10.7.13

ՔԱՆԻ ՄԸ ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

ԱՐՄԵՆԻԱ հեռուստաընկերության «Մարդկային գործոն» հաղորդման թողարկումներից մեկը դիտեցի: Առանց այդ էլ խճճված թեմային առավել խճճվածություն տրվեց, ու վստահ եմ, հեռուստադիտողը չիմացավ ճշմարտությունը: Հիշեցի մի առակ, թե ինչպես են մի իմաստունի մոտ գալիս են 10 հոգի և խնդրում ապացուցել, որ Աստված կա: Իմաստունը 10 ծանրակշիռ ապացույց է բերում Աստծո գոյությունը ապացուցելու համար: Այնուհետև գալիս են ևս 10 հոգի և խնդրում ապացուցել, որ Աստված չկա: Իմաստունը 10 ծանրակշիռ ապացույց է բերում` ապացուցելով Աստծո գոյություն չունենալը: Երբ բոլորը հեռանում են, իմաստունի աշակերտները հարցնում են.
- Վարդապե´տ, ո՞րն է հիմա ճշմարիտ. Աստված կա՞, թե չկա:
- Ճշմարիտն այն է,- պատասաանում է իմաստունը,- որ հարցնողներից և ոչ ոք չէր ուզում իմանալ ճշմարտությունը, այլ ուզում էր լսել իրեն պետքական պատասխանը:

Ներեցե´ք, իհարկե, բայց դահլիճ հրավիրված հյուրերից ամեն մեկը փորձում էր ցույց տալ իր ճշմարիտ լինելը, ինչը մեր առջև չբացահայտեց ճշմարտությունը:

«Իսկ ի՞նչ է ճշմարտությունը»,- կհարցներ Պիղատոս Պոնտացին:
Ես էլ մի քանի հարց ունեմ, որոնց պատասխանները կփափագեի ստանալ հենց հասցեատերերից:

Արմենիա հ/ը  - ինչո՞ւ է համացանցում տեղադրված նյութը կրճատված այն աստիճան, որ ամենակարևոր հարցումների դեպքում պատասխանը ուղղակի կտրվում է:

Արտյոմ Զախարյան - շատ լավ է, որ խոստովանեցիք, թե աստվածաբանական  հարցերի մեջ հմուտ չեք: Ձեզ անվանեցիք Աստվածաշնչի հետևորդ, բայց արդյո՞ք Աստվածաշունչ ընթերցելիս չեք հանդիպել եկեղեցի գնալու անհրաժեշտության շեշտադրմանը:

Դավիթ Ասատրյան - Ձեզ հարց չեմ ուղղում, Ձեզ շնորհակալությունս եմ ուղղում սթափ մտածողության և ցուցաբերած նախանձախդրության համար:

Տ. Կոմիտաս վրդ. Հովնանյան և Արթուր Սաքունց - Ձեր ինտելեկտուալ մակարդակին ամենևին չկասկածելով հանդերձ կարելի՞ է խնդրել այսուհետ նմանօրինակ թնջուկային բանավեճերում թեմայից չշեղվել և պատասխանը տալ հստակ ու հակիրճ:

Սամվել Նավոյան - Նախ պետք չէ գործելաոճ դարձնել այն, թե իբր Առաքելական Սուրբ Եկեղեցին և բողոքական ավանդական կամ ոչ ավանդական ուղղությունները Հայաստանում նույն դավանանքն ունեն, նույն Աստվածաշունչը (հիշեցնեմ գոնե այն 9 գրքերի բացակայությունը բողոքական հրատարակություններից, որոնք առկա են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակած Աստվածաշնչում): Ինքներդ գիտեք, որ այդ այդպես չէ: Առաքելական Եկեղեցին աստվածաբանական տեսանկյունից «քույր» չէ բողոքական եկեղեցուն, քույր չէ անգամ Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների հետ (Առաքելական եկեղեցին քույր է համարում Ղպտի, Եթեվպական Ասորի, Հնդիկ Մալանկարա, Էրիթրեայի եկեղեցիներին, որոնք ընդհանուր անունով կոչվում են Օրիենտալ կամ Արևելյան եկեղեցիներ), այլ ուղղակի ջերմ և եղբայրական հարաբերությունների մեջ է նրանց հետ, ինչը Հայաստանի Ավետարանչական շարժման հետ ոչ մի կերպ չի ստացվում: Հայաստանում չկա ու չի էլ կարող լինել  համատարած հանդուրժողականությունը «աղանդների» հանդեպ, որովհետև տրամաբանությանը հակառակ փոքրմասնությունը սխալ է հանում մեծամասնությանը: Ու թեև եթերով հայտարարում եք, որ Առաքելական Եկեղեցին ճշմարտության կրողն է, չեք կարող պատասխանել հնչած հարցին, թե ինչո´ւ են «Հայաստանի բողոքականները» սեփականացնում Մայր Եկեղեցու հետևորդներին: 
Հիմա հարցս. ինչո՞ւ են մարդիկ Հայաստանում հանդուրժող այլադավան մոլոկանների, ռուս ուղղափառների, այլակրոն եզդիների, հրեաների և մահմեդականների հանդեպ, բայց քրիստոնյա ավետարանչականների հանդեպ անհանդուրժող են: Պատասխանեմ Ձեր փոխարեն. որովհետև նշվածներից ոչ մեկը մեծ հաշվով երբեք չի մտել Առաքելական Եկեղեցու ծոցը և փորձել «ճշմարտության» բերել նրա հետևորդներին մոլորությամբ խլել ու տանել և ավելացնել սեփական շարքերը: Ա՞յս է Ձեր ասած «սեր ամեն ինչումը»:

