17.8.12

ՆԱՄԱԿՆԵՐ ԴԺՈԽՔԻՑ

Վերջերս նամակագրական ժանրի գեղարվեստական մի շատ հետաքրիր գործ ընթերցեցի` "The Screwtape Letters", հեղինակված 20-րդ դարի հայտնի կրոնափիլիսոփներից մեկի` S.C. Lewis-ի կողմից (ռուսերենով այն թարգմանված է Клайив Льюис, "Письма Баламута"): Հետաքրքրականն այն էր, որ այս ստեղծագործության 31 նամակների մեջ, որը ես թարգմանել եմ որպես «Բանսարկվի նամակները», ես գտա ինձ, իմ հասարակությունն ու միջավայրը, իրենց ապրումներով ինձ հետ կիսված շատուշատ մարդկանց, այդ իսկ պատճառով ցանկացա կիսվել նաև ընթերցողիս հետ: Ստեղծագործության սյուժեի հիմքում Բանսարկու անունով (անգլերենում` Screwtape, ռուսերենում` Баламут) տարեց և փորձառու մի չարքի խորհուրդներն ու գործնական առաջարկներն են` ուղղված իր զարմիկին` երիտասարդ ու անփորձ դև Ճիվաղիկին (անգլերեն` Wormood, ռուսերեն` Гнусик): Ողջ խորհրդատվության ուղղվածությունը մեկն է` ենթարկյալ մարդուն տանել դեպի կորուստ և թշվառություն` հեռացնելով նրան Կյանքի Աղբյուր Քրիստոսից, Ում սուրբ անունը բարձրաձայնելուց սարսափելով` դևերը հաճախ օգտագործում են Թշնամի անվանումը: Առաջարկում եմ այժմ ընթերցել հատված այս նամակագրության 12-րդ նամակից ազատ թարգմանությամբ և վերջում անկեղծ լինել, թե որքանով էր նկարագրվածը ցավալիորեն իրական մեր կյանքում:

Իմ թանկագին Ճիվաղիկ,
ուրախալի է արձանագրված ակնհայտ առաջընթացը, միայն թե վախենամ, որ ձգտելով հնարավորինս շուտ անհրաժեշտ արդյունքների հասնել` սթափեցնես ենթարկյալին, ու նա սկսի գիտակցել իր իրական վիճակը։ Թեև մենք քեզ հետ միասին տեսնում ենք այդ վիճակը իրական լույսի ներքո, երբեք չպետք է մոռանանք, թե այս ամենը նրան որքան այլակերպ է թվում։

Մենք գիտենք, որ մեզ հաջողվեց տեղափոխել նրան մյուս կողմ, հեռացնել Թշնամուց, սակայն նա թող կարծի, թե նման փոփոխության պատճառները միանգամայն սովորական են և հեշտ ու թեթև հեռացվող։ Նա ոչ մի դեպքում չպետք է կասկածի, որ ինքը հիմա դանդաղ հեռանում է արևից դեպի սառնամանիքը և կատարյալ անհոգության դատարկ խավարը։
Ահա հենց այս պատճառով ես բավականին ուրախացա՝ լսելով, որ նա դեռևս աղոթում է, հաճախում է եկեղեցի և հաղորդություն է ստանում։ Ես գիտեմ, որ դա վտանգավոր է մեզ համար, բայց ավելի վատ կլիներ, եթե նա հանկարծ հասկանար, թե ինչքան հեռու է սկզբնական շրջանի ջերմությունից։ Քանի դեռ նա արտաքնապես պահպանում է քրիստոնեական սովորույթները, կարելի է ամրապնդել նրա այն համոզումը, թե ուղղակի հայտնվել են մի քանի ընկերներ ու նոր հաճույքներ, բայց իր հոգևոր վիճակը հիմնականում  այնպիսին է, ինչպիսին` վեց շաբաթ առաջ։ Քանի դեռ նա այդպես է մտածում, կարիք չկա անգամ պայքար տանելու գիտակցված զղջման դեմ։ Միայն կթուլացնենք անորոշ և տագնապալից այն զգացողությունը, թե իբր ինքը այդքան էլ ճիշտ չի պահել իրեն վերջին ժամանակներում։

