23.11.12

ՅՈԹ ՊԱՅՄԱՆ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ ԽՈՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ


Չէ՛, խոսքս ամենևին օտար լեզուներով (անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գրմաներեն...) խոսելու մասին չէ: Գրառումս Նոր Կտակարանում` հիմնականում Սուրբ Պողոս առաքյալի Կորնթացիներին ուղղված առաջին նամակում հիշատակված լեզվախոսության, այսպես կոչված անիմանալի լեզուներով խոսելու շնորհի (глосолалия, speaking tongues) մասին է: Սուրբ Հոգու այս շնորհի (հմմտ. Ա Կորնթ. 12:1-11) մասին Սուրբ Պողոսն ասում է. «Կամենում եմ, որ դուք ամենքդ էլ լեզուներ խոսեք...», «...լեզուներ խոսելը մի՛ արգելեք» (Ա Կորնթ. 14:5, Ա.Կորնթ 14:39):

Ավելին, որոշ մեկնություններ ենթադրում են, թե Սուրբ Պողոսն ինքը այդ շնորհից անմասն չի եղել (Ա Կորնթ. 14:18), բայց միևնույն ժամանակ առաքյալը այսպիսի եզրակացության է գալիս. «...եկեղեցու մեջ կամենում եմ հինգ խոսք խոսել խելքով, քան բազում խոսքեր՝ լեզվով (Ա Կորնթ 14:19):

Այնուամենայնիվ Կորնթացիների այս նամակի 14-րդ գլուխը ապացուցում է, որ արդեն առաջին դարում լուրջ խնդիրներ կային լեզվախոսության շնորհի հետ կապված: Ահա այս շնորհի զեղծարարումից ու իմիտացիայից (օրինակը կարող եք դիտել այստեղ :) ) և եկեղեցում դրա սխալ ու կամայական կիրառումից խուսափելու համար (օրինակը կարող եք դիտել այստեղ :( ) Պողոս առաքյալը առաջ է քաշում մի քանի պայմաններ, որոնք պիտի փաստեն այդ շնորհի` Սուրբ Հոգուց լինելու մասին և թույլ տան իրական շնորհը զանազանել կեղծից: Համառոտ ծանոթանանք այդ պայմաններին`
  1. Լեզվախոսությունը պետք է ունենա մեկ նպատակ` օգտակար լինել քրիստոնեական համայնքին` եկեղեցուն, Պողոս առաքյալի խոսքերով` «թող այդ բոլորը լինի ի շինություն եկեղեցու» (տե՛ս Ա Կորնթ. 14:26),
  2. Շնորհին արժանացածների և խոսողների թիվը չպետք է անցնի 2-3 հոգուց (տե՛ս Ա Կորնթ. 14:27),
  3. Այս շնորհն ունեցողնրը պետք է խոսեն ոչ թե խմբովին, այլ մեկ-մեկ (տե՛ս Ա Կորնթ. 14:27),
  4. Եթե մեկը խոսում է, ապա պետք է լինի մեկ ուրիշը, ով կթարգմանի նրա խոսածը, հակառակ դեպքում խոսելն ԱՐԳԵԼՎՈՒՄ Է (տե՛ս Ա Կորնթ. 14:27-28),
  5. Ինքը` շնորհն ունեցողը, պետք է աղոթի, որպեսզի կարողանա նաև մեկնաբանել իր խոսածը (տե՛ս Ա Կորնթ. 14:13),
  6. Իգական սեռի նրկայացուցիչները եկեղեցում անիմանալի լեզուներով խոսել չեն կարող. կանանց այդ արգելվում է (տե՛ս Ա Կորնթ. 14:34),
  7. Այս հրահանգներն ու պայմանները Պողոս առաքյալի մտքի թռիչքով չէ, որ առաջ են քաշվում, այլ «Տիրոջ պատվիրաններն են։ Իսկ եթե մեկն անգիտանա դրանք, նա թող անտեսվի եկեղեցուց» (տե՛ս Ա Կորնթ. 14:37-38): 
Առհասարակ խորհուրդ կտամ նաև Կորնթացիներին ուղղված Ա նամակի 14-րդ գլուխը կարդալ ամբողջովին: Ցանկացողները կարող են կարդալ նաև բավական վաղուց գրված Super Man հոդվածը: Տերը օրհնի բոլորիդ:

3 արտահայտվիր:

Armen Sargsyan комментирует...
23.11.2012, 21:47

Շնորհակալ եմ Տեր Հայր, ինչպես միշտ արդի և պետքական նյութ

Blog News комментирует...
26.11.2012, 9:05

Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

Տաթևիկ комментирует...
21.08.2013, 11:17

Ինչ ահավոր էին վիդեոները...

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...