23.3.12

ԶՈՐՈՒԹՅՈՒՆ ↔ ՏԿԱՐՈՒԹՅՈՒՆ


Jhon Doe ընթերցողի առաջարկով այսօր ծանոթանանք Սուրբ Պողոս առաքյալի` Կորնթացիներին ուղղաված 2-րդ (Բ) նամակի 12-րդ գլխի 9-10 տողերին`

«Իմ շնորհը քեզ բավ է, որովհետև Իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում»։ Եվ արդ, լավ էլ է, որ ես պարծենամ իմ տկարություններով, որպեսզի իմ մեջ բնակվի Քրիստոսի զորությունը։ Դրա համար գոհունակությամբ համակերպվում եմ տկարություններին, նախատինքներին, վշտերին, հալածանքներին և նեղություններին՝ Քրիստոսի համար. որովհետև, երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր»։
Ամբողջ 12-րդ գլխի պարունակությունից ակնհայտ է, որ Պողոս առաքյալը որոշակի խնդրից դրդված է արտահայտում այս միտքը: Այդ խնդիրը մեծապես կապված էր կորնթացիներից ոմանց համար իր` որպես առաքյալ չընդունվելու հետ: Բանն այն է, որ հայտնվել էին ոմանք (կեղծ առաքյալներ), ովքեր Պողոսի մոտ որոշ շնորհների կամ հնարավորությունների «բացակայությունը» կամ որոշ խնդիրների առկայությունը մատնացույց էին անում` հիմնավորելու համար, թե իբր նա այդպիսին լինելով առաքյալ չի կարող լինել: Պողոս առաքյալին մնում էր միայն ինքնապաշտպանվելը: Նախ նա շատ համեստորեն մի գաղտնի դեպք է բացահայտում իր անձնական հոգևոր փորձառությունից (Բ Կորնթ. 12:1-6)` սրանով ցույց տալով, որ Աստծո առջև իր արժանիքները պակաս չեն, ապա և հավելում է, որ այդքանով հանդերձ, որպեսզի ինքը, մարդ լինելով չընկնի մեծամտության և գոռոզության գիրկը, Աստված իրեն տվել է «մարմնի խայթ, Սատանայի մի պատգամավոր, որ բռնցքահարի» (Բ Կորնթ. 12:7): Թե ինչ «խայթ» էր այդ, կարծիքները բազմազան են, բայց և դեռևս չապացուցված, սակայն նկատենք, որ չնայած առաքյալի աղոթքներին` Տերը չի հեռացնում նրանից այն (Բ Կորնթ. 12:8), այլ ասում է. «Իմ շնորհը քեզ բավ է, որովհետև Իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում»:

Աստվածային այս աքսիոմը, որքան էլ, որ հակասական է թվում հենց գոնե միմյանց հականիշ «զորություն» և «տկարություն» բառերի անհամատեղելիության պատճառով, հոգևոր մեծ իրականություն է իրենից ներկայացնում. մարդն Աստծո զորությունը, նրա ուժն ու հրաշագործությունը զգում է հատկապես այն ժամանակ, երբ իր կյանքում առկա են որոշակի դժվարություններ: Եվ որքան այդ բարդությունները (լինեն դրանք հոգևոր, ֆիզիկական, հոգեբանական, ֆինանսական, թե այլ տեսակի) ավելի դժվար հաղթահարելի են, այնքան անօգնականության մեջ հայտնաված մարդն ավելի վեր է բարձրանում անձնապաստանությունից, այնքան ավելի սկսում է ապավինել Աստծուն` հավատալ Նրա հրաշքին, Նրա զորակցությանն ու սիրուն: Տկարությունների մեջ Աստծո զորությունը դառնում է ավելի նկատելի ու ավելի ցանկալի, ինչպես օազիսը անապատի մեջ: Ուստի առկա տկարությունը Սուրբ Պողոս առաքյալը գնահատում է պարծենալու չափ, քանզի այն է, որ իրեն ու մարդ արարածին հիշեցնում է Քրիստոսի զորության ու ամենակարողության մասին` ստիպելով հիշել նաև այն շնորհները, որոնք ստացել ենք ձրիաբար. «Դրա համար գոհունակությամբ համակերպվում եմ տկարություններին, նախատինքներին, վշտերին, հալածանքներին և նեղություններին՝ Քրիստոսի համար. որովհետև, երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր»: 