Այդ անորոշ տագնապի հետ վարվի՛ր շատ զգուշորեն։ Երբ այն ուժեղանում է, ի զորու է զգաստացնել մարդուն և հօդս ցնդեցնել մեր ողջ աշխատանքը։ Մյուս կողմից, եթե դու խեղդես այդ տագնապը ամբողջովին, ինչն ամենայն հավանականությամբ Թշնամին թույլ չի տա քեզ անել, մենք կկորցնենք գործընթացը հօգուտ մեզ շրջելու հնարավորությունը։ Իսկ եթե թույլ տանք զգացմանը զարգանալ, բայց ոչ այն աստիճան, որ այն վերածվելով իրական ապաշխարության, այն ձեռք կբերի մեկ անգնահատելի արժանիք. ենթակայի համար ավելի ու ավելի դժվար կլինի մտածել Թշնամու մասին: Բոլոր մարդիկ բոլոր ժամանակներում որոշակիորեն ապրում են այդ դժկամությունը, և եթե Թշնամու մասին միտքը  մարդու մեջ արթնացնում է կիսագիտակցված մեղքերի մի ամբողջ շարք, ապա այդ դժկամությունը ուժեղանում է։ Այդ ժամանակ նա կատի ամեն տեսակ միտք, որ հիշեցնում է Թշնամուն, կատի ճիշտ այնպես, ինչպես սնանկացման դուռը բախած մարդու համար ատելի է բանկային գրքույկի տեսքը։ Այդ վիճակում քո ենթական իր կրոնական պարտականությունների հանդեպ կլցվի ատելությամբ։ Մինչ դա նա պարտականությունների մասին կսկսի մտածել այնքան քիչ, որքան այդ թույլ է տալիս պարկեշտության զգացողությունը, իսկ դրանց ավարտվելուն պես որքան հնարավոր է շուտ կմոռանա դրանք: Մի քանի շաբաթ առաջ դու ստիպված էիր գայթակղել նրան աղոթքի ընթացքում երևակայության խաղով և անուշադրությամբ, այժմ նա կընդունի քեզ ջերմ գրկաբացությամբ և կսկսի թախանձել , որ դու շեղես իրեն և ունայնացնես իր սիրտը։ Նա ինքը կուզի, որ իր աղոթքները սրտանց չլինեն, քանզի ոչինչ նրան չի ահաբեկի այնքան, որքան Թշնամու անմիջական ներկայությունը։ Նա կսկսի ձգտել, որպեսզի քնած խիղճը ստի։

Երբ այս վիճակը նրանում ամրապնդվի, դու կամաց-կամաց կազատվես հաճույքները որպես գայթակղություն օգտագործելու հոգնեցուցիչ պարտականությունից։ Երբ տագնապն ու դրա պատճառը բացահայտելու ցանկության բացակայությունը հեռացնեն նրան իրական ուրախությունից, երբ սովորության ուժը զրկի նրան հաճույքի ձանձրալի ունայնությունից, իսկ զգացմունքների գրգիռը ամուր կապվի դրանց (բարեբախտաբար, հենց այդպես է սովորույթը ազդում հաճույքի վրա), դու կտեսնես, որ նրա թափառող ուշադրությունը կարելի է գրավել ինչով ցանկանաս։ Անգամ կարիք չկա օգտագործել նրա սիրելի գիրքը, որպեսզի նա ետ կանգնի աղոթքից, աշխատանքից և քնից. երեկոյան թերթի հայտարարությունների սյունակը միանգամայն բավարար է ։ Դու կստիպես ժամանակ կորցնել ոչ միայն հաճելի մարդկանց հետ զրույցներում, որոնք իրեն հետաքրքրում են, այլև ձանձրալի զրույցներում այնպիսի մարդկանց հետ, ում հանդեպ ինքը բացարձակ անտարբեր է։ Նա կսկի տևական ժամանակ ոչինչ չանել։ Դու կպահես նրան մինչև ուշ գիշեր ոչ թե աղմկոտ միջավայրում, այլ ցուրտ սենյակում, հանգած բուխարու կողքին։ Նրա առողջ արտաքին ակտիվությունը կարելի է ճնշել, իսկ փոխարենը տալ ոչինչ, որպեսզի վերջում նա կարողանա ասել այն, ինչ ասաց իմ ենթականերից մեկը այստեղ գալով. «Հիմա ես տեսնում եմ, որ կյանքիս մեծ մասը չեմ արել ո՛չ այն, ինչ որ պիտի անեի և ոչ էլ այն, ինչ ուզում էի»...

