24.9.13

ՀՈԳԵՎՈՐ ԳԱՆՁ, ՈՐ ՇԱՏԵՐԻՆ ԿՀԱՐՍՏԱՑՆԻ

Բոլորովին վերջերս Երուսաղեմի Հայոց Պատրաիարքության «Սիոն» ամսագրի 1958թ-ի էջերը թերթելիս պատահաբար հանդիպեցի հոգևոր մի գանձի, որի մասին, դժբախտաբար, մինչ այդ գաղափար անգամ չունեի: Գանձը մի հոդվածաշարք էր՝ դուրս եկած մեր Սուրբ Եկեղեցու «ծանր հրետանավորներից» մեկի Շնորհք եպս. Գալուստյանի (հետագայում՝ Կ. Պոլսի Շնորհք Պատրիարք) գրչի տակից: Իսկ հոդվածաշարքի թեման ոչ ավել, ոչ պակաս Ներսես Շնորհալի հայրապետի հեղինակած «ՀԱՒԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ» (բուն անունը՝ ԱՂՕԹՔ ՊԻՏԱՆԻՔ ԻՒՐԱՔԱՆՉԻԻՐ ԱՆՁԻՆ ՀԱՎԱՏԱՑԵԼՈՑ Ի ՔՐԻՍՏՈՍ ԱՐԱՐԵԱԼ ՍՐԲՈՅՆ ՆԵՐՍԵՍԻ ՇՆՈՐՀԱԼԻՈՅ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ) աղոթքի մեկնությունը: Սրտիս ցնծությանն ու ոգևորվածությանս հակառակ՝ մի փոքր տխրություն ապրեցի, երբ հայտնաբերեցի, որ այս գանձ-մեկնությունը՝ գրված լուսահոգի սրբազանին հատուկ պարզ խորունկությամբ, անավարտ է: Պատմական հանգամանքներով պայմանավորված՝ Շնորհք Սրբազանը հասցրել էր աղոթքի 24 տներից մեկնել միայն 8-ը և գրել հանրամատչելի մի նախաբան, որոնք զետեղված են Սիոն ամսագրի 1958-1959թթ.-ի տարբեր համարներում: Այսուհանդերձ, մեղք կլիներ գոնե եղած մեկնությունները չդարձնել ընթերցողի հարստությունը, քանի որ վստահ եմ, որ ընթերցողներից շատերն էլ այս գրական գոհարին ծանոթ պիտի չլինեն: Այս իսկ պատճառով Պատմական Եպիսկոպոսական այս ժողովի օրերին ցանկացա ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔՈՒՄ ժամանակ առ ժամանակ տեղադրել «Հավատով խոստովանիմի» մեկնության հետաքրքրական ու խիստ ուսուցողական այս շարքը: 

Ցանկանալով ընթերցանությունը մատչելի դարձնել հնարավորինս շատ մարդկանց համար, որոշեցի հարկադրված քայլի գնալ և արևմտահայերենով շարադրված նյութը փոխադրել արևելահայերենի, ինչից, անշուշտ, պիտի տուժի երանաշնորհ Պատրիարքի ներդրած ոգին ու շունչը, բայց հուսանք, թե մեկ հոգի ավել ընթերցող գանձ պիտի շահի իր հոգու համար (ովքեր կցանկանան ընթերցել բնօրինակով, կարող են ընթերցել «Սիոն» հիշյալ համարների մեջ):

Դե ինչ, սկսելով Նախաբանից՝ տեղադրում եմ կարճ մի հատված, ի խորոց սրտի մաղթելով հաճելի հոգևոր ժամանց: Եվ թող ամեն ընթերցող իր պարտքը համարի իր աղոթքում հիշել Ամենապատիվ Շնորհք Պատրիարքին: Աղոթենք նաև, որպեսզի Աստծո շնորհով մեր հոգևոր անդաստանում գտնվի հոգևոր այն այրը, ով «կհամարձակվի» Շնորհք Սրբազանի ոգով շարունակել և ավարտին հասցնել գին չճանաչող այս գործը:

ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ   

Հայաստանյայց եկեղեցու կրոնական գրականության մեջ կարևոր տեղ է գրավում Ներսես Շնորհալի հայրապետի «Հավատով խոստովանիմ» աղոթաշարքը։ «Հավատամք»-ի և աղոթքի անմրցելի համադրություն է այս գրական գոհարը։ Ուրիշ խոսքով՝ մի կողմից այն իր մեջ պարունակում է հավատքի վերաբերյալ էական գրեթե ամեն կետ, իսկ մյուս կողմից՝ խնդրանքի ձևով նրա մեջ համադրվում են հողեղեն արարածի հոգեկան գրեթե բոլոր պահանջմունքներն իր Արարչից։ «Մի աղոթք … որ բովանդակում է քրիստոնյայի ամենից կարևոր դավանությունը, խնդրանքը, կարիքն ու իղձերը, և՛ արտասուքը, և՛ սերը։
Շնորհալի Հայրապետը ոչ միայն մեր եկեղեցու ամենից սուրբ և ամենից բազմարդյուն դեմքերից մեկն է, այլ նաև ամենից շատ գրական երկեր արտադրող գրիչը։ Իրենից հետո թերևս լոկ Տաթևացին կարող է մրցել իր հետ իր գրական գործերի ծավալով, եթե ոչ բովանդակությամբ ։ Շնորհալու գրական արտադրության լավագույն և կարևորագույն կտորներից է «Հավատով խոստովանիմը»։ Այն հայկական ժամապաշտության ամենից թանկագին ակունքներից մեկն է և այդպիսով «Տերունական աղոթք»-ից հետո, ամենից ծանոթ, ամենից ժողովրդական աղոթքներից մեկը։ Առանց ազգային ինքնագովության զոհ դառնալու՝ անվարան կարելի է ասել, որ այս աղոթաշարքը կարող է մրցել քրիստոնեական ցանկացած եկեղեցու նմանօրինակ անհատական աղոթքների հետ և ցածր չի դասվի նրանցից և ոչ մեկից թե՛ իր կառուցվածքով, և թե իր բովանդակությամբ։

ՇՆՈՐՀՔ ԵՊԻՍԿ. 
(Սիոն, 1958, Է-Ը)

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...