Հստակ է. միայն շնորհներն ու  հավատքային արտաքին դրսևորումնները չեն, որ մարդուն զորացնում կամ ապացուցում են Աստո զորությունը, այլ նաև տկարություններն ու փորձությունները:  Փորձությունները մարդու համար են և Աստծո շնորհով դրանք հաղթահարելը մարդուն դարձնում է ավելի զորեղ հավատքով, կամքով, ինչու չէ նաև ֆիզիկապես, որովհետև կրակն է, որ ազնվացնում է ոսկին, ինչպես Սուրբ Պետրոս առաքյալն է ասում. «...այլևայլ փորձություններով փոքր-ինչ տրտմած եք, որպեսզի ձեր հավատի փորձը, որ առավել արժեքավոր է, քան կորստյան ենթակա ոսկին, որ կրակով է փորձված, դառնա գովքի, փառքի ու պատվի առարկա հայտնության ժամանակ Հիսուս Քրիստոսի» (Ա Պետր. 1:6-7):

Խոսելով Պողոս առաքյալի նամակի այս հատվածի վերաբերյալ` Սուրբ Հովհան Ոսկեբերանը շատ իմաստալից նկատում է, որ երբ առաքյալն իմացավ, որ Աստված չի վերացնելու իր տառապանքները «ոչ միայն չհուսալքվեց, այլ անգամ ուրախացավ: Դրա համար իսկ ասաց. «գոհունակությամբ համակերպվում եմ տկարություններին, նախատինքներին, վշտերին, հալածանքներին և նեղություններին՝ Քրիստոսի համար»: Այդ ասաց` ցանկանալով նրանց (կեղծ առաքյալներին) հաշտեցնել և իրենց (կորնթացիներին) սթափեցնել, որպեսզի չամաչեին Պողոսի տառապանքներից, քանզի համբերությունը տառապանքներին կարող է փառավոր դարձնել բոլորին: ...Որտեղ տառապանքն է, այնտեղ էլ մխիթարությունը, որտեղ մխիթարությունն է, այնտեղ` շնորհը: ...Բոլոր սրբերին Աստված այս ճանապարհով է առաջնորդել` նեղության և տառապանքի ճանապարհով, ինչպես իրենց սեփական օգուտի համար, այնպես էլ ի ապահովություն մյուսների, որ չլինի թե ավելին խորհեն նրանց (սրբերի) արժանիքների մասին»:

Հուսամ մեկնաբանությունը օգտակար կգտնվի, եթե հարցեր առաջանան, սիրով կպատասխանեմ: Աստված օրհնի ձեզ:

Եթե ունեք մեկնության կարոտ Ձեր աստվածաշնչյան հատվածը, անցե՛ք այս հղումով` 

Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

6 արտահայտվիր:

John Doe комментирует...
23.03.2012, 16:38

Շնորհակալութոյուն Տեր Հայր, շատ կարևոր և օգտակար մեկնություն է...

Srk. комментирует...
24.03.2012, 6:51

«...Քրիստոս, ասես մի գերագույն բարիք առաջարկելով, մեզ ասում է. «Այստեղ, աշխարհում նեղություն պիտի ունենաք» (Հովհ. 16:33): Այսպես, եթե դու Քրիստոսի աշակերտն ես, գնա՛ նեղ և տառապալից ճանապարհով, մի՛ բողոքիր և մի՛ տրտմիր: Եթե հանուն Տիրոջ չես ուզում տառապանքներ կրել, միևնույն է պիտի տառապես այլ պատճառներով, միայն թե առանց որևէ սեփական օգուտի»: Այդ կերպ թե՛ նախանձը, թե՛ ագահը, թե՛ անառակին կապվածը, թե՛ փառասերը և այլ անիրավ արատի տրվածը, բազում տառապանքներ ու վշտեր է կրում և ողբում է ոչ պակաս քան մյուսները: Եթե անգամ արցունք չի թափում, ապա այդ ամոթից ու անզգամությունից է: Բայց եթե ներթափանցես նրա հոգու խորքը, կտեսնես, որ այն հեղեղվում է անհամար ալիքներով: Այսպիսով, եթե թե՛ այս, թե՛ մյուս կայնքով ապրողներն անպայման տառապում են, ապա ինչո՞ւ չենք ընտրում այն կյանքը, որի համար տառապելը դափնեպսակներ է բերում: (Ոսկեբերան)

