19.2.12

ՊԱՀՔԻՆ ԸՆԴԱՌԱՋ


pahq
Նկարի աղբյուրը` www.armenianow.com
Պահքի և պահեցողության վերաբերյալ կարդացածս գրքերի ու հոդվածների թիվը, անկասկած, կգերազանցի մեկ տասնյակը, սակայն, ամենայն անկեղծությամբ եմ ասում, պահքի մասին երբևէ լսածս լավագույն մեկնաբանությունը հնչել է ընկերոջս 5-ամյա բալիկի շուրթերից` «Պահքը, էն ա, որ կարենաս Աստված պապիկին ավելի շատ սիրես, քան «սնիկերսը»»: Անշուշտ, շատերը հիմա կուրախանան, որովհետև «սնիկերս» այնքան էլ շատ չեն սիրում, սակայն եթե մեզ դիտելու լինենք առանց կեղծավորության շպարի, եթե մեր մարդկային էության արտացոլումը կարդանք Աստծո հայելու մեջ, պիտի խոստովանենք, որ բազմաթիվ «սնիկերսներ»`մոլություններ, գայթակղություններ ու կախվածություններ կան մեր կյանքում, որոնք սիրում ենք այնքան շատ, որ հանուն դրանց կուրանանք անգամ Աստծուն:

Ահավասիկ պահքի գաղտնիքը` ամրացնել կամքը ու չանել, չկամենալ, չմտածել այն անմենը, ինչը խանգարում է մեզ իսկապես սիրել Տիրոջը... Եվ այս ամենը իր ընթացքն ու հետևանքը պետք է ունենա ոչ թե միայն առաջիկա 40-50 օրերի ընթացքում, այլ պետք է մի տեսակ տքնաջան մարզանք լինի ամբողջ կյանքի համար: Այս ամենին հասնելու բազում տարբերակներ ու մեթոդներ գոյություն ունեն, սակայն, ինչպես Պողոս առաքյալը կասեր (տե՛ս Ա Կորնթ. 13:1-3), դրանք բոլորը ոչինչ են առանց սիրո. առանց սիրո «պահքը» կարող է լինել դիետա, ծիսագարություն, տառապաշտություն, ցուցամոլություն, արկածախնդրություն (Մատթ. 6:17-19), բայց ոչ երբեք պահք` ընդունելի Աստծուց և ցանկալի մարդկային հոգու համար:

Թող Քրիստոս Աստված օրհնի բոլոր պահեցողներին և օգնի արդյունավորել ներդրած ջանքերը աղոթքով, համբերատարությամբ և իհարկե սիրով, հակառակ դեպքում... Սուրբ Եսայի մարգարեն ավելի լավ է ասել.

«Օր օրի ինձ են փնտրում և ցանկանում ճանաչել իմ ճանապարհները, իբրև մի ժողովուրդ, որ արդարություն է գործել և իր Աստծու իրավունքը զանց չի առել. ահա նրանք եկել և իրավունք ու արդարություն են որոնում։ Փափագում են մերձենալ Աստծուն և ասում են. «Այդ ինչպե՞ս է, որ մենք ծոմ պահեցինք, և դու չտեսար, զրկանքների ենթարկեցինք մեզ, և դու չիմացար։ Արդ, ձեր ծոմապահության օրերին ձեր ցանկություններն եք կատարում և կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակա են ձեզ։ Հակառակության և կռիվների մեջ եք պահում և բռնցքահարում տկարին։ Իսկ իմ ինչի՞ն է պետք այդպիսի ծոմապահության օրը. դուք պիտի գաք բողոքեք ինձ, և ես չպիտի լսեմ ձեզ։ Այդպիսի ծոմապահությունը չէ, որ ես ընտրեցի, և ոչ էլ այնպիսի օրը, երբ մարդ իր անձն է տանջում։ Եթե պարանոցդ կորացնես օղակի նման ու տակդ քուրձ ու մոխիր տարածես, այդ էլ, սակայն, չեմ համարի ծոմ և ընդունելի օր. այդպիսի ծոմապահությունը չէ, որ ես ընտրեցի, -ասում է Տերը։ -Քանդի՛ր անիրավության հանգույցը, խորտակի՛ր քո վաճառականական խարդախությունն ու բռնությունը, ների՛ր ու արձակի՛ր նեղյալներին և պատռի՛ր բոլոր անիրավ մուրհակները։ Քաղցածների՛ն բաժանիր քո հացը և անօթևան աղքատների՛ն տար քո տունը. եթե մերկ մարդ տեսնես՝ հագցրո՛ւ նրան, բայց քո ընտանիքի զավակին մի՛ անտեսիր։ Այն ժամանակ այգաբացի պես պիտի ծավալվի քո լույսը, և արագորեն պիտի հասնի քո ապաքինումը, քո առջևից պիտի ընթանա քո արդարությունը, և Աստծու փառքը պիտի պահպանի քեզ։ Այն ժամանակ պիտի կանչես, և Աստված պիտի լսի քեզ. մինչև դու խոսես, նա պիտի ասի, թե՝ «Ահա հասել եմ»։ Եթե դու քո միջից հեռացնես խարդախությունը, ձեռնձգությունն ու տրտունջի խոսքերը, քո հացը հոժար սրտով քաղցածներին տաս և չքավոր մարդկանց կշտացնես, այն ժամանակ խավարի մեջ կծագի քո լույսը, քո խավարը կվերածվի միջօրեի։ Քո Աստվածն ամեն ժամ քեզ հետ կլինի, քո անձն ըստ ցանկության հագեցում կստանա, և քո ոսկորները կլիանան ու կլինեն ինչպես ջրարբի պարտեզ, ինչպես աղբյուր, որից ջուրը չի պակասի։ Քո դարավոր ավերակները կվերաշինվեն, և քո հիմքերը մշտնջենական կլինեն սերնդից սերունդ. դու պիտի հառնես ու կոչվես պարսպապատերի փլատակները վերականգնող և նրանց ճամփամիջյան դարուփոսերը վերացնող։ Եթե ոտքդ հետ քաշես և սրբության օրը քո ուզածը չկատարես, զվարճության շաբաթները համարես Աստծուն նվիրված և փառավոր, ոտքդ դուրս չդնես գործի համար ու քո բերանով բարկության ոչ մի խոսք չասես, այն ժամանակ կարող ես ապավինել Տիրոջը» (Ես. 58:2-13

Հ.Գ. Պահքի մասին ամեն տեսակ մանրամասնություն կարող եք քաղել նորաբաց www.pahq.info կայքէջից, որը շուտով կհարստացվի նաև հոգևոր հոդվածներով:

2 արտահայտվիր:

Анонимный комментирует...
19.02.2012, 19:23

Շնորհակալություն հոդվածի համար, Տեր Հայր ջան: Եթե կարելի է խորհուրդ տվեք, թե ինչ կարելի է ընթերցել Պահքի ընթացքում:
Շնորհակալություն

Srk. комментирует...
19.02.2012, 21:09

@Анонимный : Առաջնահերթ Աստվածաշունչ ընթերցեք` հատկապես Սաղմոսներ, Առակաց գիրք, Իմաստություն Սողոմոնի, Ժողովող, Սիրաքի Իմաստություն, Մարգարեույուններ, Նոր Կտակարան: Իսկ եթե դրանք վերջացնեք կարդացեք եկեղեցու հայրերի հոգեշահ խրատներն ու ճառերը:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...