7.3.13

ՄԱՐԴԸ և ՊԱՀՔԸ

inchpes-pahel-pahqy
Այնպիսի ժամանակներում ենք ապրում, երբ փողի ու փորի թագաւորութիւնը խլել է մարդուս գլխից բանականութեան թագը և նրան իր բարձրութիւնից իջեցրել, անբան անասունին է հաւասարացրել: Ինչքան մարդս մօտեցել է փողին, այնքան հեռացել է Աստուծուց. ինչքան տաքացել է փողի վրայ, այնքան սառել է Աստուծուց. իր Աստուածը նա փողի մէջ է փնտռում, և երբ մէկն ասում է. «Փողը երկրորդ աստուածն է», «առաջին աստուածն է»՝ վրայ է բերում միւսը: Ինչո՞ւ: Որովհետև, հէնց որ լուսանում է, փողի մասին ենք խօսում, փորի մասին մտածում:
Իսկ եթէ դեռ կան մարդիկ, որոնք լուսաբացին երեսները դէպի արևելք, դէպի «շաղաթաթախ աղօթարան» ուղղած՝ աղօթում են, անկասկած, նրանք էլ փողի ու փորի համար են աղօթում: Բայց մարդս ստեղծուած է աւելի բարձր, աւելի հոգևոր կեանքով ապրելու, քան թէ ցած, մարմնաւոր կեանքով: Երբ մենք վերինը, հոգևորը թողած՝ անսանձ, անզուսպ կեանք ենք անցկացնում, դրանով ցոյց ենք տալիս, որ մեր կեանքի անասնական մասովն ենք ապրում. ո՞ւր է հապա մարդկայինը:
Երբ մենք հոգին ու հաւատը թողել՝ մարմինն ու փողն ենք պինդ բռնել, երբ հաւատի պատուէրները թողել՝ փողին ենք ծառայում, երբ հոգու պահանջները մոռացած՝ մարմնի պահանջներն ենք կատարում, էլ ո՞րտեղ մնաց Աստուծոյ պատկերը, Աստուծոյ նմանութիւնը: Մեր բանական պատկերն անբան անասունի պատկերի հետ չե՞նք փոխել արդեօք: Ահա մի այսպիսի ապականուած ժամանակ՝ այս փողապաշտութեան, այս փորապաշտութեան ժամանակ, որ մեզ ջրհեղեղի ժամանակներն է յիշեցնում՝ «Ուտէին, ըմպէին, կանայս առնէին և արանց լինէին», երբ փողատէրը պարարած, ճարպակալած՝ ամենակեր խոզի կերպարանք է ստացել, երբ մարմնապաշտը որովայնի թաղանթները, ստամոքսի պատերն է լայնացնում, երբ հէնց մեծ պասի առաջին օրից վաճառանոցները լի են ամէն տեսակ մսեղէնով ու ձկնեղէնով, երբ որովայնամոլի կարմրատակած թշերից արիւն է կաթկաթում, երբ չորեքշաբթին ու ուրբաթը ուրիշ օրերից ոչնչով չեն զանազանւում, և պասը
միայն օրացոյցներումն է գրուած, մի այսպիսի մարմնապաշտ ժամանակ, ահա, ես ուզում եմ խօսել «պասուայ» մասին: 

Բայց ի՞նչ է խօսում նրա մասին ինքը ժողովուրդը: Ժողովուրդը, եթէ նա չքաւոր է, աղքատ կամ նահապետական ընտանիք, այնքան է սիրում ու գովում պասը, որ հաւատի շէնքի հիմնաքարերից մէկն է համարում, պահում է նրան սրբութեամբ և խստութեամբ, գիտէ անգիր թէ՝ որ ամսին ինչ պաս է գալիս, որ տօնից յետոյ որ պասի բարեկենդանն է: Նա «բերան փակէք» ու «բերան բացէք» էլ ունի, որի մասին ուրիշը հասկացողութիւն անգամ չունի: Նա, մանաւանդ մեծ պասի առաջին առաւօտը, եկեղեցում «Լուացարուք, սրբեցարուք»-ը լսելուց յետոյ գնում տուն, մոխրաջրով այնպէս է լուանում, մաքրում ու պասահան անում ամանները, որ խեղճ պղնձեղէնի հոգին էլ հետն է դուրս գալիս: Նա պաս ուտելն ու թուրքանալը մէկ է համարում, պաս ուտողը նրա աչքի գրողն է, էլ լափ ու լուտանք չէ մնում, որ նրա գլխին չթափի: Գիւղացի ժողովուրդը մեծ պասի առաջի օրը այնպիսի մի սրբազան ուրախութիւն է զգում, ինչպիսին Զատիկ օրը: Նրանք այդ օրը տնէ տուն ման գալով և ջերմ համբոյրներ տալով միմեանց՝ շնորհաւորում են պասը: 

