13.3.12

Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵՐԲ ԱՂ Է ԹԱՓՎԵԼ

Պատմում են, որ ժամանակին, երբ աղը բավականին թանկ համեմունք էր, այն ոչ խնայողաբար վատնելը մեծ շռայլություն էր նկատվում, իսկ անփութորեն թափելը կենցաղում կարող էր լուրջ վիճաբանությունների առիթ հանդիսանալ: Ահա այսպե՛ս են շատերը բացատրում «աղը թափվեց` կռիվ կլինի» սնահավատության նախապատմությունը և կռվից խուսափելու համար թափված աղի վրա անմիջապես խաչ են անում: Իմ անձնկան կարծիքով սնահավատության նման մեկնաբանությունը, թեև տրամաբանված, բայց և չափազանց միամիտ է հնչում, հետևաբար այն պետք է ունենա այլ բացատրություն ևս:
Օրիանակ (գուցե ոչ այնքան տիպիկ) 5-րդ դարի Հայոց Պատմիչ Փավստոս Բուզանդը, ներկայացնելով հայոց Արշակ և պարսից Շապուհ արքաների դաշինքի պատմությունը, մի նուրբ հանգամանք է նշում.
«Շապուհը պարսից թագավորության հավատարիմ երդման օրինակով բերել տվեց աղ, կնքեց վարազագիր մատանիով և ուղարկեց Արշակին»: Ի՛նչ աղի մասին է խոսքը, կարծիքները մի քանիսն են, սակայն անձամբ ես հակված եմ ոչ այնքան այն մտքին, թե աղի վրա երդվում էին, որքան` աղի օգտագործման կիրառական տարբերակին: Բացատրեմ. դեռ վաղ ժամանակներից պետությունների միջև ցանկացած ուխտ կամ դաշինք կնքելու համար առաջին անհրաժեշտության պարագան դաշնագիր մատանին էր, որի վրա դաջված էր տվյալ երկրի արքայական զինանշանը: Ուխտագրի կամ հրովարտակի տակ արքան կամ իշխանը հալեցված մեղրամոմի վրա դնում էր իր նշանը` դրոշմը, և որպեսզի այն հստակ երևար, մեղրամոմի մեջ առաջացած պատկերի վրա անմիջապես աղ էին լցնում` պատկերի ձևը չկորցնելու համար: Փաստացիորեն աղը դառնում էր դաշինքի կնքման համար կարևոր և անփոխարինելի մի պարագա: Եթե անգամ այս վարկածը այնքան էլ հիմնավոր չի հնչում, նույնն էր մոտեցումը երդման պարագայում. աղը դարձյալ մնում էր ուխտ անելու կարորագույն բաղկացուցիչը:
Սրա հեռավոր արձագանքը տեսնում ենք նաև այսօր: Ցանկացած երկրում պատվավոր ու ցանկալի հյուրեր ընդունելու պարագայում դիմվորման արարողակարգի պարտադիր բաղադրիչներն են հացը, որը հյուրընկալության նշանն է և աղը, որը ուխտի, դաշինքի, բարեկամության նշանն է:
Ահա այս էր պատճառն այն վախի, թե երբ դաշինքն ու ուխտը խորհրդանշող աղը թափվում էր, ասել է, թե ուխտը դրժվում էր, անպայման կռիվ ու պատերազմ էր կանխատեսվում:

Այս վախը ենթագիտացորեն հասել է նաև մեր օրեր: Ու որպեսզի աղը թափվելուց հետո կենցաղում կռիվ չլինի, շատերը արագորեն խաչ են անում վրան` կարծելով, թե ինչ-որ ընդգծված քրիստոնեական քայլ են անում: Անշուշտ լավ է, որ սին հավատքը հաղթահարելու համար դիմում ենք քրիստոնեական հավատքի խորհրդանիշ խաչի օգնությանը, սակայն անհեռատես է կարծելը, թե թափված աղը կարող է վեճ ու կռիվ առաջացնել: Վիճաբանությունների, կռիվների, անհաշտությունների դրդապատճառները բազմաթիվ կարող են լինել, սակայն դրանք, միանշանակ, ծնվում են մեկ հիմնական պատճառից` սեփական «եսի» գերագնահատումից: Սրանից են ծնունդ առնում ատելությունը, սիրո պակասը, չարակամությունը: Սուրբ Հովհաննես Առաքյալը իր ընդհանրաան առաջին նամակում գրում է. «Ամեն ոք, ով ատում է եղբորը, մարդասպան է. և գիտենք, որ ամեն մարդասպան իր մեջ հավիտենական կյանք չունի։ Սերը նրանո՛վ ճանաչեցինք, որ Հիսուս իր կյա՛նքը տվեց մեզ համար. մենք էլ պարտավոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կյանքը» (Ա Հովհ. 3:15-16):
Հետևաբար աղը չէ, որ կռիվ է գցում մարդկանց մեջ, այլ հենց մարդն ինքը, և մի փոքր սերը, ներողամտությունն ու բարի կամեցողությունը, առանց հավելյալ սնահավատությունների, ի վիճակի են լուծել ամեն տեսակ գժտություն. եթե սիրենք միմյանց, դրանով ապացուցած կլինենք, որ Քրիստոսի աշակերտներն ենք (Հովհ. 13:35): Ի վերջո «Դո՛ւք եք երկրի աղը. սակայն եթե աղը անհամանա, ինչո՞վ այն կաղվի. այնուհետև ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կթափվի և մարդկանց ոտքի կոխան կլինի» (Մատթ. 5:13)

