15.4.12

ԴԱ ՎԻՆՉԻ` ՄԱՐԴ ՀԱՆՃԱՐ


1452թ. ճիշտ ապրիլի 15-ին ծնվել է աշխարհի ամենահանճարեղ ու խորհրդավոր մարդկանցից մեկը` Լեոնարդո դի սեր Պիերո դա Վինչին (մահացել է 1519թ. մայիսի 2-ին), ով ընթերցողին հայտնի է առավելաբար որպես Վերածննդի դարաշրջանի կարկառուն գեղանկարիչ: Ամենևին չհանդգնելով թերագնահատել դա Վինչի գեղանկարչին` այնուամենայնիվ պիտի նշեմ, որ մեծ վարպետը հանճարեղորեն փայլել է նաև որպես քանդակագործ, ճարտարապետ, գյուտարար, ինժեներ, ֆիզիկոս, քիմիկոս, մաթեմաթիկոս, աստղագետ, անատոմ, բուսաբան, երկրաբան, փիլիսոփա, աշխարհագրագետ, լեզվաբան, երաժիշտ և գրող:
Ահա հատկապես այս վերջին տաղանդը հաշվի առնելով` ցանկանում եմ ներկայացնել դա Վինչիի հետաքրքիր առակներից մեկը` վստահ լինելով, որ այն շատերիդ համար ուսուցողական պիտի լինի:

ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ
- Արդարություն չկա աշխարհում,- աղիողորմ ծվծվաց աքիսի ճանկերից հրաշքով դուրս պրծած մուկը:
- Մինչև ե՞րբ հանդուրժենք սուտը,- վրդովված բացականչեց աքիսը` մի կերպ հասցնելով կատվից թաքնվել նեղ փչակի մեջ:
- Կամայականությունից արդեն օր ու արև չունենք,- մլավեց կատուն` բարձր ցանկապատին ցատկելով ու վախով նայելով ներքևում հաչող բակային շանը:
- Հանդարտվե՛ք, բարեկամնե՛ր,- ասաց գյուղացու բակի վանդակում նստած իմաստուն բուն:- Կյանքից ունեցած ձեր տրտունջներում ճշմարտության մաս կա: Բայց մի՞թե ճշմարտությունն իրավամբ ձեզանից միայն մեկին է պատկանում:
Այդ խոսքերն ասելու ընթացքում մուկը դուրս նայեց բնից, աքիսը քիթը հանեց փչակից, կատուն ավելի հարմար տեղավորվեց ցանկապատի վրա, իսկ շունը նստեց հետևի թաթերին:
- Արդարությունը,- շարունակեց բուն, - բնության բարձրագույն օրենքն է, ըստ որի էլ խելամիտ համաձայնություն է հաստատվում բոլոր նրանց միջև, ովքեր ապրում են աշխարհիս երեսին: Այդ իմաստուն օրենքի համաձայն են ապրում բոլոր գազանները, թռչունները, ձկները և նույնիսկ միջատները: Նայե՛ք, թե որքան համերշխ է ապրում և աշխատում մեղուների պարսը:
Բուն իսկապես իրավացի էր: Ով գոնե մեկ անգամ մեղվափեթակ է տեսել, գիտի, որ այնտեղ անվերապահորեն իշխում է մայր մեղուն` մեծագույն խելամտությամբ տնօրինելով ամեն ինչ ու ամենքին և բազմանդամ մեղվաընտանիքի անդամների միջև պարտականություններն արդարորեն բաշխելով: Մեղուների մի մասի հիմնական գործը ծաղիկներից նեկտար հավաքելն է, մյուսներինը`մեղվաբջիջներում աշխատելը, ոմանք հսկում են փեթակը` հեռո քշելով աներես բոռերին ու իշամեղուներին, մյուսներն էլ մաքրություն պահպանելով են զբաղված: Կան մեղուներ, որոնք պարտավոր են հոգ տանել մայր մեղվի մասին` ոչ մի քայլ չհեռանալով նրանից: Երբ տիրակալուհին ծերանում է, ամենաուժեղ մեղուները խնամքով նրան կրում են իրենց վրա, իսկ առավել փորձառուներն ու գիտակները բուժում են նրան ամեն տեսակ դեղերով: Ու եթե թեկուզ մեկ մեղու խախտի իր պարտականությունը, նրան անխուսափելի պատիժ է սպասվում:
Բնության մեջ ամեն ինչ իմաստուն է և մտածված, յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով, և կյանքի բարձրագույն արդարությունն այդ իմաստության մեջ է:

(առակն ըստ` 
«Լեոնարդո դա Վինչի, Առակներ, Հեքիաթներ, Լեգենդներ» գրքույկի
 (կազող` Հրաչյա Ամիրյան))
Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

4 արտահայտվիր:

Srk. комментирует...
15.04.2012, 21:38

Նոր հերթական բացահայտումը եղավ ինձ համար. դա Վինչիի հետ նույն օրը` ապրիլի 15-ին է ծնվել նաև վրձնի մեկ այլ կարկառուն վարպետ` Արշիլ Գորկին /Ոստանիկ Ադոյան/

Տաթևիկ комментирует...
16.04.2012, 10:11

Մեղուների աշխատանքի բաշխումը շատ նման է Եկեղեցում շնորհների բաշխմանը:

Blognews комментирует...
16.04.2012, 10:21

Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

Srk. комментирует...
18.04.2012, 14:40

@Տաթևիկ : Տեղին ու տիպիկ համեմատություն էր. երբեք չէի մտածել

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...