31.12.12

ԱՄԱՆՈՐՅԱ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ 19-ՐԴ ԴԱՐԻՑ

Այսօր նոր տարվա սկիզբն է, որ կոչվում է Կաղանդ, ինչի համար ասում եմ իմ սիրելիներին. «Շնորհավոր Կաղանդ ու նոր տարի թող լինի, և բարերարն Աստված թող շնորհի առաջիկա նոր տարին անցկացնել խաղաղությամբ ու խնդությամբ և մանավանդ առաքինի վարքով. ամեն:

Բոլոր քրիստոնյաների մոտ սովորություն է, որ այսօր միմյանց շնորհավորում են և մեծարում են տեսակ-տեսակ նվերներով. ամենքը միասին ուրախանում են մեծապես: Եվ ես չեմ զարմանում նրանց` միմյանց շնորհավորելու և մեկմեկու մեծարելու վրա, քանի որ սա քաղաքավարութուն է և քրիստոնեական բարեպաշտություն: Սակայն ես առավել զարմանում եմ չարագործների ուրախության վրա, նրանց, ովքեր առհասարակ բարեգործների հետ միասին են ուրախանում և բերկրում, քանի որ այսօր Կաղանդ է և Նոր տարի: Եվ ո՞րն է նմանների ուրախության պատճառը այս նոր տարվա օրով. միայն արդարներին և առաքինի անձանց է պատշաճում ուրախանալ այսօր, քանի որ անցած հին տարին իրենք չանցկարեցին ունայնութեամբ, այլ առաքինությամբ և պես-պես բարեգործություններով, ինչը և տվեցին անցեալ տարուն իբրև ավանդ` հանդերձյալ աշխարհում վայելելու համար: Այնտեղ են դրանք պահված այժմ որպեսզի Երկնքի Արքայությունում դառնան հաղթանակի պսակներ: Արդ, այսպիսիների համար, արդարև, վայելուչ է ուրախանալը, այսպիսիք հույսով առաքինություն են ամբարում, մանավանդ երբ տեսնում են այս աշխարհի թշվառ կյանքը, որ լի է զանազան փորձություններով: Պակասեց մեկ տարի ևս, և այդպես նրանք երեք հարյուր և վաթսունհինգ քայլ ևս առաջ գնալով` մերձեցան հանդերձեալին` ժառանգելու իրենց վաստակի պսակները:

Բայց ինչո՞ւ են այսօր ուրախանում նաև չարագործ մարդիկ. ուրախանում են, որ տարին դեպի անցյալ գնաց, սակայն նրանք ոչ մի բարի բան չգործեցին, այլ միայն` իրենց մոլությունները, որոնք հանդերձյալում նրանց համար այրման նյութ պիտի լինեն հավիտենական հրի մեջ: Անմիտները չեն մտաբերում, որ իրենց կյանքում մեկ տարի ևս պակասեց և անցնելով հին տարուց ու այն նորով փոխանակելով` իրենք իրենց մոտեցնում են հավիտենական դատապարտությանը: 

Մեղքը, որ գործում է մարդը, ոչ միայն հանդերձյալում է հոգին այրում, այլև այս աշխարհում այրում ու չորացնում է հոգեկան ամեն բարի բան. այս տեսնելով` Ներսես Շնորհալին «Աշխարհ Ամենայն» երգում ցավելով ասում է.



«Հուր մեղաց կիզող 
Հրդեհեաց որ յիս, 
Հոգևոր բարիս»: 

Եթե այսպես է, ապա մեղավորներն այսօր չպետք է ուրախանան, այլ արտասուքներով, ապաշխարության զղջումով ու խոստովանությամբ պետք է ջանան մեղքի այս հուրը մարել: Ասում են` Եթովպիայում մի գեղեցիկ սովորություն կար. այդ երկրի ժողովուրդը նոր տարվա սկզբին մարում էր ամեն մի հուր, որ ուներ տանը, որպեսզի իրանց թագավորն իր ձեռքով նոր հուր վառեր, և մարդիկ, այդ հրից վերցելով, իրենց տներ տանեին ու նոր լույսով լուսավառեին իրենց կանթեղները: Այսպես ուրեմն մենք էլ պարտավոր ենք վերցնել մեղքերի հին հուրն ու վատ սովորությունները և հանգցնել, ապա վերցնելով այն հուրը, որ մեր թագավորը Քրիստոս վառեց երկրի վրա` դրանով լուսավորել մեր հոգու տունը: Երբ մենք այս հուրը ստանում ենք, այրվում է հոգու ամեն տեսակ աղտ, սրբվում է մեր խղճմտանքի բիծն ու աղտեղությունը, մաքրվում է մեր մարմնի մեղքը, և որ ամենակարևորն է՝ մեր սրտում վառվում է Աստծո գիտության լույսը: Այս կերպ կարողանում ենք մեր ամեն պակասությունը տեսնել, և ջանում ենք լցնել դրանք: Այս ցանկալի հուրն էր մեր երանելի Ներսես Շնորհալի Հայրապետը մաղթում` ուսուցանելով ամեն ժամ խնդրել ասելով՝



«Հուր կենդանի Քրիստոս, զհուր սիրոյ քո զոր արկիր յերկիր, բորբոքեա յանձն իմ, զի այրեսցէ զախտ հոգւոյ իմոյ և սրբեսցէ զխիղճ մտաց իմոց և մաքրեսցէ զմեղս մարմնոյ իմոյ և վառեսցէ զլոյս գիտութեան քո ի սրտի իմում»: 

Արդ, եթե դու ցանկանալով սրտիդ մեջ ընդունես այս հուրը, որ Քրիստոսից է բորբոքված, արդարև քո մարմնով ու խղճմտանքով` որպես զտված ոսկի կմաքրվես մեղքի աղտից, և կփարատվի հոգուցդ հանցանքի աղջամուղջը ու լուսաւորված կպայծառանա մտքիդ տեսողությունը, որով կկարողանաս աներեր ընթանալ դեպի կյանք, դեպի Երկնքի Արքայության ուղին, որին թող արժանացնի բարերարն Աստված իր անճառելի ողորմությամբ:

Ազատ փոխադրություն` 
Տ. Թադեոս վրդ. Եկավյան-Ասվածատուրյան, Գիրք Քարոզիք, Ծանուցումն ի Կաղանդի աւուրն (19-րդ դար)

Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

2 արտահայտվիր:

Anonymous said...
12/31/12, 11:39 PM

hima amaori gishern e. bolor kenacneric pareric ergeric heto lrutyan mej kardum em ays hrashali toxer@...... iskapes Duq iravaci eq.... ayo erkrayin ays kyanq@ ancnum e ev inch enq menq jarangelu? Shnorhakal em Dzez vor porcum eq evs mek angam mez artnacnel mexqi mahaber qnic

ՀՈՎՅԱՆ said...
1/7/13, 7:44 AM

Ձեր փոքրիկը իսկապես հրեշտակ է: Աստված պահապան փոքրիկին...

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...