն դադարացնում ո՛չ պատերազմի ժամանակ, ո՛չ՝ խաղաղության: Իսկ մեր ժողովուրդը եկեղեցուց դուրս Աստծո անունը անգամ չի հիշում, որովհետև աղոթքի մասին հոգ չեն անում ինչպես ասվածապաշտները, այլ սիրում են պարապ-պարապ խոսել, քան աղոթել: Իսկ եթե ոմանք եկեղեցի գան կամ փակ բերանով են կանգնում կամ խոսում են իրար հետ»: Այս աղոթքները ստեղծվելուց հետո Շնորհալի Հայրապետը շարունակում է խռովված հոգով.  «Այլևս ոչ ոք թող պատրվակ չբերի, թե` աղոթք չգիտենք, դրա համար չենք աղոթում: Աղոթքի մեջ ամփույթ եղողները թող իմանան, որ սատանան մեր գործած մյուս բարեգործություները խափանելու համար այնքան մեծ ջանք չի թափում, որքան որ մեր աղոթքները [կանխելու], որովհետև գիտի որ միայն աղոթքի ժամանակ է ինքը հալածվում և Աստված բնակվում մեր մեջ»:

ՇՆՈՐՀՔ ԵՊԻՍԿ. 
(Սիոն, 1958, Է-Ը)

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...