... Դու կասես, որ այդ բոլորը  մանր մեղքեր են: Դու, ինչպես և ցանկացած երիտասարդ փորձիչ, իհարկե, ամենից շատ կցանկանայիր զեկուցել որևէ պատկերավոր ստորության մասին: Սակայն հիշիր, որ ամենակարևորն այն է, թե որքանով կկարողանաս ենթակային հեռացնել Թշնամուց: Կարևոր չէ, թե ինչքան փոքր են մեղքերը, եթե դրանց ամբողջությունը հեռացնում է մարդուն Լույսից և ընկղմում է ոչնչի մեջ: Սպանությունն ամենևին էլ թղթախաղից վատ մեղք չէ, եթե այս վերջինը թողնում է անհրաժեշտ հետևանք: Իրականում, դժոխք տանող ամենից ճշգրիտ ճանապարհն այն է, որով աստիճանաբար են իջնում, զառիվայր փափուկ ճանապարհ` առանց կտրուկ պտույտների, առանց ցուցանակների:
Քեզ սիրող հորեղբայր` 
Բանսարկու

6 արտահայտվիր:

Blognews комментирует...
17.08.2012, 19:21

Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

Էմմա комментирует...
17.08.2012, 22:49

Տեր Հայր, չեք պատկերացնում թե հիմա ինչ վատ վիճակում եմ, ձեր նոր գրառումից ամբողջ հոգիս տակնուվրա եղավ։ Դուք միշտ ձեր հոդվածները այն պահին եք դնում, երբ ես ամենաշատը կարիք ունեմ այդ թեմաների մասին լսելու։ Այս հոդվածն էլ չուշացավ, երբ արդեն երեք օր է ասում եմ որ մի տեսակ էնպիսի զգացողությունա, որ հեռացել եմ Աստծուց, էլ Իր ներկայությունը չեմ զգում այլ հակառակը։ Տեր Հայր, առավել ևս ցնցվեցի այն պահին երբ կարդացի հետևյալ տողերը` Ահա հենց այս պատճառով ես բավականին ուրախացա՝ լսելով, որ նա դեռևս աղոթում է, հաճախում է եկեղեցի և հաղորդություն է ստանում։ Քանի դեռ նա արտաքնապես պահպանում է քրիստոնեական սովորույթները, կարելի է ամրապնդել նրա այն համոզումը, թե ուղղակի հայտնվել են մի քանի ընկերներ ու նոր հաճույքներ, բայց իր հոգևոր վիճակը հիմնականում այնպիսին է, ինչպիսին` վեց շաբաթ առաջ։ Այստեղ ես լիովին ինձ տեսա։ Ախր վերջին մի քանի ամսում ոչ մի փորձության չեմ ենթարկվել, որ մի խոչնդոտներ ստիպված չեմ եղել հաղթահարել,ինչ որ ցանկացել եմ, շատ հեշտությամբ ստացել եմ, աղոթքի եմ կանգնել, բայց մտքերով հեռու եմ եղել... ոչ մի առողջական խնդրի առաջ էլ չեմ կանգնել..ես արդեն սկսում եմ մտածել, որ իսկապես ընկել եմ ԿԱՏԱՐՅԱԼ ԱՆՀՈԳՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԿ ԽԱՎԱՐԸ... Տեր Հայր, հոդվածը կարդալիս այնպիսի տպավորություն էր մոտս, որ գաղտնի լսեցի 2-ի երկխոսությունն իմ մասին...Սառը ցնցուղ ասվածը իմ պարագայում մի քիչ մեղմ կլինի

Հովսեփ комментирует...
18.08.2012, 10:00

Վողջույն Տեր Հայր իսկ դուք ինչ խորհուրդ կտաք մեզ ինչպես պայքարել այդ ամենի դեմ որը ծուղակի է նման չարի կողմից պատրաստված։ Շնորհակալություն

