29.5.12

ՃԱՆԱՉԵԼ ՔՐԻՍՏՈՍԻՆ


Կարդա՛նք՝ Հովհ. 10: 1-16

Գառները լսում են Հովվի ձայնը և հետևում են նրան (Հովհ. 10:3-4):

Եթե ժամանակակից աշխարհում մարդուն ոչխար կամ գառ անվանես, այդ միանշանակ վիրավորական պիտի հնչի և նույն կերպ էլ ընկալվի: Ահա այդ է պատճառը, որ այսօր քիչ չեն մարդիկ, ովքեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի համեմատությունը, թե «Ես եմ հովիվը, իսկ դուք իմ ոչխարները»  (հմմտ. Հովհ. 10:14) որակում են որպես վիրավորական և անհարիր:
Սակայն եթե մտովի ճանապարհորդենք դեպի առաջին դար և տեսնենք, թե ի՛նչ նկատի ուներ Քրիստոս այդ ասելով, պատկերն ու տպավորությունը միանգամից պիտի փոխվեն դեպի դրականը:

Հովվի գործը Քրիստոսի ժամանակներում ամենաբարդերից էր: Պատկերացրե՛ք, մարդիկ, ովքեր տարին բոլոր անցկացնում են սարերում, դաշտերում ու արոտավայրերում, չունեն լիարժեք քուն ու հանգստություն, ոչ աշխատանքային կամ հանգստյան օրեր… Նրանք մարդիկ էին, ովքեր իրենց ողջ ժամանակն ու ունակությունները ներդնում էին մեկ գերակա նպատակի՝ գառների հոտը գիշատիչներից ու բնության տարերքներից պահելու ու պաշտպանելու համար, մարդիկ էին, ովքեր խոր պատասխանատվություն էին կրում յուրաքանչյուր գառնուկի համար՝ սիրահոժար խնամելով ու հոգ տանելով:

Քրիստոնեական մի գեղեցիկ լեգենդ գոյություն ունի Բարի Հովվի և գառնուկների մասին: Հովիվը չափազանց շատ էր սիրում գառնուկներին, խնամում էր նրանց, պաշտպանում վտանգներից, օր ու գիշեր հետևում էր, որպեսզի փորձանքների մեջ չհայտնվեն: Հակառակ սրան, գառնուկները չէին սիրում Հովվին, չէին լսում նրան և հաճախ անհնազանդ էին գտնվում, արհամարհում էին ու ծաղրում, փախչում էին հոտից՝ իրենց ու Բարի Հովվի համար արհեստական խնդիրներ հարուցելով: Սակայն Հովիվը շարունակում էր սիրել իր գառնուկներին: Այսպես, մի օր գառնուկներից մեկն անակնկալ առանձնանում է հոտից ու մոլորվում է: Հովիվն անհանգստացած թողնում է 99 ոչխարներին ու ընկնում է սար ու ձորեր այդ մեկ գառնուկին գտնելու համար: Ստեղծված առիթից օգտվելով՝ հարևան անտառից գայլերն հարձակվում ու հոշոտում են մնացած հոտի կեսին: Ողջ մնացած գառները զայրանում, դատ են գումարում և իրենց լքելու ու կյանքները վտանգի ենթարկելու մեղադրանք են ներկայացնում Բարի Հովվին: Հովիվը, որ արդեն գտել էր մոլորված ոչխարին, արդարանում է.
-   Եթե դուք անհնազանդ չգտնվեիք և լսեիք ինձ, ընդունեիք իմ խոսքն ու հետևեիք ինձ, գառնուկը չէր հեռանա հոտից, ես չեի գնա նրան փնտրելու, և դուք միայնակ  չէիք մնա գիշատիչների առջև…
Լսելով Հովվին, գառնուկները հասկանում ու ընդունում են իրենց սխալը և այդ օրվանից սկսյալ երդվում են լսել Հովվի ձայնը և միշտ հետևել նրան:

Մինչև այսօր Հրեաստանի, Հայաստանի, Վրաստանի և մի քանի այլ երկրների լեռներում հաճախ կարելի է լսել տարօրինակ թվացող մարդկային բարձր բղավոցներ: Այդ հովիվներն են կանչում: Նրանք ժամանակ առ ժամանակ ազդանշանային բարձր ձայն են արձակում, որը ճանաչելով՝ հոտից փոքր ինչ հեռացած գառնուկը լսում ու միանգամից վերադառնում է հոտի մոտ: Անհնար է, որ գառնուկը չճանաչի իր հովվի ձայնը: Նույն սկզբունքով երբ փարախում միմյանց խառնված մի քանի հոտ է լինում, առավոտյան կանչի արդյունքում յուրաքանչյուր գառնուկ լսում, ճանաչում է իր հովվի ձայնը և հետևում է նրան:
Այսպես,  հովվի ու հոտի փոխհարաբերությունների օրինակով Փրկիչը ցույց է տալիս Աստծո ու մարդկանց փոխհարաբերության կատարելատիպը՝ լի սիրով, հոգատարությամբ, նվիրումով ու վստահությամբ:

Տեսե՛ք, թե մենք՝ մարդիկս, որքան նման ենք քիչ վերևում ներկայացված լեգենդի գառնուկներին: Մենք էլ հաճախ անհնազանդ ենք Աստծուն, չար ու չարաճճի, հաճախ Նրա Սուրբ Խոսքն ու կամքը արհամարհող, երբեմն ծաղրող, ավելի հաճախ փախչում ենք Բարի Հովիվ Հիսուս Քրիստոսից, քան ապավինում Նրա ամենակարող զորությանը, չենք ցանկանում լսել փրկության Ավետարանը, այլ գերադասում ենք հեռանալ ինքներս մեզանից ու հայտնվել չարի ճիրաններում… Իսկ վերջում էլ վրա հասած փորձության համար մեղադրել ու դատապարտել Աստծուն: Պարզապես մենք չենք լսում Աստծուն, պարզապես մենք չենք ճանաչում Նրա ձայնը, որ ասում է. «Տերն իմ հովիվն է, և ինձ ոչինչ չի պակասի» (Սաղմ. 22:2):

Գիտե՞ք, մի բան է իմանալ Աստծո մասին, մեկ այլ բան՝ ճանաչել Աստծուն:
Ես շատ ուսյալ մարդիկ գիտեմ, հանրաճանաչ Աստվածաբաններ, որոնք Աստծո մասին գիտեն հնարավոր ամեն բան, յուրացրել են Սուրբ Գիրքը «Այբ»-ից «Ֆե»-ն, սակայն դեռևս չեն ճանաչում Քրիստոսին: 
Մի բան է իմանալ Աստծո մասին, մեկ այլ բան՝ ճանաչել Աստծուն:

Մի քահանա մահվանից հետո հայտնվում է դժողքի ու դրախտի ճամփաբաժանին: Հանկարծ նրան է մոտենում մի մարդ և հարցնում է, թե ո՛վ է:
-   Դե, քահանա եմ, 40 տարի ծառայել եմ եկեղեցում:
-   Իսկ դու Քրիստոսին ճանաչո՞ւմ ես,- հարցնում է մարդը:
-   Իհարկե ճանաչում եմ. Նա իմ Աստվածն է:
-   Լավ,- պատասխանում է մարդը,- այդ դեպքում գնա ձախ:
Հաջորդիվ մոտենում է մի բողոքական պատվելի: Մարդը դարձյալ հարցնում է, թե ո՛վ է.
-   Պատվելի եմ,-պատասխանում է,- 40 տարի քարոզչությամբ եմ զբաղվել:
-   Իսկ դու Քրիստոսին ճանաչո՞ւմ ես,- հարցնում է մարդը:
-   Իհարկե ճանաչում եմ. Նա իմ Տերն ու Փրկիչն է:
-   Լավ,- պատասխանում է մարդը,- այդ դեպքում դու էլ գնա ձախ:
Ապա մի ծեր, կորամեջք տատիկ է մոտենում.
-   Ո՞վ ես, -հարցնում է մարդը:
-   Ես մի մեղավոր կին եմ. 40 տարի երգել եմ եկեղեցու երգչախմբում:
-   Իսկ դու Քրիստոսին ճանաչո՞ւմ ես:
-   Մեղա քեզ, Տե՛ր,- մրմնջում է տատիկը,- Քեզ ո՞վ չի ճանաչի…

Այո՛, Աստծուն ճանաչելն ամեն մեկին տրված չէ, ամեն մեկը չէ, որ կամք ու ձգտում, սրտի փափագ ունի Աստծո մասին գիտությունը փոխարինել Աստվածճանաչողությամբ՝ ճշմարտապես ճանաչելու Քրիստոսին: Դրա համար անհրաժեշտ է նախ գառնուկ լինել՝ օժտված լինել գառան անմեղությամբ, գառնուկի խոնարհությամբ և ոչխարների նման Հովվի ձայնը լսելու և անվերապահորեն նրան հետևելու կարողությամբ

Սուրբ Գիրքն ասում է, որ Քրիստոս Հովիվը իր հոտին՝ իր արյամբ փրկագնված հավատացյալներին, գիտի, ճանաչում ու կանչում է անուն առ անուն (Հովհ. 10:3):
Իսկ դու լսո՞ւմ ես Նրա կանչը, իսկ դու ճանաչո՞ւմ ես Նրա ձայնը… Շտապի՛ր, քանի դեռ փարախից դուրս չես մնացել… Ջանա՛ դառնալ Աստծո գառնուկը… Փութա՛, լսել Քրիստոսի կանչը… Շտապի՛ր ճանաչել Նրան…
 Սուրբ Աստվածածին, Բջնի
13.05.2012

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...