3.7.12

ՀԵՐՈՍտրատ


Մոտ մեկ ամիս առաջ մկրտություն էի կատարում մեր հինավուրց վանքերից մեկում: Մկրտվում էին 2 եղբայր և քույրը, բոլորն էլ չափահաս երիտասարդներ: Հայոց Եկեղեցու կարգի համաձայն մկրտվողին, ով պետք է ծնվի Աստծուց՝ Սուրբ Հոգուց և ջրից , երկրորդ՝ հոգևոր անուն է տրվում, որպես նշան վերածննդի: Այս երկրորդ անունը հիմնականում որևէ սրբի անուն է լինում, որպեսզի մկրտվողը հետ այդու ունենա իր բարեխոս սուրբը և բացի այդ իմանա ու հետևի տվյալ սրբի կյանքի օրինակին՝ ապրելու Քրիստոսի արյան գնին փոքրիշատե արժանի կյանք: Եղբայրներից մեկի անունը Հայկ էր: Իմ հարցին, թե ունի որևէ նախընտրած սուրբ, ում անունը կուզենար կրել, երիտասարդը քմծիծաղ տվեց:

-   Կուզե՞ս Գևորգ կնքենք քեզ, Սուրբ Գևորգի անունով,- հարցրեցի ես ուշադրություն չդարձնելով նրա ոչ լուրջ վերաբերմունքին:
-   Չէ, այ՛ ցավդ տանեմ,- փողոցային մոտեցմամբ պատասխանեց երիտասարդը,- ի՞նչ Գևորգ, Հայկո, Հայկո լավ ա…
Ուզում էի հարցնել նրան՝ «ի՞նչ Հայկո… Սպիտակցի Հայկո, Կարգին Հայկո, թե՞ ՀՏ Հայկո»: Հազիվ դիմացա: Եթե ասեր Հայկ, միանգամից կմտածեի, որ հայոց նախածնողի անունն է նրա համար թանկ, բայց Հայկո՞…
Կողքից մի տարեց մարդ (հավանաբար հայրն էր) կարծես լուծեց թնջուկը.
-      Տե՛ր Հայր, պապուս անունը Գևորգ ա էղել, լավ ա, Գևո՛րգ դիր:
Ճիշտ, թե սխալ, ավելորդ համարեցի խոսել Սուրբ Գևորգի սխրանքի ու սրբության մասին. մարդն իր նախնիներին անգամ չեր ճանաչում ու հարգում (հուսամ Սուրբ Մկրտությունը աստվածային ներգործությամբ ինչ-որ կերպ լուսավորություն շնորհած կլինի երիտասարդին):

    Մեզ հերոսներ են պետք...
Դարերի փորձն է ապացուցել, որ ազգերի կյանքում հերոսներն իրենց օրինակով, կերպարով ու գործով ահռելի դրական ազդեցություն ունեն: Ամենևին պատահական ու աննպատակ չեն պատմական «ծուռ» սասունցիների դյուցազներգական կերպարները, ի զուր չեն հերոսացվել քաջ Վարդանը, Գ. Նժդեհը, Անդրանիկը, Հ. Բաղրամյանն ու Ն. Ստեփանյանը, Մոնթեն…  Նրանք ժողովրդի կոլեկտիվ մտածողության և համընդհանուր «ԱՅՈ»-ի մարմնացումն են: Այո՛, հերոսները նախ և առաջ հերոս են, որովհետև «նրանց սխրանքն անմահ է», և ամեն հայորդի պարտական է գլուխ խոնարհել նրանց նվիրումի առջև, բայց… Իր իմաստը պիտի կորցնեն խոնարհումը, հարգանքը, պատիվը, եթե հայը իր հերոսների օրինակներով չի ապրում: Նման պարագայում հայրենասիրությունը դառնում է լոկ գաղափարական, հայրենասիրությունը մնում է լոկ լեզվի ծայրին, բայց ոչ սրտի վրա և հատկապես գործերի մեջ:

Նույնն է սկզբունքը նաև հոգևոր քրիստոնեական կյանքում: Անշուշտ քրիստոնյայի համար թիվ մեկ օրինակը Քրիստոս Աստված է (Մատթ. 11:29), սակայն քրիստոնեական կյանքում գոյություն ունեն Քրիստոսի գծած ճանապարհով անշեղ քայլած հերոս մարդիկ՝ սրբեր, ովքեր ևս կյանքի տարբեր պարագաներում կարող են լինել և պետք է լինեն օրինակներ մեզ համար: Այս դեպքում էլ, հավատացեք, եթե քրիստոնյա անհատը արժանին չի մատուցում սրբին՝ նրա սխրանքը կյանքի ուղենիշ դարձնելով և հետևելով նրա բարի օրինակին, ապա հաղթանակած եկեղեցու՝ սրբադասված մարդկանց, կարևորությունը արհեստականորեն նվազեցվում է: Բարեբախտաբար լավն ու հրաշալին այստեղ մնում է այն, որ անկախ արհամարհական այս հանգամանքից սրբերը չեն դադարում աղոթել և բարեխոս լինել մեզ համար:

Ինչևէ, այս չէ, որ ուզում եմ ասել: Ասելիքս այն է, որ իրական հերոսների վտարումը մեր կյանքից անպայմանորեն պիտի վիժեցնի սարսափելի մի հետևանք. պիտի ծնունդ առնեն կեղծ հերոսներ՝ «ՀԵՐՈՍտրատներ», որոնց ծնողը փողոցն է, հոռի բարքերը, հակազգային մտածելակերպը, լպիրշությունն ու բռնությունը… Եվ մարդիկ պիտի գնան նմանների հետևից: Այսօր երկրաչափական պրոգրեսիայով զարգացող մեդիա և ինտերնետ քարոզչությունը հանրության առջև հենց այդպիսի կերպարներ է դնում, որոնց, ավաղ, կամա թե ակամա ընդօրինակում և ձգտում ենք նմանվել բոլորս…

Ամենից մեծ պատճառն այս ամենի այն է, որ մենք չենք ճանաչում մեզ, չենք ուզում ճանաչել մեր պատմությունը, մեր հերոսներին, որովհետև այն ինչ առաջադրում են իրական հերոսները, իրագործելը սեփական կյանում չափազանց բարդ է. այն զոհողություն է պահանջում, այն նվիրում է պահանջում, սեր է պահանջում, իսկ այն «հերոսները», որոնց այսօր մշտապես ունենք մեր աչքի առջև՝ կեղծ հերոսները, ոչ մի տեսակ խնդիր ու կենաց մարտահրավեր մարդ անհատի առջև չեն դնում: Ասածիս ապացույցը. բոլորովին վերջերս էր, որ արձանագրվեց մի ցավալի բայց իրական փաստ. հայը այսօր ճանաչում է մի ինչ-որ «աստղի», բայց չի ճանաչում Սուրբ Մեսրոպ Մաշտոցին: 

Մեզ հերոսներ են պետք… Մեզ նոր հերոսներ պետք չեն, ուղղակի անհրաժեշտ է արժևորել այն ինչ ունեցել ենք և դրան համապատասխան ապրենք այսօրը, որպեսզի ամուր և խոր արմատներ ձգած ձևավորվի մեր ապագան: Այսպես մենք հնարավորություն կունենանք ականատեսը լինելու նոր ու իրական հերոսների ծնունդի: Հակառակ դեպքում պիտի անհետանանք նույնքան պատահականորեն, որքան պատահական հայտնվել են նորօրյա կեղծ հերոսները:

Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

4 արտահայտվիր:

Srk. said...
7/3/12, 1:23 PM

Հերոսներին

Դուք հերոսներ եք, մերօրյա հերոսներ:
Հերոսներ ստի, ստորության, կրքի:
Դուք հերոսներ եք, որոնց անունը փառքի փոխարեն վախ է ներշնչում:
Դուք հերոսներ եք, անխելք հերոսներ:
Հերոսներ անհոգ, բայց հոգսատու, քծնող ու քծվող:
Դուք հերոսներ եք, որոնց դիմակները պատռել է անհրաժեշտ,
Բայց այդ դիմակների տակ վաղը կգրեն` ազգի հերոսներ:
Դուք հերոներ եք, այն հերոսներից, որ մեռցնում են իրենց հոգիները մի քանի դրամ ավել շոռթելու համար:
Դուք հերոսներ եք հռչակված ինքնահռչակ հերոսի կողմից:
Դուք հերոսներ և դժբախտաբար ձեզ կյանք է տալիս մեր այլասերված հասարակությունը:

Գայանե Աբասյան /http://abasyan.blogspot.com/2011/06/blog-post_4127.html/

Anonymous said...
7/3/12, 6:04 PM

Ցավալի է բայց իրոք եդպես է մարդիկ ձգտում են դեպի ժամանակակից կյանք դեպի եվրոպա առանց իմանալու թե ուր են գնում պարզապես չեն ցանկանում հետ մնալլ իսկ հերոսներին իրենք ուղղակի հեռուստացույցից կամ ինտերնետից են իմանում։

John Doe said...
7/5/12, 3:35 PM

Հետաքրքիր ա, ինձ Քահանան մկրտելուց ինչի՞ չի այդ հարցը տվել, «թե ունես որևէ նախընտրած սուրբ, ում անունը կուզենայիր կրել», օրինակ ես շատ կուզենայի, որ ինձ այդ հարցը տրվեր, առավել ևս որ ունեմ իմ նախընտրած սուրբը.

Srk. said...
7/9/12, 10:04 AM

@John Doe ջան, ինչ ասեմ, այդպես էլ է պատահում...

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...