14.3.13

ՈՏՆԼՎԱ

ՈՏՆԼՎԱ

Որպես ննջասենյակ ծառայող սրահի պատերը թաց են, խոնավությունն այստեղ պատվավոր քաղաքացի է: Այստեղ արևի ոչ մի ճառագայթ չի այցելում: 

Իսկական Ավագ Չորեքշաբթի... 

Սենյակի սպիտակ դուռը կատվի պես մռռալով բացվում է: Փոթորիկի նման արագ ներս է մտնում սևամորուք վարդապետը:
-Ո՞վ է: 
Ճեմարանականները գլխով ցույց են տալիս իմ մահճակալը: Մոտենում է. կարճ մատներով բռնում է գլուխս:


-Ջերմաչափը հանիր, տեսնեմ: 

-Հիվանդ չեմ, Հայր Սուրբ, մի քիչ թույլ եմ զգում, այսքանը,- կիսաձայն շշնջում եմ: Առողջ ձևանալու իմ փորձերը ցրվում են. Վարդապետը թևիս տակից հանել է ջերմաչափը: Նրա երեսը սկսում է նմանվել սենյակի պատերին, միայն աչքերի արագ շարժն է հուշում, որ նա ողջ է: 
-Բան չկա... 
Չգիտես ինչու` վազում է սենյակից դուրս, ասես` հրշեջ կանչելու: Միջանցքից նրա ոտնաձայներն են լսվում, քիչ անց` նրա ձայնը` Այո, այո, այո, շնորհակալ եմ, բժիշկ: 
Դուռը նորից մռռում է: 
Տանն եմ... վառարանի կողքին մայրս կոմպոտ է դրել... սառն եմ ուզում, մամ... ցորենն արդեն քաղե՞լ են... պապ, հիմա պետք չէ վառել արտը... արտի հետ այրվում է քամին... Ոտքերս են այրվում... Աստղիկ տոտա, մենք ուղղակի խաղում էինք... շրջվում եմ, ետևի կողմում կրակ է, ոտքերս են այրվում, ոտքերս են այրվում... առաջին անգամ ուրախ եմ, որ ինձ բակի երեխաները ջրում են, սառն է, սառն է ջուրը.. «Եթե այս բաները գիտեք, առավել երանելի եք, եթե դրանք կատարեք...»: 


Աջ թևիս թմրությունից արթնանում եմ: Սենյակը լուռ է: Սենյակը մութ է: Կողքիս մահճակալի վրա կարմիր լույս է թարթում: Ախ, Տեր Աստված, դեռ մղձավանջը չի՞ ավարտվել..., հիմա էլ այլմոլորակայիննե՞ր:

Թարթող լույսը մոտենում է ինձ.
-Լա՞վ ես:
-Հայր սու՞րբ, Հայր Սուրբ, ես հիվանդ չեմ, մի քիչ թույլ եմ զգում:
-Գիտեմ, ես էլ հենց դա եմ ասում: Մեկ ժամից լույս կլինի, բոլորս եկեղեցում կլինենք, միասին կաղոթենք: Սիրտդ ի՞նչ է ուզում:
-Չէ, բան չէ, բայց եթե տանը լինեի, մայրս կոմպոտ կբացեր:
-Արդեն գիտեմ, քնիր, մի քանի ժամից Ավագ Հինգշաբթին է:
Եթե կղզու ետնամասում դեղին զանգակները ծաղկել են. Արարատյան դաշտում ամառ է սկսվել: Ճեմարանականներով բարձրանում ենք եկեղեցի ու աշխարհի ու մեր վերքերը քննում ու «բուժում»: Հիշում ենք անցնող Ավագ Հինգշաբթին, որի ընթացքին տեսուչը Ոտնլավայի կարգն էր կատարել` խորհրդանշական 12 առաքյալների փոխարեն լվանալով եկեղեցում եղած բոլոր տղամարդկանց ոտքերը և համբուրելով դրանք:
-Ես չէի կարող, ոչ էլ երբևէ կփորձեմ նման բան անել,- մռթմռթում եմ ես` մի տեսակ զայրանալով վարդապետի այդ քայլի վրա: Ընկերներս ժպտում են. որքան էլ տարօրինակ է, նրանք այս հարցում չեն վիճում ինձ հետ:

Կղզին հարստացել է տուրիստներով, յասամաններն էլ վաղուց ծաղկել, մայր ճուղից պոկվել ու... գրկախառնվելով դասախոսներին, իջել են մայրաքաղաք: 
Ընկերներով քայլում ենք տաք ավազի վրայով: 
-Ոտքերս վառվում են... 
-Նորից չսկսես,- ժպտում է ընկերներիցս մեկը: 
Այդ օրը ընկերներիցս իմացա, որ Ավագ Չորեքշաբթի, երբ ես հիվանդ էի, կեսգիշերից առաջ Հայր Սուրբը, անտեսելով իմ զառանցանքները, կոնքի մեջ շատ տաք ջուր էր լցրել, ոտքերս լվացել ու սրբիչով չորացրել էր, ապա սպիրտով թրջել էր մարմինս ու տաք վերմակով ծածկել ինձ: Բոլոր ընկերներս հաջորդ օրվա առատ ծեսերից «հոգնելու» վախից քնել էին, իսկ վարդապետը, հեռախոսի թարթող կարմիր լույսով հսկել էր ինձ ողջ գիշեր. առավոտյան սենյակակիցներս բնական հյութով կենացս էին խմել:

2002թ.
(Սպասավոր)

2 արտահայտվիր:

Blog News комментирует...
15.03.2013, 8:29

Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

harga ranjang pasien комментирует...
29.06.2016, 23:27

Hello there, You've done a great job. I'll definitely digg it and individually recommend to my friends. I'm sure they'll be benefited from this website.

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...