14.6.12

ՊԱՏԱՍԽԱՆ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ /մաս 4/


1930-ական թվականների սկզբին Ամերիկայի հայ բողոքական  հովիվներից Կ.Պ. Ատանալյանը Ամենայն Հայոց Տ. Խորեն Ա Մուրադբեկյան (1873-1932-1938) կաթողիկոսին է ուղարկում ճշտելուն կարոտ մի քանի հարցեր` կապված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայ Ավետարանական եկեղեցու փոխհարաբերությունների հետ: Կաթողիկոսը նամակին պատասխանել հանձնարարում է այն ժամանակ Մայր Աթոռի միաբան (հետագայում՝ Կիլիկիո կաթողիկոս) Տ. Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանին (1867-1943-1952): Հարցումները և դրանց պատասխանները, որոնք տպագրվել են «Սիոն» ամսագրում 1934թ-ին, ստորև հատվածաբար (7 մասով) կներկայացվեն այս և գալիք գրառումներում:
Ուշագրավ է այն, որ բազում խնդիրներ ու խոչընդոտներ, որոնք Գարեգին Սրբազանը մատնանշում է սրանից ճիշտ 80 տարիներ առաջ, իրենց լուծումը չեն գտել մինչև այսօր: Ավելին՝ հիշյալ խնդիրներն էլ ավելի են խորացել, դրանց գումարվել են ուրիշները ևս:
Տե՛ս նաև՝ ՊԱՏԱՍԽԱՆ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ /մաս 1/
ՊԱՏԱՍԽԱՆ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ /մաս 2/
ՊԱՏԱՍԽԱՆ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ /մաս 3/

ՊԱՏԱՍԽԱՆ ՎԵՐԱՊԱՏՈՒԵԼԻ Կ.Պ. ԱՏԱՆԱԼԵԱՆԻ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻՆ

Գ

Ի՞նչ է վերջապէս զուտ կրօնական տեսակէտով կաթոլիկ պրոպագանտայի կամ բողոքական քարոզչութեան նպատակը: Ասել, թե կաթոլիկութիւնը մեր նորադարձների  մէջ աւելի խորը հասկացողութիւն պիտի ներշնչէ քրիստոնէութեան նկատմամբ եւ պապի գերիշխանութեան ընդունելութեամբ է, որ հոգեւոր կատարեալ փրկութիւն պիտի բաշխուի, հիմնաւոր չէ. եւ ոչ էլ բողոքականութիւնը մի քանի ծիսակատարութիւնների վերացմամբ իրական մերձեցում բերէ դէպի աւետարանական գաղափարների ճիշտ ըմբռնումն ու կեանքը: Եկեղեցու կոչումն ու նպատակն է ներքին, հոգեւոր վերածնութիւնը, «նոր արարած» դառնալու իրողութիւնը, հոգու խորքում ճշմարտապէս ապրուած բարեպաշտութիւնը:
Ա՛րդ, արտաքուստ իրարից բաժանուած եւ տարբեր ձեւակերպութիւն ստացած եկեղեցիների հաւատացեալների մէջ չեն պակասում այդպիսի երեւոյթներ. նոցանից իւրաքանչիւրը նոյն նպատակին հասնելու  առանձնայատուկ կողմերն ունի, քրիստոնէական աւետարանական նոյն  հողի վրայ: Այն եկեղեցին, որ զղջման, դարձի այնպիսի մաքուր եւ խոր արտայայտութիւններ ունի, ինչպէս մեր ապաշխարութեան  հոգեւոր երգերն ու շարականներն են, գթութեան այնպիսի ներկայացուցիչ, ինչպէս Ներսես Մեծն է, աղօթաւոր, ինչպէս Նարեկացին եւ քրիստոնէական լուսոյ, յուսոյ եւ սիրոյ երգիչ, ինչպէս Շնորհալին, այնպիսի տաճարներ է կանգնել, ինչպէս Զուարթնոցն է, Անիի Մայր եկեղեցին, իրաւունք ունի ուրիշ գնահատութիւն եւ մերձեցում սպասելու իւր քոյր եկեղեցիներից, նա զուրկ չի կարող լինել քրիստոնէական առաքինութեան, հաւատոյ նոր ոգի ներշնչելու կարողութիւնից իւր զաւակների մէջ. միայն փոքր ինչ լաւագոյն պայմաններ հոգեւոր կեանքի ուռճացման համար եւ պաշտօնէութեան պատրաստութիւն, գիտութեան բարձունքների իւրացմամբ, որովհետեւ եկեղեցու պաշտօնեայի կամ քահանայի մտաւոր եւ հոգեւոր կարողութիւնը, անձնաւորութիւնը, հոգիներից հոգի կենդանի կապ ստեղծելու ունակութիւնը ամենակարեւոր հանգամանքներից մէկն է մտադրեալ նպատակին հասնելու, միայն թէ պաշտօնէութիւն պատրաստելու այդ շարժումն էլ երեւան պիտի գայ եկեղեցու ամբողջութեան մէջ, հետզհետե, ի ներքուստ, ինչպէս աղբիւրի ջուրը ակունքից:
շարունակելի
Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

1 արտահայտվիր:

Հովսեփ комментирует...
14.06.2012, 11:11

Այս մի նկարումել է գեղեցիկ ենտեղ գիշերն էր նկարած իսկ այստեղ առավոտյան երկուսնել գեղեցիկ է շատ եմ սիրում կանաչ բնությունը ծառերը գեղեցիկ և թփերը կանաչ և այլ գույների նաեվ խոտերն ու ծաղիկները և մանավանդ շատ գեղեցիկ է երբ Եկեղեցին գտնվում է բնության մեջ իսկ մեր Երեվանում մարդիկ գնում են պայծառ ապագա իրենց ասելով և այդ պատճառով ամենուրեք ասֆալտապատում են շուտով մեր բարձրահարկ շենքի կտուրնել կասֆալտապատեն քանի որ չգիտունիկները ասել են որ զարգացած երկրները իրենց արբանյակներով վերեվից դիտում են մեր երկիրը և արագ պետք է երկիրը քանդել որպիսի ուրիշներից ետ չմնանք այդ պատճառով մենք հիմա շնչահեղձ ենք լինում։ Դա դեռ կարծես քիչ էր հիմայել մեր երկրում շատ քիչ հայ է մնացել և ինչվոր օտարերկրացիներ են ներմուծում մեր երկիր որպիսի երկիրը գեղեցիկ լինի ահա թե ուր ենք հասել։ Հուսամ ամբողջությամբ չեն ավերի երկիրը ։

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...