23.4.12

ՄԵՆՔ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՇԱ՜Տ ԵՆՔ ՍԻՐՈՒՄ

«Երբ Հիսուս ասաց` «սիրիր թշնամուդ», 
այնժամ թուրքը չկար աշխարհում» 
                                        Ավետիք Իսահակյան 

Իսկապես... Դժվար է սիրել թուրքին, անգամ անհնար, որքան էլ որ լավ քրիստոնյա լինես: Հայոց Ցեղասպանությունը, որ գագաթնակետին հասավ 1915-ի ջարդերով, կարելի է ասել սիրելու ոչ մի հնարավորություն չթողեց. 1.5 միլիոն նահատակների արյան կանչը մի տեսակ «վրեժխնդրությամբ կամ պահանջատիրությամբ» է արձագանքում մեր սրտերում: Կարծես դրան ի պատասխան՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվան ընդառաջ հայերս տարածում ենք հակաթրքական նյութեր ու արտահայտություններ, խորհրդանշական պատկերներ ենք տեղադրում սոցիալական էջերում, պայքարում ու սպառնում, ցնծում ենք, երբ որևէ երկիր ճանաչման է արժանացնում կույրի համար միայն անտեսանելի պատմական փաստը:

«Բայց ինչո՞ւ»,- երբևիցե հարցրել եք ձեզ: Ի՞նչ ենք սրանով ստանում, ի՞նչ ենք տալիս կամ ի՞նչ ենք ապացուցում... Ապացուցում ենք որ հա՞յ ենք, հայրենասե՞ր ենք, թրքատյաց և ճշմարտության մարտիկնե՞ր: Աստված սիրեք...
Ապրիլի 24-ն անցավ թե չէ, հօդս է ցնդում ամեն տեսակ հայրենասիրական պաթոս, (չնայած այդ օրն էլ այն իր ճիշտ ձևի մեջ չէ), կարծես ոչինչ էլ չի եղել: Եվ սրա արդյունքում ցեղասպանությունը շարունակվում է, շարունակվում է մինչև այսօր...

Ինչո՞ւ, ինչպե՞ս… Մենք ենք նպաստում «կոտորածն անգութի» շարունակմանը:
Ուղղակի ընդունենք, թե չէ, մենք թուրքերին շաաաաաատ ենք սիրում...