Իսկ ի՞նչ անել, եթե աղը թափվել է... Վրան խաչ անել պետք չէ. փա՛ռք տուր Տիրոջը, որ քեզ ազատել է ևս մեկ սնահավատության կապանքներից: Աստված օրհնի քեզ:

Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

3 արտահայտվիր:

Հովսեփ комментирует...
16.03.2012, 9:43

Չգիտեյ որ այդպես է առաջացել աղի վրա խաչակնքելու պատմությունը նույնիսկ ծիծաղելի է իսկ ինձ ասել էին որ աղը սուրբ բան է։ Իսկ երբ ճաշելուց հետո հացի փշուրները սեղանից մաքրում են և մինչ աղբամանը նետելը վրան խաչակնքում են դա նույնպես սնահավատություն է?

Srk. комментирует...
19.03.2012, 20:59

@Հովսեփ Խաչակնքելու սովորույթն, անկեղծ ասած ինձ համար նորույթ էր, իսկ հացի հանդեպ հարգանքի մասին հիանալի է խոսում Շնորհք պատրիարքը` «Մեծ Պահքի կիրակիների ոսկե շղթան» գրքում.


Վատնումը մեծ մեղք է Արդարև նյութական հարստությունը փչացնելը մեծ մեղք է, որի ետևում առկա է մեր կամ մեր նմանների ֆիզիկական սպառիչ աշխատանքը: Տանջանքով մեջտեղ եկած արդյունքը նվիրական մի բան ունի իր մեջ, որի հանդեպ հարգանք և հոգածություն է պետք ցույց տալ և ոչ թե վատնել: Արդարև, ինչ մեր ձեռքում ունենք, սկսած տներից մինչև թևերին անցկացրած ապարանջանները, ինչ գործածում ենք մեր մերկությունը ծածկելու համար` գլխարկից մինչև կոշիկներ, և, վերջապես, ինչ սպառում ենք մեր կյանքը պահելու համար` հանապազօրյա հացից մինչև տանտիկինների քրտնաջան աշխատանքով պատրաստված համադամ կերակուրները, մինչև մեր սպառած ածուխը, գազը, էլեկտրականությունը և ջուրը, ամենի ետևում առկա է սրբազան աշխատանքի տանջանքը:
Մեզ նման հազարավորներ իրենց ֆիզիկական և իմացական ուժերը սպառել են դրանք մեր վայելքին մատչելի դարձնելու համար: Իրողության այս լույսի ներքո պետք չէ արհամարհելի նախապաշարում նկատել բնազդական այն հարգանքը, որ մեր մեծերն ունեին հացի հանդեպ: Նրանից մինչև իսկ փշրանք վատնել հարկավոր չէր: Մեր Տերն էլ երբ հազարավոր մարդկանց հացով ու ձկով կերակրեց, Իր աշակերտներին հրահանգեց հավաքել «մնացած կտորները, որպեսզի ոչ մի բան չկորչի» (Հովհաննես, Զ. 12):
Երբ հացի փշրանք էր գետնին ընկած, պետք էր վերցնել, համբուրել և այնպիսի տեղ դնել, ուր մարդկային աղտոտ ոտքը չի հասնում: Հացը մարմնավորում է կյանքի բոլոր այն բարիքները, որոնք ճակատի քրտինքով են ձեռք բերվում:
Հացը բոլոր բարիքների խորհրդանշանն է նախ` իր կենսական անհրաժեշտությամբ և երկրորդ` իր ետևում հավաքական աշխատանքների ամենաերկար շարքն ունենալու պատճառով: Այսինքն` դաշտի տաժանագին հերկից ու ցանքից մինչև հունձքի և կալի քրտնաթոր տքնություններ, աղացքից մինչև փռի առջև հացի հետ միասին եփվելը: Հացը նետելը կամ վատնելը նշանակում է նաև արհամարհել այս բոլոր աշխատավորներին: Այդ վատնումը ոճրի է վերածվում, երբ հիշում ենք, որ մեր երկրագնդի վրա մեզ նման միլիոնավորներ կան, ովքեր հացի պակասից տառացիորեն տվայտում են սովի ճիրաններում:
Չենք ուզում ասել, որ ավելացած կամ չորացած հացի փշրանքները նետես չունեցողի առջև: Ոչ: Այլ ուզում ենք ասել, որ ավելացած հացդ պետք է բաժանես չունեցողի հետ, երբ այդ հացը զամբյուղում տակավին թարմ է: Կրոնական և սրբազան իմաստ հագած մի բառով` պետք է հացդ բեկանես (26) նմանիդ հետ, ով այս կամ այն պատճառով զուրկ է մնացել նրանից: Եվ եթե շուրջդ չունես մարդիկ, ում հետ պետք է հացդ բեկանեիր, գնիր գոնե քեզ պետք եղող կես հացը միայն, և վատնվելիք մնացյալ կեսի դրամն ուղարկիր այնտեղ, ուր հացը պակասում է: Հացը, արդեն ասացինք, Աստծո բոլոր բարիքների պարզագույն խորհրդանշական պատկերն է…

Հովսեփ комментирует...
20.03.2012, 10:05

Ողջույն պարզ է անչափ շնորակալ եմ մեկնաբանության համար շատ բաներ ես չգիտեյ և ինձ համար նուրություն են։ Շնորակալություն

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...