28.6.12

ԵՐԱՆԻ՜ ՀՈԳՈՎ ԱՂՔԱՏՆԵՐԻՆ

Elmira Harutyunyan ընթերցողի կողմից մեկնության է առաջարկվել Հիսուսի Լեռան քարոզի առաջին խոսքը, որի մեկնությունը, կարծում եմ, շատերին պիտի հետաքրքրի: Արդ փորձենք հասկանալ, թե ի՛նչ է նշանակում.

Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը (Մատթ. 5:3):

Ակնհայտ է, որ Տիրոջ այս խոսքում «երկնքի արքայությունը» հանդես է գալիս որպես նպատակ, իսկ «հոգով աղքատ» լինելը այդ նպատակին հասնելու անխափան միջոց: Ուստի խոսքը ճիշտ ըմբռնելու համար, կարծում եմ անհրաժեշտ է պարզել 2 հարց՝
  1. Ի՞նչ է նշանակում «հոգով աղքատ»,
  2. Ի՞նչ է նշանակում «երկնքի արքայություն»:
Առաջարկում եմ սկսել վերջինից:

Երկնքի արքայություն  

  • Ցանկացած արքայություն կամ թագավորություն, լայն իմաստով ունենում է 2 հիմնական ու կարևորագույն բաղադրիչներ՝ թագավոր (տիրակալ, նախագահ, բարձրագույն օրենսդիր, գործադիր, դատական իշխանություն), և հպատակներ (ենթականեր, բնակիչներ, քաղաքացիներ, ժողովուրդ): Թագավորի գործառույթն է իշխել, սահմանել ենթակաների իրավունքներն ու պարտականությունները, որոնցից էլ, որպես կանոն, կախված է բնակչության բարեկեցությունն ու ապահովությունը: Հպատակներն իրենց հերթին հանդիսանում են բարձրագույն իշխանության՝ թագավորի հրամաններն ու կամքը կատարողները, որի շնորհիվ կատարյալ է դառնում արքա-ենթակա փոխհարաբերությունը: Արքան արքա է այն ժամանակ, երբ թագավորության մեջ բնակվողը կատարվում է նրա կամքը: Տերունական աղոթքն ուսուցանելիս Փրկիչը պատվիրեց մարդկանց աղոթել այսպես՝ «Հայր մեր… եկեսցէ արքայութիւն Քո, եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի»՝  «Հայր մեր… քո թագավորությո՛ւնը թող գա, քո կա՛մքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է» (Մատթ. 6:10-11): Երկինք ասելով Տերը նկատի ունի հրեշտակներին ու սրբերի դասը (անդրանկաց կամ հաղթանակած եկեղեցի), որոնք մշտապես եղել և մնում են Աստծո կամքը կատարողները, ինչի շնորհիվ Աստծո թագավորությունը երկնքում անսակարկելի իրականություն է: Մենք մեր աղոթքում հայցում ենք Երկնավոր Տիրոջը որպեսզի երկրի վրա էլ հաստատվի Աստծո Երկնային արքայությունը՝ բոլորն անխտիր հետևողն ու որոնողը լինեն Սուրբ Երրորդության կամքի, Աստված թագավորի մարդկանց սրտերում: Հետևաբար, երբ Փրկիչը խոսում էր «Երկնքի արքայության» մասին, նա նկատի ուներ ոչ թե ինչ-որ վայր (որոշ դեպքերում սա էլ է հնարավոր), այլ իրավիճակ, երբ մարդն ընդունում է Աստծուն որպես իր Տեր, որպես իր Թագավոր և անվերապահորեն կատարում է նրա բարեխնամ կամքը՝ հետևելով աստվածային պատվիրաններին ու խորհուրդներին:

Հոգով աղքատներ 

  • Աչքի անցկացրած գրականության մեջ չհանդիպեցի գոնե եզակի մի դեպք, որտեղ կնշվեր, թե աղքատությունը երանություն է, չնայած որ ավետարանի հայտնի առակի (Մատթ. 13:44) օրինակով շատուշատ սրբեր են իրենց նվիրել կամավոր աղքատության (Անտոն Մեծ, Հովհաննես կամավոր աղքատ, Նիկողայոս Սքանչելագործ) և այդպես իսկ հաստատել ու արժանացել երկնքի արքայությանը: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ «հոգով աղքատ» ասելով Փրկիչը ամենևին չի մատնանշում նյութական աղքատությունը ու թերևս այդ է պատճառը, որ Մատթեոս Ավետարանիչը շեշտում է «հոգով» բառը:
  • Ամենից տարածված մեկնաբանությունն այս այս արտահայտության համար հանդիպում է Եկեղեցու հայրերի մեկնություններում: Ըստ հայրախոսական մեկնությունների՝ «հոգով աղքատներ» ասելով Քրիստոս նկատի ուներ խոնարհներին: «Ի՞նչ է նշանակոմ հոգով աղքատ,- գրում է Սուրբ Հովհան Ոսկեբերանը,- եթե ոչ խոնարհ եւ սրտով բեկված (հմմտ. Ես. 66:2): Այստեղ հոգի ասելով՝ նկատի ունի շունչը եւ կամքը: Քանզի շատերը կան, որ խոնարհ են ոչ թե իրենց կամքով, այլ ակամա եւ ստիպողաբար: Թողնենք այդպիսիներին, քանզի գովեստը եւ պատիվը նրանցը չէ, այլ նրանցը, ովքեր իրենց կամքով են խոնարհեցնում ու ցածրացնում իրենց անձը. նախ երանի է տալիս այդպիսիներին: …Քանզի առաջին մարդը, թշնամու սնոտի հույսով լցվելով, ամբարտավանացավ եւ մահկանացու դարձավ. կարծելով, թե աստված կլինի, կորցրեց այն ամենը, ինչ ուներ»: Փաստորեն այն, որ Ադամը, ով Աստծո կամքը կատարելով ըստ ամենայնի վայելում էր Երկնքի արքայությունը, գայթակղվելով աստված դառնալու առաջարկով (Ծննդ. 3:5) զանց առավ Աստծո տված միակ պատվիրանը և ցուցաբերեց մարդկության պատմության մեջ առաջին անհնազանդությունն ու ամբարտավանությունը: Խոնարհության պակասը պատճառ դարձավ նրա՝ Աստծո արքայությունից արտաքսման: Եվ հիմա Քրիստոս երանի է տալիս նրանց, ովքեր չեն կրկնում Ադամի սխալը, այլ խոնարհ լինելով արժանանում են Երկնքի արքայությանը: Այս հարցում լավագույն օրինակը հենց ինքը Աստվածորդին է, ով մեզանից ամեն մեկին հիշեցնում է. «Իմ լուծը ձեր վրա վերցրե՛ք և սովորեցե՛ք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ. և ձեզ համար հանգիստ պիտի գտնեք» (Մատթ 11:29): Սա է իրական և հավիտենական երանությունը:
  • Այս նախորդ մեկնությանը որոշ առումով լրացնում է եբրայերեն «oni» կամ «ebion» (թարգմանվում են որպես՝ «աղքատ») բառերի բացատրությունը: Դրանք երկուսն էլ օգտագործվում էին մատնանշելու համար մի մարդու, ով «համեստ է ու անօգնական, և իր ողջ հույսը դրել է ուրիշ մեկի վրա»: Այդ իմաստով է Դավիթ մարգարեն սաղմոսում գրում. «Նա փրկեց աղքատին բռնակալի ձեռքից, եւ խեղճին ու տնանկին՝ իրենց յափշտակողներից» (Սաղմ. 34:10 հմմտ. 67:11, 71:4): Հետևաբար «հոգով աղքատն» այն մարդն է, ով գիտակցելով իր անօգնականությունը և կյանքի դժվարությունները սեփական ուժերով հաղթահարելու անկարողությունը, վստահում և խոնարհաբար իր ողջ հույսը դնում է Աստծո վրա՝ ապավինելով նրա սիրուն և օգնականությանը, որովհետև. «Աղքատն այս Տիրոջը դիմեց, և Տերը նրան լսեց ու իր բոլոր նեղություններից փրկեց նրան» (Սաղմ. 33:7):
  •  Եվ ի վերջո «հոգով աղքատը» նա է, ով քաղցն ու ծարավն ունի Աստուծո խոսքի, նա ով ջրերի ակունքները փափագող եղջերվի նման փափագում է Տիրոջը (Սաղմ. 41:2)՝ որպեսզի հագեցնի ու լիացնի հոգու աղքատությունը: Պատկերացնենք իշխանական ծագմամբ մի բարի մեծահարուստ աղքատների թաղամասով անցնելիս իր կառքից ոսկեդրամներ է աջուձախ շաղ տալիս, ի՞նչ կկատարվի: Ամեն անկյունից և տներից ընչազուրկները պիտի վազեն ու ագահորեն հավաքեն և գրպանները լցնեն դրամները. այս է աղքատների բնույթը: Իսկ հիմա անդրադառնանք ու հիշենք, որ կա այդ մեծահարուստը. Քրիստոս Աստված ամեն օր իր սուրբ խոսքը, իր օրհնություններն ու ողորմությունը բաշխում ու շաղ է տալիս աշխարհով մեկ: Քանի՞սն է մեզանից գրկաբաց ընդունում այն: Քանի՞սն է իրապես «հոգով աղքատ»: Երկնքի արքայությունը նրանց էլ բաժին կհասնի:
Հուսամ պատասխանը կբավարարի: Եթե ունեք հայտնի կամ անհայտ այլ մեկնություններ, կցանկանամ ծանոթանալ դրանց մեկնաբանությունների մեջ: Տերը թող օրհնի և բոլորիս տա «հոգով աղքատ» լինելու մեծ շնորհը:

Եթե ունեք մեկնության կարոտ Ձեր աստվածաշնչյան հատվածը, անցե՛ք այս հղումով` 

4 արտահայտվիր:

Srk. said...
6/28/12, 8:18 PM

Եփրեմ Խուրի Ասորի
-----------------------------------------------
1. Երանի նրան, ով չի սիրում և մերժում է աշխարհիկ կյանքը, և ով զօր ու գիշեր խորհում է Աստծո մասին։

2. Երանի նրան, ով ատում է հոգեկործան մեղքը, խորշում նրանից և սիրում միակ բարի և մարդասեր Աստծուն։

3. Երանի նրան, ով երկրի վրա ապրելով՝ նմանվում է երկնային հրեշտակին և ընդօրինակում սերովբեներին՝ հանապազ մաքուր խորհուրդներ ունենալով։

4. Երանի նրան, ով անարատ է Աստծո առաջ, անարատ և սուրբ ամենայն պղծություններից, չար խորհուրդներից ու գործերից։

5. Երանի նրան, ով հանուն Տիրոջ թոթափում է այս աշխարհի բոլոր ունայն գործերը։

6. Երանի նրան, ով մտապահում է գալիք ահեղ դատաստանը և ջանում արցունքներով բժշկել իր հոգու խոցերը։

7. Երանի նրան, ում արցունքները կատարելապես նման են անձրևաբեր ամպի, և ամեն օր նրանցով հանգցնում է չար կրքերի հուրը։

8. Երանի նրան, ով ընթանում է Տիրոջ պատվիրաններով և ամեն օր ի սրտե ապաստան է փնտրում հավատի ու սիրո մեջ։

9. Երանի նրան, ով հարատևում է ժուժկալության բարի կանոնների մեջ՝ Աստծուց երկնային արքայություն ստանալու ակնկալիքով։

10. Երանի նրան, ով հիշում է ունայն խոսքերի մասին ահեղ պատվիրանը և իր շուրթերին պահապաններ կարգում, որպեսզի պատվիրանազանց չլինեն։

11. Երանի նրան, ում հոգին նմանվում է նորատունկ ծառի, և հանապազ ջրի գոլորշացման նման արտասուքներ է թափում Աստծո առաջ։

12. Երանի նրան, ով իր հոգում բարի բույսեր է ցանում, այսինքն՝ առաքինություններ և սրբոց վարքեր։

13. Երանի նրան, ով տնկում է և ոռոգում տնկածը՝ արտասուքով աղոթելով, որ տնկվածը լինի աստվածահաճո և պտղաբեր։

14. Երանի նրան, ում սերը հրի նման բոցավառված է առ Աստված և այրում է իր մեջ ամեն տեսակի անմաքուր խորհուրդ և ամենայն հոգևոր պղծություն։

15. Երանի նրան, ով կամավոր կերպով նմանվում է բարի հողի՝ բարի սերմը մեկի փոխարեն երեսուն, վաթսուն և հարյուր պտղաբերելով։

16. Երանի նրան, ով իր ցանկությամբ նմանվում է արտի գեղեցիկ սերմին, ինչպիսին որ Տերը ցանեց Իր սեփական արտում։

17. Երանի նրան, ով գտնում է երկնային ընտիր մարգարիտը և վաճառելով իր ամբողջ ունեցվածքը՝ ձեռք բերում այն։

18. Երանի նրան, ով գտնում է դաշտում թաքնված գանձը և ուրախանալով, ամեն ինչ թողնելով՝ ձեռք է բերում միայն այն։

19. Երանի նրան, ով անդադար հիշում է իր մահվան օրը և ջանում պատրաստ և անվախ լինել այդ ժամին։

20. Երանի նրան, ով համարձակ կլինի բաժանման պահին, երբ հոգին վախով հիվանդություններով բաժանվում է մարմնից, քանզի հրեշտակները գալիս են հոգու հետևից՝ այն մարմնից բաժանելու և անմահ և ահեղ Դատավորի գահի առաջ կանգնեցնելու։

Unknown said...
8/30/15, 11:36 PM

ԱՄԵՆ:

Unknown said...
8/30/15, 11:38 PM

ԱՄԵՆ:

Unknown said...
8/30/15, 11:39 PM

ԱՄԵՆ:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...