Ապացույցնե՞ր են պետք, խնդրե՛մ, նայենք Հայաստան աշխարհի առօրյային՝ 
  • Արևմտան Հայաստանում բնակվող հայերը Թուրքիայի արհեստագործության հիմնադիրներն էին, լավագույն վարպետներն ու հայտնի գործարարները հայերն էին, որ կային, սա պատմական փաստ է: Սակայն այսօր Հայաստանյան շուկան (գոնե իմ գրպանին հասանելի) ամբողջովին ողողված է թուրքական արտադրության մթերքով ու հագուստով: Հայաստանի ողջ տեքստիլ արդյունաբերությունը, կարելի է ասել, հույսը դրել է թշնամի Թուրքիայի էժանագին հագուստի վրա: Ասել է թե՝ ապրում, սնվում ու հագնվում ենք “по турецки”:
  • Ցեղսպանության օրերին երիտթուրք առաջնորդները ոգևորում էին քրդերին ու թուրք ելուզակներին հայերի հարստություններին տիրանալու հեռանկարով, իսկ այսօր հազարավոր հայրենակիցներ ամռանն ինքնակամ մեկնում են Թուրքիա հանգստանալու «Անթալիաներում» և միլիոններով լցնելու թշնամու գրպանները: Երևի մեզ պետք է, որ թշնամին հզորանա…
  • Ինչպիսի՜ դաժանությամբ ու տռփանքով էին թուրքերը տիրանում մեր «փափկասուն տիկնանց», ինչպիսի՜ պատվախնդրութայմբ էին հայ աղջիկները գերադասում ինքնասպանությունը պղծված լինելուց: Իսկ այսօր... Թուրքիան ոչ միայն վերածվել է հայ աղջիկների մարմնավաճառության մեծագույն կենտրոնի, այլև Հայաստանում իսկ «հայրենասեր» երիտասարդները չեն խորշում ամեն կերպ խաբել, մոլորեցնել ու տեղաշոր քարշ տալ միամիտ կամ ոչ այնքան հայ աղջիկներին, պատվազրկել ու բռնաբարել, իսկ վերջում էլ շրջապատում գլուխ գովել մի բանի համար, որով չեն տարբերվում թուրք ասկյարից: 
  • Մեծն Կոմիտաս վարդապետը` հայոց երգի Մեսրոպ Մաշտոցը, ով հիրավի դարձավ սրի գնացած հայ մտավորականության խորհրդանիշը, ի՞նչ իմանար, որ իր բյուրեղացրած հայկական երաժշտությանը հակառակ, սերունդները պիտի պար բռնեին թուրքական «մուղամների», «բայաթիների» ու կլկլացված երաժշտության տակ, ապրեին դրանով, գովեին ու որակեին որպես «հայկական»: Թուրքական ճաշակ… 
  • Մինչև 20-րդ դարի սկիզբը Արևմտյան Հայաստանում գոյություն ուներ մոտ 3500 հայկական եկեղեցի ու վանք: Մեծ Եղեռնից հետո մնաց ընդամենը 100-150, այն էլ՝ մեծ մասը կիսավեր… . թուրքն էր հողին հավասարացրել քրիստոնյա «գյավուրի» աղոթատունը: Այսօրվա անկախ պետականության պայմաններում այցելեք մեր հինավուրց վանքեր ու եկեղեցիներ: Ի՞նչ կտեսնեք: Համատարած թրքանման սրբապղծություն՝ անուններ ու սիրո խոստովանություններ փորագրված հնամենի քարերի վրա, ախտ, անարգանք, փլատակներ… թրքական ձեռագիր հայերիս գրիչով… 
  • Եվ վերջապես, թուրքական «մեծ թուրանի» երազանքին խանգարում էին, ոչ միայն հայերը որպես ազգություն, այլ հատկապես հայերը՝ որպես քրիստոնյա: Այսօր էլ քրիստոնեությունը կուլ չգնացող ոսկոր է բազում հայրենակիցների կոկորդում: Թուրքական անհավատությամբ ջանում են ոչնչացնել այն, կեղծ ազգասիրության ու շինծու քրիստոնեության դիմակի տակ ուրանում ու ոչնչացնում են ապրեցնող հավատքը, այն, ինչի շնորհիվ, ես վստահ եմ, կանք ու դեռ կլինենք… 
Համոզված եմ, շարքը դեռ շարունակել հնարավոր է: Ո՞րն է այս ամենի պատճառը… Այն որ մենք հայրենասե՞ր ենք, այն որ լիովին գիտակցո՞ւմ ենք մեր պատմության ամենակարմիր էջի լրջությունը, թե՞ այն, որ թմբիրի մեջ ընկած ջուր ենք լցնում Թուրքական ջրաղացին… 
Որքան էլ որ պարադոքսալ է, ստացվում է, որ մենք՝ հայերս, լավ էլ սիրում ենք թուրքրին, բայց, ցավ ի սիրտ, ոչ Տիրոջ պատվիրանին հետևելով… 
Ուղղակի ինքներս մեզ չենք սիրում:

Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

2 արտահայտվիր:

Արմինե комментирует...
23.04.2012, 19:23

Բայց մենք Քրիստոնյա ենք չէ՞, ախր ՀԱՅԵՐԸ ՔՐԻՍՏՈՆՅԱ են համարվում, բայց թրքություն են անում մեկը մյուսի նկատմամբ, ախր բա ու՞ր մնաց ՔՐԻՍՏՈՍԻ ՍԵՐԸ... Ու արդյոք այսօր իմաստ ունի՞ մեղադրել մուսուլման թուրքին... Կներեք, բայց մենք այսօր նրանցից վատն ենք........ՄԵՆՔ ՍՊԱՆՈՒՄ ԵՆՔ ՄԵԶ... և դա ուղղակի անտանելի ու զզվելի է...

Հովսեփ комментирует...
23.04.2012, 20:39

Միայն Աստված Ամենա Սուրբ Երորդությունը կարող է այս ամենին Իմաստուն պատասխան տալ որքան լավ էր երբ Քրիստոս մեր Թագավորը և մեր Աստված մեզ հետ էր։ Իհարկե մարդիկ մեղավոր չեն գումար վաստակելու առումով որ ստիպված են թուրքաքական հագուստ բերել և վաճառել մեր երկրում այդ հագուստը հին Հայաստանում է արտադրվում մեզանից գողացված երկրում որը հիմա թուրքյա են անվանում թուրք քոչվորները նրանք մեր երկրում են բնակվում մի մոռացեք։ ՈՒղղակի ես կարծում եմ մենք Հայերս որ մեզ իմաստուն ազգ ենք անվանում կանգնած ենք մեկ այլ վտանգի առաջ դա օտարամոլությունն է նոր սերունդը հեշտությամբ է իր արյունը խառնում օտար ազգի արյան հետ և երեխա է ունենում օտարից փոխելով մեր Հայկական գեները և արյունը։ Եթե մենք մեզ Սուրբ ազգ ենք համարում ապպա եկեք համապատասխանենք դրան։

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...