12.6.12

ՊԱՏԱՍԽԱՆ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ /մաս 3/

1930-ական թվականների սկզբին Ամերիկայի հայ բողոքական  հովիվներից Կ.Պ. Ատանալյանը Ամենայն Հայոց Տ. Խորեն Ա Մուրադբեկյան (1873-1932-1938) կաթողիկոսին է ուղարկում ճշտելուն կարոտ մի քանի հարցեր` կապված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայ Ավետարանական եկեղեցու փոխհարաբերությունների հետ: Կաթողիկոսը նամակին պատասխանել հանձնարարում է այն ժամանակ Մայր Աթոռի միաբան (հետագայում՝ Կիլիկիո կաթողիկոս) Տ. Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանին (1867-1943-1952): Հարցումները և դրանց պատասխանները, որոնք տպագրվել են «Սիոն» ամսագրում 1934թ-ին, ստորև հատվածաբար (7 մասով) կներկայացվեն այս և գալիք գրառումներում:
Ուշագրավ է այն, որ բազում խնդիրներ ու խոչընդոտներ, որոնք Գարեգին Սրբազանը մատնանշում է սրանից ճիշտ 80 տարիներ առաջ, իրենց լուծումը չեն գտել մինչև այսօր: Ավելին՝ հիշյալ խնդիրներն էլ ավելի են խորացել, դրանց գումարվել են ուրիշները ևս:

Տե՛ս նաև՝ ՊԱՏԱՍԽԱՆ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ /մաս 1/
ՊԱՏԱՍԽԱՆ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ /մաս 2/

ՊԱՏԱՍԽԱՆ ՎԵՐԱՊԱՏՈՒԵԼԻ Կ.Պ. ԱՏԱՆԱԼԵԱՆԻ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻՆ

Բ

Ազգային եւ տարբեր եկեղեցիների ծագումն ու ձեւակերպութիւններն իրենց առանձնայատկութիւններով անհատական կամայականութեան հետեւանքներ չեն, այլ պատմական եւ տեղական որոշ պայմանների հետեւանք: Աստուծոյ կամքն է եղել, որ նոյն քրիստոնէութիւնը տարբեր ազգերի եւ պայմանների մէջ, իւր էական բնոյթը պահելով, որոյն կերպարանք ստանայ: Պատահական չէ, որ բողոքականութիւնը տարածուած է Եւրոպայի հիւսիսում, իսկ կաթոլիկութիւնը իշխող է մնացել հարաւում, որ պարսկական մահմեդականութիւնը զանզանւում է սիւննի կոչուած մահմեդականութիւնից: Ազգային կենցաղի, մշակոյթի, հոգեբանութեան եւ պատմական այլ պայմանների հետեւանք են դրանք, որ պիտի ի նկատի առնուին. Հայաստանեայց եկեղեցին այդպիսիների մէջ բնորոշ եկեղեցիներից մէկն է, որ ծագել է, զարգացել ժողովրդական ուրոյն կենցաղի, պատմական յատուկ տուեալների, ազգային մշակոյթի մէջ եւ իւր բարերար պտուղներն է տուել՝ ստեղծելով քրիստոնէական կեանք, արուեստ եւ գրականութիւն, յատուկ ժամապաշտութիւն եւ արարողութիւն, նուիրապետական-վարչական կազմակերպութիւն, համապատասխան իւր ճաշակի եւ հասկացողութեան:
Նա իւր մէջ պահել է աւանդութիւններ եւ ծէսեր, որ քրիստոնէական նախկին երեք դարերից են գալիս, ինչպէս Ծննդեան եւ Զատկի ճրագալոյցներն են, Մկրտութեան եւ Յայտնութեան միասին կատարումը Յունուարի 6-ին, բայց առաւելապէս ժողովրդական ընտրական ոգին իւր բոլոր պաշտօնեաների համար, որ չէ մնացել հնագոյն եկեղեցիներից ոչ մէկի մէջ, եւ աշխարհիկ հաւատացեալների ներկայացուցիչների մասնակցութիւնը եկեղեցու կառավարութեան գործում: Ամենադժուարին պայմանների, եւ հալածանքների մէջ, մահմեդականութեան ուժեղ հարուածների եւ ճնշման տակ, դարերի ընթացքում, պահել է նա իւր գոյութիւնը, կարելի է ասել անցել է «ընդ հուր եւ ընդ ջուր» եւ հասել մեր օրերին: Թո՛ղ խաղաղութեան եւ քաղաքակրթութեան լայն եւ հարթ պողոտաներով ընթացող քոյր եկեղեցիները քննադատի ակնոցով չմօտենան այս բազմաչարչար եւ նահատակ եկեղեցուն. տանջանքի բովի մէջ է նա մեզ դաստիարակել, պահել եւ հաւատ ներշնչել, թէ նորա համար էլ խաղաղ զարգացման եւ բարգաւաճման մի օր պիտի ծագի: Աւելի լաւ է լուրջ մտածեն մեր արեւմտեան քրիստոնեայ եղբայրները, թէ ո՞ւր են Սիրիայի, Պաղեստինի, Աղեքսանդրիայի եւ հիւսիսային Աֆրիկայի մեծ եկեղեցիները, որոնց չնչին մնացորդներն են հասել մեզ կամ իսպառ անհետացել, ինչպէս Կիպրիանոսների եւ Տերտուղիանոսների եկեղեցիներն են:
 շարունակելի
Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

3 արտահայտվիր:

Հովսեփ комментирует...
12.06.2012, 12:22

Ինչել սիրուն նկար է:

Armen комментирует...
13.06.2012, 8:32

@Հովսեփ : Համաձայն եմ, ես բեռնեցի as a desktop background

Տաթևիկ комментирует...
13.06.2012, 14:12

Այս պատասխանը շատ հետաքրքիր էր: Շնորհակալություն

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...