30.8.12

ՇՂԹԱՅՎԱԾ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ


Դռնապանը ոտաձայներ լսեց ու թեև արբած էր խոզի նման, ոլորուն քայլերով մոտեցավ դռան պատուհանիկին` գինու գավը թաքցնելով մեջքի ետևում:
- Պո՛չդ խուզիր այստեղից, ողորմելի՛ ճիճու,- դիմեց նա մոտեցող ցնցոտիավորին, թե չէ...
Լուսինը ցոլացրեց պատուհանիկից ներս նետված 3 ոսկեդրամները, որոնց զրնգոցը իսկույն կտրեց բանտապանի հայհոյանքները:
- Ա՛յ սա ուրիշ բան,- ոգևորված մռմռաց նա և մեծավ ոգևորությամբ բաց արեց դուռը,- միայն թե արագացրո՛ւ, թե չէ...
Եկվորն առանց դեմքը ցույց տալու, արագ քայլերով  ուղղվեց դեպի մեկուսարանը:
«Տարօրինակ են այս մարգարեի աշակերտները. աղքատությունից ողջ օրը ոչինչ չեն ուտում, բայց պատրաստ են օրական մի քանի անգամ վճարել իրենց ուսուցչին տեսնելու համար... Ոչինչ չեն ուտում, դրա համար էլ հարուստ են, ողորմելի լինելու չափ հարուստ»,- իր իսկ սրամտության վրա խնդմնդաց դռնապանը:
Գետնահարկ նեղլիկ խցում, որտեղ մուտքը արգելափակված էր երկաթյա ճաղավանդակով, մարգարեն ծնկի իջած աղոթում էր:
- Սպասի՛ր, հիմա ավարտում եմ,- դիմեց նա եկվորին`առանց շրջվելու:
- Ինձ համար էլ աղոթի՛ր, մարգարե՛,- կամացուկ շշնջաց մաշված թիկնոցով մարդը` անհանգստությունից կտրատվող ձայնով:
- «Նեղության մեջ հիշեցինք քեզ, որովհետև քո տված փոքր նեղությունը խրատ է մեզ համար»/1/ ասում է Եսայի մարգարեն,- կարճելով աղոթքը վերջապես խոսեց Հովհաննեսը,- ի՞նչ է պատահել:
- Արետասը ինձ պատերազմ է հայտարարել. նրա դուստրը` նախկին կինս, մատնել է ինձ, նա ուրացավ ինձ տրված իր ուխտը:
- Իսկ դո՞ւ:
- Ես ի՞նչ:
- Իսկ դու չես ուրացե՞լ, իսկ դու չես դավաճանե՞լ, Անտիպա՛ս:
- Ի՞նչ ես ուզում այս հարցերով ինձ ասել:
- Ինքդ էլ շատ լավ գիտես, բայց փորձում ես խաբել ինքդ քեզ, մյուսներին, ինձ... Աստծուն խաբել չես կարող:

