20.2.13

ՁԻԱՐՇԱՎԱՐԱՆ

Այստեղ ձիարշավարանները գետնի տակ են... Ձիերն էլ քիչ տարբեր են՝ ճերմակամորթ, սև, դեղին, կարմիր, երբեմն բազմագույն՝ բազմաբնույթ ու տարասեռ «ալխոներ», որ ինքնամոռաց սուրում են: Վարգում են քառատրոփ՝ կամարաձև գետնատակի քարտեզն ի վեր ու վար՝ սիրալիր հրմշտելով մեկմեկու: Գրեթե չեն խոսում, չեն խրխնջում անգամ. միայն հևիհև շտապում են՝ թոքերից մինչև ռունգերը մղելով գոլորշու պես շոգիացող ածխաթթու գազը: Սմբակների տակից անհամաչափ արձագանքում է կրունկային կըտկըտոցը, և կայծակ է պեծին-պեծին տալիս ոտնատակերից: Ու դու, որ ընդամենը մի երիտասարդ ու նորեկ զամբիկ ես, որտեղից որտեղ հիշում ես մեծ պոետին.


«Դոփում են, դոփում են, դոփում են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը...»:


Թվում է, թե հեծյալներ չունեն, թվում է՝ ազատ են սանձերից ու թամբերից, բայց... միայն թվում է... Նոր ժամանակների ու նոր աշխարհների «նժույգներն» այսպիսին են. նրանց միայն թվում է...

Վազում են բոլորը. շնչահեղձ են, ինքնուրաց ու անտարբեր այլոց հանդեպ: Ջանում են վայրկյան առաջ հասնել ախոռ, որտեղ հաղթանակողի վստահությամբ պիտի ճաշակեն իրենց հանապազօրյա հարդը, մինչև հովատակների մրցման հաջորդ մեկնարկը տրվի... Ու դռները կբացվեն, ու... Ու ձիերին դարձյալ թվում է: Թվում է, թե երջանիկ են... 

Դոփում են, դոփում են, դոփում են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին,_
Անծայր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնու՜մ են, գնու՜մ են, գնու՜մ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքիս մեջ հիմա,_
Անհա՜յտ է աշխարհը`անցում է ու մահ:


0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...