John Doe комментирует...
24.03.2012, 13:42

Չեմ կարող երախտիքիս խոսքերը չարտահայտել, թեկուզ այն որոշ մարդկանց կողմից երեսչափություն դիտվի, Տեր Հայր թեև ես տարիքով ձեզանից ավելի մեծ եմ, բայց Ձեզանից շատ բան եմ սովորում, Դուք շատ իմաստուն մարդ եք, այն ժամանակվանից ի վեր ինչ Ձեր հետ սկսել եմ հաղորդակցվել, հավատացեք շատ բան է իմ մեջ փոխվել(իհարկե դեպի լավագույն կողմ),ակնհայտ է, որ Տիրոջ իմաստությունն է Ձեր մեջ գործում, թեկուզ և, որ շփման միջավայրը վիրտուալ է, բայց ներգործությունը ավելի քան` իրական, շնորհակալություն Աստծուն և Ձեզ որ հայտնվեցիք իմ կյանքում

Beatle комментирует...
24.03.2012, 15:07

Տեր Հայր ջան ես հաճախ եմ գրում, որ Ձեր մեկնությունները շատ մանրակրկիտ, մատչելու ու, հաշվի առնելով Ձեր գրագիտության բարձր աստիճանը, նաև շատ ուսուցողական են: Թերևս, այս մեկն էլ բացառություն չէ և կարծում եմ, որ չպետք է զարմանալի լինի այն հանգամանքը, որ հարցերը բացակայում են, չէ որ ամեն ինչ շատ հասկանալի է ներկայացված: Եվս մեկ անգամ շնորհակալություն այս և մնացած բոլոր գրառումների համար. դրանք շատ կարևոր են բոլոր նրանց համար, ովքեր ուզում են ավելի գրագետ լինել իրենց հավատքում նաև հիանում եմ Ձեր ջանասիրությամբ և անշահախնդրությամբ: Ուրախ եմ, որ մեր օրերում կան հոգևորականներ, ովքեր իսկապես կոչված են իրենց առաքելության կատարմանը: Ձեր գրառումներն ինձ շատ բան են տալիս իմ հոգևոր կրթվածության որոշակի մակարդակի համար պարտական եմ Ձեզ և այն խմբին, որ բավականին ակտիվ հասարակական աշխատանք է ծավալում: Աստված օրհնի Ձեզ և ուժ ու եռանդ տա նպատակակետին հասնելու համար:

Srk. комментирует...
24.03.2012, 15:12

@Beatle իմ հավատարիմ ընթերցող, ես քեզ նվեր խոստացա ու այդպես էլ չստացվեց տալը... Բայց դու արժանի ես: Աստված օրհնի քեզ: Շնորհակալ եմ գնահատելու համար: Ձեր անտարբեր չլինելն է մղում ինձ աշխատելու:

Beatle комментирует...
25.03.2012, 20:49

Տեր Հայր ջան դուք արդեն ինձ ամենամեծ նվերը տվել եք, երևի դուք էլ չեք պատկերացնի ինչ մեծ նվեր եք արել. միշտ ուզեցել եմ Աստվածաշունչ կարդալ, պատարագներին մասնակցել, բայց չէի կարողանում, որովհետև չէի հասկանում ու դժվար էր ստիպելը, հիմա հաճույքով կարդում եմ ու պատարագին էլ սպասում եմ անհամբերությամբ: Կարծում եմ պարզ է ում աշխատանքի արդյունքն է սա

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...