26.9.13

Մեկնություն ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքի - աղբյուրը և նպատակը

Կրոնական կամ աշխարհիկ գրականության մեջ գրեթե գոյություն չունի այսպես կոչված «սկզբնատիպ» երկ։ Բոլոր մեծ հանճարի արդյունք նկատած գրական գործերը ուղղակի կամ անուղղակի կերպով ծնունդ կամ համադրություն են մեկից ավելի մտքերի։ Մարդկության մեծագույն գիրքն իսկ՝ Աստվածաշունչը, իբրև մեկ ամբողջություն, և նրա յուրաքանչյուր գիրքը առանձին վերցրած՝ արդյունք են բազում մտքերի, բազում աղբյուրների, բազում ազդեցությունների՝ համակված Աստծո շնչով։ Այսպես են Հոմերոսի, Շեքսպիրի և Նարեկացու երկերը։ Դրանք ոչ բանահավաքություն են և ոչ էլ՝ բանագողություններ, այլ յուրաքանչյուր հեղինակին իբրև ժառանգություն եկած նյութերի և ատաղձների օգտագործումն են, կառուցումը և վերստեղծումը նրանցից յուրաքանչյուրի մտքի և հոգու արհեստանոցների մեջ։ Նույնը կարելի է ասել «Հավատով խոսովանիմի» համար։ Այս իսկ պատճառով զարմանալի չէ, որ ոմանք նմանություն նշմարած լինեն այս աղոթքի և այլ եկեղեցական հայրերի, հատկապես Ս. Եփրեմ Ասորիի գրած նմանօրինակ աղոթների միջև։ Մենք, սակայն, այսպիսի բանասիրական հարցերի մեջ չպետք է մտնենք, քանի որ մեր նպատակը գրական կամ գիտական ուսումնասիրություն ներկայացնելը չէ, այլ՝ պարզաբանել «Հավատով խոստովանիմի» մեջ հայտնված մտքերն ու գաղափարները։ Այստեղ միայն հաստատ այն կարող ենք ասել, որ «Հավատով խոսովանիմը» այնպես ինչպես այն ունենք մեր լեզվի մեջ, ոչ մի ուրիշ լեզվի կամ հեղինակի մոտ գոյություն չունի։ Հետևաբար այն հատուկ է լոկ Հայաստանյայաց Եկեղեցուն և Շնորհալու սրտի ու գրչի հարազատ արդյունքն է։ Շնորհալու միտքն ու հոգին այնքան առատորեն էին համակված հավատքով և աղոթելու տրամադրությամբ, որ բավական էր իր համար բացել հոգու ծորակները և, մինչև իսկ մեկ նիստով և մեկ օրվա մեջ, առատորեն դուրս պիտի հոսեր «Հավատով խոստովանիմի» պես գոհար մի աղոթք։


«Հավատով խոստովանիմը» բաղկացած է 24 տնից։ Երբ Շնորհալին 24 տներից կազմված մի աղոթք էր գրում, բնականաբար երբեք մտքով ացնել չէր կարող, որ կգտնվի մեկ հավատացյալ, ով իսկապես պիտի կարողանա օրվա ամեն մի ժամին այս աղոթքից մեկական տուն ասել։ Երբեք: Այլ սրանք գրված են օրվա 24 ժամերի դիմաց, հոգ չէ եթե սրանք բոլորը մեկ անգամով ասվեն, կամ մեկից ավելի անգամներով, ինչպես ինքը՝ Շնորհալին է կարգադրում իր իսկ նախաբան Հիշատակարանի մեջ, որը հայտնի կդառնա գրությանս վերջում:

Այս աղոթաշարքին իբրև վերնագիր դրվել է «Աղոթք՝ Աստծուն հավատացող յուրաքանչյուր անձի համար»: Այսինքն սա ամեն մի հավատացյալ անհատի հատուկ աղոթքն է, ինչը շեշտում է նրա անձնական հանգամանքը՝ հակադրելով հավաքական աղոթքին: Ուրիշ կերպ ասած՝ այս աղոթքը ստեղծված է, որպեսզի ամեն մի հավատացյալի կողմից ասվի ցանկացած տեղ և ցանկացած ժամանակ, այլ ոչ թէ քահանայի կողմից՝ հավաքական պաշտամունքի ընթացքում, ինչպես ժամագրքի գրեթե բոլոր աղոթքների պարագայում է: Այս իսկ պատճառով մինչև վերջերս, և թերևս մինչ օրս էլ հայ հավատացյալների շրջանում ամենից տարածված և ամենից շատ կիրառված աղոթքն է այս՝ ասված «ի տուէ եւ ի գիշերի, ի նստիլ ի տան եւ ի գնալ ի ճանապարհ, ի ննջել եւ ի յառնել» [թրգմն. գիշեր թե ցերեկ, թե՛ տանը նստելիս, թե՛ ճանապարհ գնալիս, ննջելիս և թե՛ արթնանալիս]: Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի՝ ժողովրդի տարբեր խավերի կողմից սիրված դեմք լինելու կարևոր ազդակներից մեկն էլ հենց այս աղոթքն է: Երանելի հայրապետը կարողացել է հասարակ հավատացյալի կարևոր հոգեկան բոլոր պահանջները խտացնել այս աղոթքի մեջ:

ՇՆՈՐՀՔ ԵՊԻՍԿ. 
(Սիոն, 1958, Է-Ը)

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...