Ի՞նչ է ասում իր վիճակից գոհ փարթամը. «Պասը յիմար բան է, մարդկանց հնարած բան է. պասն էն է, ինչին որ ձեռքդ չէ հասնում: Ի՞նչ է՝ լոբի ուտեմ՝ դրախտ կը գնամ, միս ուտեմ՝ դժո՞խք կը գնամ: Լոբին էլ, միսն էլ Աստուծոյ ստեղծած է, ուրբաթն էլ, շաբաթն էլ Աստուծոյ օրն է: Կե՛ր, եղբա՛յր. ո՞վ է հարցնում, կեանքն առանց էն էլ շատ կարճ է»:

Ի՞նչ է նշանակում պաս: Պաս կամ պահս բառը դուրս է եկած պահք բառից, որ նշանակում է պահեցողութիւն, պահել: Բայց ի՞նչը պահել: Պէտք է պահենք, այսինքն զսպենք մեր անձը, որպէս զի չթմրի, չքնի, չմեռնի մեր հոգին: Ինչքան մարմինը գերանում, զուարթ անում է, այնքան հոգին նրա մէջ ճնշւում, խեղդւում է: Եւ որովհետև մեր բոլոր զգացմունքները բթանում, քարանում են պարարտ ացնող կերակուրներից և գրգռիչ խմիչքներից, այս պատճառով սահմանուած է նաև կերակրեղէնի պահեցողութիւն: Պահեցողութեան նպատակն է մարմինն ու զգայութիւնները մահացնել՝ հոգին ապրեցնելու համար: 

Պահեցողութեան նպատակն է մտքի մաքրութիւն և սրտի սրբութիւն: Եւ որովհետև դրանց երկուսին էլ կարող են արատաւորել ու վնասել աչքի տեսողութիւնը, ականջի լսողութիւնը, լեզուի ասողութիւնը և այլն, ուստի պէտք է դրանց վրայ էլ սահմանենք պահեցողութեան կանոններ: Եթէ ոչ՝ անօգուտ բան է բերանով պահել, իսկ միւս զգայարանքներով չզգուշանալ
մեղքի առիթներից: Պէտք է պահենք մեզ ոչ միայն կերակրեղէնից, այլ և այն ամէն բանից, ինչ որ կարող է մեղքի պատճառ դառնալ: Իսկ նա, ով միայն կերակրեղէնի պահքն է բռնում՝ առանց իր զգայարանքների վրայ պահապաններ դնելու, նման է այն մարդուն, որ մի կողմից պարիսպ է կանգնեցնում թշնամու առաջը, միւս կողմից տասը տեղ դուռն է բաց թողնում նրա համար: Մի բան էլ կայ. Քրիստոս գլուխն է, մենք՝ Նրա մարմնի անդամները: Ինչպէս Քրիստոս առաջ խաչուեց ու յետոյ փառաւորուեց, այնպէս էլ մենք առաջ պէտք է մեր մարմինը պահքով ու ճնշելով խաչ հանենք, որ յետոյ արքայութեան մէջ Քրիստոսի հետ փառաւորուենք, ինչպէս առաքեալն է ասում. «Որպէս կցորդք եմք չարչարանացն, նոյնպէս և խիթարութեան»: Առանց չարչարանքի փառաւորուել չկայ. փշով պսակուած գլխի անդամներին վարդի պսակ չի վայելի:
Էմմանուէլ քհնյ. Նազարեանց
ՊԱՐԶ ՔԱՐՈԶՆԵՐ (Բ)
19-րդ  դար

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...