Հերովդեսը, կարծես փորձելով փոխել խոսակցության նյութը, հանդիմանալից դիմեց Հովհաննեսին:
- Ինչո՞ւ ես ինձ մեջքով նստել, ինչո՞ւ դեպի ինձ չես դառնում, արհամարհո՞ւմ ես:
- Արհամարհում եմ, արհամարհում եմ ճիշտ այնպես, ինչպես դու Բարձրյալին ես արհամարհում և թիկունքով ես դարձել դեպի Նա: Ճիշտ այդպես ես էլ քեզ հետ թիկունքով պիտի խոսեմ:
- Դու գիտես, որ ես իշխանություն ունեմ քեզ սպանելու, ինչո՞ւ ես հանդգնում, մարգարե՛:
- Երանի թե միայն ինձ սպանեիր...
- Մկրտի՛չ, գիտես, որ ես քեզ ընդունում եմ որպես արդար եւ սուրբ մարդու, և քեզ անսալով՝ շատ բաներ եմ անում և քաղցրությամբ եմ լսում քեզ/2/...
- Ո՞վ եմ ես, ընդամենը մի աննշան ճրագ ի համեմատ Արդարության Արեգակի, և դու քաջ գիտես, որ իրական աստվածահաճո կյանքը Աստծո պատգամները լսելու և կատարելու, Տիրոջ ճանապարհով քայլելու մեջ է, ոչ թե...
- Ի՞նչ զանցառություն եմ գործել ես, որ արժանանում եմ արհամարհանքիդ:
- Քեզ հայտնի՞ է Օրենքում գրվածը. «Եթե որևէ տղամարդ պառկի իր եղբոր կնոջ հետ, դա պղծություն է. նա բացած է լինում իր եղբորը պատկանող ամոթույքը...»/3/, իսկ դու հափշտակեցիր եղբորդ` Փիլիպպոսի կնոջը, որ ոչ ավել ոչ պակաս քո զարմուհին է։ Դու լավ գիտես, որ կնոջն արձակելու համար անհրաժեշտ է նախ նրան արձակման թուղթ տալ/4/, իսկ դու արհամարհեցիր Օրենքը:
- Դու ինձ մեղադրելու իրավունք չունես, մարգարե՛, ես պատանյակի նման սիրահարված եմ Հերովդիային,- արդարացավ Հերովդեսը՝ կրծքով պիրկ սեղմվելով ճաղերին,- նա՛ էլ ինձ է սիրում. մի՞թե Բարձրյալը հակառակ է սիրող սրտերին։
- Սիրտդ լի է ցանկասիրությամբ ու վայելքների մարմաջով, իսկ միտքդ ու խիղճդ խեղդվում են մեղսալից կյանքից, Հերովդե՛ս։ Կարծրացել ես անօրենության մեջ, ուրացել ես սրբազան հավատքը, թե՞... Գուցե եդովմական արմատներիդ ես դարձել...
Մկրտչի վերջին բառերի հետ Անտիպասը սաստիկ ցնցվեց։
Ես  հռոմեացի եմ, Հռոմի ա-զատ քա-ղա-քա-ցի, լսո՞ւմ ես,- ատամները սեղմած գռմռաց նա՝ վանկարկելով վերջին բառերը։
Հռոմը ազատների քաղաքն է, իրավ է, սակայն Հռոմը պատժում է հանդուգն սանձարձակներին, այն չի հանդուրժում ազատությունը չարաշահողներին։
Հույների նման անհասկանալի ես խոսում,- հեգնեց չորրորդապետը,- ինչպե՞ս հասկանամ։
Ինձանից մեծ Մեկն ասել է. «Ճանաչի՛ր Ճշմարտությունը, և Ճշմարտությունը քեզ կազատի»/5/։
Իսկ դու ճանաչո՞ւմ ես այն։
Հովհաննեսը լուռ էր։
- Ես չէի ճանաչում նրան. սակայն Նա, ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, Նա ինձ ասաց. «Ում վրա տեսնես, որ Հոգին իջնում և մնում է, Նա՛ է, որ մկրտում է Սուրբ Հոգով/6/,- վերջապես լռությունը խզեց նա:
Այդ դեպքում ինչո՞ւ ազատ չես, ինչո՞ւ ես ճաղերի ետևում,- ինքնաբավ հռհռաց Հերովդեսը։
- Գիտե՞ս, իրավ, երբ դու այդտեղից ինձ ես նայում, այո՛, ես ճաղերի ետևում եմ, իսկ երբ ես եմ այստեղից նայում քեզ, դու ես ճաղերի ետևում, բայց ես շղթայված եմ հանուն ճշմարտության, իսկ դու... դու շղթայված ես փառքով, կեղծիքով, ստորությամբ, մարմնական տռփանքով ու կրքերով, բանտարկյալ ես քո իսկ թագավորության մեջ, իսկ Աստծո թագավորության մեջ անգամ շղթայակիրներն են ազատ։ Հավատա՛ ինձ, Անտիպա՛ս, երկաթե ճաղերն ու ծանր շղթաները չափազանց քիչ են մարդու ազատությունը կաղապարելու համար։
Որտեղի՞ց քեզ այդ ազատությունը։
«Ո՞վ է վայրի էշին բաց թողել ազատ, ո՞վ է արձակել կապանքները նրա»/7/, ամեն մարդ ազատ է, եթե ազատության աղբյուրը Ինքը Տերն է. Նրանով է մարդը ազատ, Նրա ազատությունը գին չունի, ոսկով այն չես գնի։ Տիրոջը որպես կյանք, որպես բացարձակ ճշմարտություն ճանաչելով ազատ ենք բոլորս, ազատ վախից ու տագնապից, ազատ քծնանքից ու կամապաշտությունից, ազատ չարիքից ու ատելությունից, ազատ մեղքից ու ստրկությունից։
Հանդգնում ես ասել, որ ես ստրո՞ւկ եմ,- անականկալ բռնկվեց Անտիպասը։
Հարցիդ պատասխնը շատ լավ գիտես, այլապես ինձ մոտ ծպտված չէիր գա։ Լսի՛ր, Հերովդե՛ս, սթափվի՛ր քանի ուշ չէ, ապաշխարի՛ր, դարձի՛ր դեպի Տերը, շտկի՛ր գործածդ սխալը, արձակի՛ր Հերովդիային, վերադարձրո՛ւ կնոջդ, մաքրի՛ր արյան բիծը տոհմիդ վրայից, դարձի՛ եկ, կյանքդ հանձնիր Աստծուն, ապրի՛ր սրբությամբ, և Տերը քեզ պիտի փրկի գալիք արհավիրքից, հավատա՛ Աստծո Օծյալին. Գառն Աստծո աշխարհ է եկել, որպեսզի ազատի նաև քեզ։ Հակառակ դեպքում պիտի նետվես կրակը և այրվես անշեջ հրով։
Բավակա՛ն է գլխիս քարոզ կարդաս, Հովհաննե՛ս,- հանդգնությամբ ընդմիջեց Հերովդեսը,- ես այլ բանի համար եմ եկել քեզ մոտ. խնդրի՛ր քո Աստծուն, որպեսզի օգնի ինձ հաղթել Արետասին, հակառակ դեպքում... ես գիտեմ, թե ինչ կանեմ քեզ հետ... Նայի՛ր աչքերիս մեջ, շրջվի՛ր...

