2.4.12

ԳԵԹՍԵՄԱՆԻԻ ԱԿԱՆԱՏԵՍԸ

Նվիրում եմ եղբորս`

Դուռն ուժգին բախում էին:
- Մարիա՛մ, բացի՛ր. գիտեմ` ներսում են,- բղավում էր տղամարդու խռպոտ ձայնը:
Հովհաննեսը վեր թռավ քնից: Բռունցքներով տրորեց աչքերը` զատորոշելու համար երազի ու իրականության սահմանը: Լսեց մոր անհանգիստ ձայնը: Զգուշավոր քայլերով մոտեցավ տանիքի եզրին և մինչև գոտկատեղը ձգվեց առաջ: Դռան շեմին Վարդապետի աշակերտներից մեկն էր` Սիմոնի որդին, նրա հետ մի քանի զինվորներ` սրերով և մահակներով:
- Ի՞նչ է պատահել, Հուդա՛,- տարակուսած հարցրեց Մարիամը` դուռը բանալով,- ի՞նչ են նշանակում այս զինվորները...
- Եղբայրներն ո՞ւր են,- հարցրեց Հուդան` կարծես չլսելով Մարիամի հարցը. Իսկարիովտացու հայացքը խուսափում էր կնոջ աչքերից:
- Դուրս են եկել մի քանի րոպե առաջ: Դու նրանց հետ չէի՞ր:
- Ո՛չ,- կոպտորեն վրա բերեց Իսկարիովտացին,- Հիսո՞ւսն էլ նրանց հետ է,- շարունակեց նա` փորձելով դռան շեմից ներս խուժել:

Մարիամի կեցվածքն արգելեց նրա մուտքը:
- Ես ստելու առիթ չունեմ, բա՛ր Շիմոն,- բարկացավ կինը,- նրանք երգելով ուղղվեցին դեպի Ձիթենյաց լեռը... Ինչո՞ւ տասնմեկի հետ չես:
- Ավելորդ հարցեր մի՛ տուր,- զայրույթով մռմռաց Հուդան:
- Իսկ զինվորնե՞րը... Սիրտս վատ բան է կանխազգում...
- Զինվորները... զինվորները Վարդապետի ապահովության համար են. նրան վտանգ է սպառնում:
- Ի՞նչ վտանգ, ինչո՞ւ,- հուզվեց կինը:
- Ավելորդ հարցեր մի՛ տուր,- հապճեպ հեռանալով` կրկնեց Իսկարիովտացին,- գնա՛նք. ես գիտեմ որտեղ է Նա:
Զինվորները հետևեցին Հուդային:
Հովհաննեսը շտապով անկողնու միջից խլեց սավանը, գցեց վրան և կատվի ճարպկությամբ տանիքից ցատկելով` վազեց դեպի Գեթսեմանիի պարտեզ:
- Մարկո՛ս...- հետևից հնչեց մոր աղերսագին ձայնը. պատանին ինքնամոռաց սուրում էր:

Ձիթենիների սաղարթի ներքո գիշերն անտեսանելի էր... Հիսուսին գտնելը, սակայն, Հովհաննեսի համար մեծ դժվարություն չեղավ: Վարդապետը ծնկաչոք աղոթում էր: Երբեմնի խաղաղ ու կարեկից աչքերի մեջ առկայծում էր խուճապը, մահվան ստվերը վարագուրել էր սիրո քարոզչի դեմքը, և խավարը անկարող էր թաքցնել այդ: Վարդապետը լարումից ցնցվում էր, քրտինքը արցունքների հետ ակոսում էր երեսը:
 Ոտքի կանգնեց... Երերուն քայլերով առաջացավ դեպի մոտակա բարձրուղեշ ձիթենին, կանգնեց մի քանի վայրկյան, ապա ետ դարձավ:
«Պետք է սպասել, պետք չէ խանգարել»,- մտածեց Հովհաննեսը` թաքնվելով մոտակա թփերի մեջ:
Քրիստոսը դարձյալ ծնկեց, գլուխը ցավագին հպեց սառը գետնին և առավ ափերի մեջ:
- Աբբա՛, Հա՛յր, ամեն ինչ քեզ կարելի է. այս բաժակը ինձնից հեռացրո՛ւ, բայց ոչ թե ինչպես ե՛ս եմ կամենում, այլ՝ ինչպես դո՛ւ ես կամենում*,- արցունքների միջից արտաբերեց Քրիստոսը։
Անբացատրելի մի լուսավորություն ծագեց Վարդապետի շուրջը: Հովհաննեսը այլայլված տրորեց աչքերը: Լույսն այլևս չկար:
Վարդապետը գիրթ ոտքի կանգնեց և վճռական քայլերով դիմեց դեպի ծառի տակ ննջող առաքյալները:
- ... Օ՛ն, վե՛ր կացեք գնանք, որովհետև ահա մոտեցավ նա, ով ինձ մատնելու էր**,- Հովհաննեսի ականջներին հասավ Հիսուսի ձայնը:
Լսելով մատնության մասին` Հովհաննեսը դուրս թռավ թաքստոցից, բայց... Իսկարիովտացին ուղեկից զինվորների հետ հայտնվեց իր ու Վարդապետի միջև: Պատանին կրկին արագորեն թաքնվեց թփերում:
- Ռաբբի՛, ռաբբի՛,- անսքող կեղծավորությամբ բացականչեց Հուդան, և մատնության համբույրը դրոշմվեց Վարդապետի այտին:
Այն, ինչ կատարվեց այնուհետև, ակնթարթի նման էր: Հովհաննեսը սթափվեց միայն այն ժամանակ, երբ իր թաքստոցի դիմացով փախան ահաբեկված առաքյալները: Զինվորների հսկողության ներքո անցավ նաև շղթայված Ուսուցիչը: Իսկարիովտացին չկար...
«Ես չկարողացա, ես չհասցրեցի,- դառնորեն ինքնախոստովանեց Հովհաննեսը,- պետք է ազատել Վարդապետին»,- վճռեց նա և զգուշավոր քայլերով հետևեց զինվորներին:

Զինվորները դեռ չէին հասել քաղաքի դարպասներին, երբ երիտասարդները խբին հետևող մի պատանու նկատեցին `իր մերկ մարմնի վրա մի սավան գցած։ Երիտասարդները նրան բռնեցին, և նա թողնելով հագի կտորը՝ մերկ փախավ նրանցից։
Եվ Հիսուսին տարան Կայիափա քահանայապետի մոտ***:


*Մարկ. 14:36,  ** Մարկ. 14:41-42,  *** Մարկ. 14:51-53

Հուսիկ քհն.
Ավագ Շաբաթ, 2012

4 արտահայտվիր:

Sona комментирует...
03.04.2012, 18:44

Vaaaay inchqan sirun eeeerrr!!! anchaaap shnorhakalutyun!!! karcem sa Ter Markosi qarozneric mekum merk eritasardi hatvac@ parzabanelu hamar er che??? inchqan lav eiq kapakcel u chisht nerkayacrel, yes mi pah tvac te 2000 tari het em gnacel u kangnac koxqic nayum em....

Srk. комментирует...
04.04.2012, 14:40

Ավետարանական այս հատվածի վերաբերյալ մանրամասն մեկնություն կարող եք ստանալ այցելելով այստեղ` http://notatetr.blogspot.com/2011/12/1451-52.html

Armen Sargsyan комментирует...
25.07.2012, 9:03

Աստված Ձեզ առավել զորացնի սիրելի Տեր Հայր: Գեղեցիկ էր, կարծես այդ երիտասարդը ես լինեի

Srk. комментирует...
25.07.2012, 9:30

@Armen Sargsyan ջան շատ շնորհակալ եմ: Աստված օրհնի քեզ:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...