Srk. комментирует...
18.08.2012, 10:18

@Հովսեփ, լավ հարց էր։ Խորհուրդները այսպես ընդհանուր չեմ կարող տալ, յուրաքանչյուր ոք յուրովի տեսավ գրվածքը իր կյանքում, բյաց... Պատկերացրու դու հմուտ գեներալ ես և պատրաստվում ես պատերազմի շատ ոըժեղ թշնամու դեմ։ Հանկարծ տեղեկություն ես ստանում, որ հակառակորդի լրտեսները գիտեն քո հարձակման պլանի և գաղտնի ողջ գործողության մասին և համապատասխան պատրաստություն են տեսել քեզ ծուղակը գցելու համար։ Ինչ կանես՞՞՞ Միակ բանը, որ կարելի է անել, պլանները փոխել հակառակորսի ունեցած տեղեկությանը հակառակ։ Այդպես էլ մենք, որ հիմա ստացել ենք չարի տեղեկությունները, թե ինչպես է նա պատրաստվում մեզ գահավեժ անել, պարտավոր ենք գործել նրա պլաններին հակառակ՝ փորձելով ավելի մնոտենալ դեպի Լույսը, դեպի Քրիստոս, մոտենալ ոչ թե ինքնախաբեությամբ, այլ... համառ ու մշտական պայքարով։

Հովսեփ комментирует...
18.08.2012, 12:19

@Srk. :Պարզ է ես մի հզոր շատ հզոր պաշտպանություն եմ համարում օրինակ աղօթել Աստծուն և խնդրել որպիսի այդ պատերազմում մեզ հետ լինի և օգնի մեզ որը չգիտեմ ինչպես անվանել որ ճիշտ լինի փորձություն վորի միջոցով չարը փորձում է մեզ ծուղակը գցել թե սուտ ինֆորմացյա վորով ցանկանում է մեզ նախ սխալ ճանապարհով տանել հետո հեռացնել մեզ Աստծուց վորպիսի նոր կարողանա վոչնչացնել մեզ վորովհետեվ քանի դեռ մենք ՀԶՈՐ ԱՍՏԾՈ հետ ենք և ԱՍՏՎԱԾ էլ մեզ հետ է նա այդ չարը անզոր է և եթե մեր դեմ դուրս գա պիտի ամաչի տեսնելով վոր ինքը անզոր է և պիտի ձախողի իր չար գործը վորովհետեվ ոչմեկ չի կարող դուրս գալ Աստծո դեմ նույնիսկ Աստծո լույսից կվոչնչանա։ Աստված է միակ անստեղծ և անմահ Աստվածը Ամենա Սուրբ Երորդությունը և ես հիշում եմ Աստծո խոսքը երբ նա ասաց միթե կարծում ես թե կա մի բան վոր ես չեմ կարող կամ միթե կարծում ես թե կա մի բան վոր ինձ համար անհնար է։ Դա Աստված մի կնոջ ասաց վորը ծեր էր և պիտի երեխա ունենար բայց չեր հավատում և ուրեմն եկեք հավատանք վոր եթե մենք Աստծո հետ ենք և չարը ապօրինի կերպով փորձում է մեզ մոտենալ ուրեմն վայ նրան վոր հանդգնում է այդ բանը անել ուշ թե շուտ Աստված կսաստի չարին և իր արժանի պատիժը կտա վորովհետեվ Աստված գիտի ամեն բան և տեսնում է այն ամենը ինչվոր պիտի լինի։ Մեզանից շատերը կարծում են թե չարի հարձակման պահին Աստված չի օգնի իրեն վորովհետեվ չի տեսնի բայց դա սխալ է։ Ինչպեսել որ ես ցանկանամ չարի դեմ գնալ և հաղթել նրան ես անզոր կլինեմ եթե Աստված ինձ չոգնի և ինչ ծրագիրել վոր ես մտածեմ միեվնույն է չարը կկարդա իմ մտքերս այդ պատճառով ճիշտ եմ համարում նախ աղօթքով խնդրել վոր Աստված մեզանից հեռացնի չարին իսկ հետո խնդրել վորպիսի Աստված առաջնորդի մեզ օրինակ ես միշտ ասում եմ Տեր Աստված ինչվոր լինելու է թող քո կամքը լինի վորովհետեվ ես ինչել մտածեմ կարող է սխալ լինել բայց քո կամքը միակ իմաստուն և ճշմարիտն է վորովհետեվ ես կարող եմ սխալվել իսկ Աստված երբեք։

Narek комментирует...
21.07.2014, 16:22

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...