Արման Մանուկյան - Բավ է ականջի կոշտուկ (мозоль) անեք Գործք Առաքելոցի 24:5 հատվածը, որտեղ «աղանդ» բառը, այն էլ Ձեր մեկնաբանությամբ, ամենևին օգտագործված չէ, այլ կա հունարեն αιρεσεων (էրեսեօն) բառը, որ հայերենում դիպուկ թարգմանված է «հերձված» և ճիշտ համընկնում է «աղանդ» բառի այն իմաստի հետ, որ այսօր Հայաստանում սովոր ենք կիրառել: «Հերձված» նշանակում է ավանդական դավանական ուղղությունից շեղված ու անջատված մեկ այլ դավանանք: Այո´, եղբայր, հրեաները առաջին դարում կարծում էին, թե քրիստոնյաները` Նազովրեցի Հիսուսի հետևորդները մովսիսական ավանդական կրոնից անջատված շարժում են նույն այդ մովսիսականության հիմքով (իրականում քրիստոնեությունը միանգամայն այլ կրոն է), ինչպես Բողոքականությունը ավանդական Հռոմեակաթոլիկ եկեղեցուց շեղված և անջատված այլադավան ուղղություն է: Այնպես որ աղանդ բառի այսօրվա միջազգային տերմինաբանությամբ մի դատեք: Մի բան է եվրոպական sect-ը, մեկ այլ բան են հերձված-հերետիկոսությունը հունարենում և աղանդը հայերենում:
Այն հարցը, որ պատվելի Նավոյանին տրվեց, Ձեզ էլ է վերաբերում, և սա է գերլարվածության պատճառը միջդավանական հարաբերություների մեջ: Եթե հայ բողոքական շարժումն իրեն իրավունք չվերապահեր միսիոներություն կատարել Հայաստանում, որի բնակչության ճնշող մեծամասնությունը իրեն Առաքելական Եկեղեցու հետևորդ է համարում (գիտակցվածության խնդրին չեմ անդրադառնում, դա Ձեր հոգսը չպիտի լինի, այլ` Առաքելական Եկեղեցու), ուրեմն Դուք ձեր եղբայրների հետ բարոյական, դավանական, իրավական և զուտ մարդկային ոչ մի իրավունք չունեք այդ մարդկանց համոզելով ձեր թիվը ավելացնել: Եվ հակառակը. Առաքելական Եկեղեցու և ոչ մի սպասաովոր իրավունք պիտի չունենար իր եկեղեցին պարտադրելու Ավետարանական համայնքի ներկայացուցչին: Միայն թե գառնակերպ գայլերը այս սահմանները վաղուց արդեն խախտել են...
Ինձ մի պատմություն պատմեցին, որ անձամբ Ձեզ օգտակար կլինի: Ֆրանսիայի մեջ նույն շենքի նույն հարկում իրար կից ապրելուց են եղել Բողոքական պատվելին և ծանր հիվանդ մի կին, որ Առաքելական Եկեղեցու հետևորդ է եղել: Իմանալով այս կնոջ հիվանդութայն մասին մի օր պատվելին թակում է դուռը և առաջարկում աղոթք անել: Կինը չի մերժում և ընդունում է: Աղոթքի ավարտին կինը ցանկություն է հայտնում վարձահատույց լինել պատվելուն` խնդրելով հնարավորինս հաճախ այցելել իրեն: Գիտե՞ք ինչ է պատասխանում բողոքական պատվելին:
- Ես խոստանում եմ ամեն երեկո տուն մտնելուց առաջ նախ Ձեզ այցելել և աղոթք անել, բայց ամենամեծ վարձատրությունն ինձ համար այն կլինի, որ դուք շարունակեք այցելել Առաքելական Եկեղեցի և այդ եկեղեցու հոգևորականին  հրավիրեք աղոթքի Ձեզ համար:
Պրն. Մանուկյա´ն, հիմա հարցս. նման փորձառություն երբևիցե ունեցե՞լ եք: Համենայն դեպս Տաթև և Սաթենիկ Ամիրխանյանների անունները ինձ ստիպում են հակառակը մտածել:

Տերը օրհնի բոլորիդ:
Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...