Հովհաննեսը անսասան մնաց իր տեղում։
Լա՛վ իմացիր, Անտիպա՛ս, Տերը ամբարտավաններին հակառակ է/8/, որովհետև «նրանք լսել չուզեցին, այլ հիմարաբար իրենց թիկունքը շրջեցին և ծանրացրին իրենց ականջները՝ չլսելու համար։ Նրանք իրենց սրտերը անհնազանդ դարձրին՝ չլսելու համար իմ օրենքներն ու խօսքերը, որ ուղարկեց Ամենակալ Տերն իր Հոգով՝ նախորդ մարգարեների միջոցով, ուստի մեծ բարկություն եղավ Ամենակալ Տիրոջ կողմից։ «Եվ այնպես պիտի լինի, որ, օրինակ, ինչպես մեկը խոսում, և նրան չեն լսում,այնպես էլ նրանք պիտի կանչեն, և ես չեմ լսելու նրանց», - ասում է Ամենակալ Տերը»/9/։ Քանի դեռ ինքդ թիկունքով ես կանգնած Տիրոջը, քեզ միայն նախատինք  ու կործանում է սպասվում... Բա՛վ է կաղաս երկու ոտքով/10/։
Հերովդեսն անմռունչ լքեց բանտախուցը։

Շարունակությունը՝ Մարկ. 6։15-30
Հուսիկ քհն.
---------------------------------------------------------
/1/ Ես. 26:16                   /5/ Հովհ. 8:32     /8/ հմմտ. Առակ. 3։34
/2/ հմմտ. Մարկ. 6:20     /6/ Հովհ. 1:33     /9/ Զաք. 7։11-13
/3/ Ղևտ.20:21                /7/ Հոբ. 39։5      /10/ հմմտ. Գ Թագ. 18։21
/4/ հմմտ. Բ Օր. 24:1

4 արտահայտվիր:

Հովսեփ комментирует...
30.08.2012, 8:27

Հետաքրքիր պատմություն է կարդացի։ Մեծ հիմարություն է Աստծո խոսքը չլսելը։

Blog News комментирует...
30.08.2012, 9:05

Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

Armen Sargsyan комментирует...
30.08.2012, 21:27

Տեր Հայր սիրում եմ ոճդ.

Շատ հետաքրքիր էր, հիշեցի Բարաբայի մասին պատմությունդ, էլի բանտում էր: Աստված էլ ավելացնի շնորհներդ, քո հոտից անպակաս լինես:

Համբուրում եմ Աջդ

Srk. комментирует...
04.09.2012, 10:54

@Armen Sargsyan ջան, շնորհակալ եմ։

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...