3.2.12

ԲԼԻԹԱՄԱՆԻԱ


Եթե սոցհարցում անցկացնենք, թե ի՛նչ ենք հայերս առաջնահերթ մտաբերում, երբ լսում ենք Սուրբ Սարգսի անունը, ապա վստահ եմ առաջին հորիզոնականը պիտի զբաղեցնի աղի բլիթը:
Որքան էլ Սուրբ Սարգիս զորավարի տոնը զուգորդվի բլիթի հետ, այնուամենայնիվ, ի զարմանս շատերի, ասեմ, որ դրանք միմյանց հետ կապ չունեն: Զարմացա՞ք: Հստակեցնեմ` Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի ևտասնչորս զինվորների հիշատակության օրը` հոգոր տոնը, ոչ մի ուղղակի կապ չունի Սուրբ Սարգսի ավանդական-ժողովրդական սովորույթների և դրանցից ամենահայտնիի` աղի բլիթի հետ: Ավելին, ժողովրդական բանահյուսությունը, տոնակատարություններն ու սովորույթները, հաճախ մեր առջև բացահայտում են այլ, միանգամայն տարբեր Սարգիս զորավարի, իսկ տոնն այլ երանգներ ու բովանդակություն է ստանում:

Մի բան, սակայն, հաստատ է` հայը սիրել և այժմ էլ սիրում է այս տոնը, և այս է առաջին պատճառը եկեղեցականի և ժողովրդականի նման միահյուսման: Միահյուսումն այսօր այնքան ուժեղ է, որ տարբաժանելն էլ է դժվարանում, և հոգևորի վրա զարգացած ժողովրդկան սովորույթները դարձել են սոսկ եկեղեցական տոնը գեղեցկացնող, դրան առօրյայից տարբերակող հատկություններ տվող ատրիբուտներ, զարդարանքներ, որոնցով տոնը ավելի կենսունակ է դարձել:


Մարդը, ուզենք այդ, թե չէ, սոսկ մարմին չէ իրենից ներկայացնում, այլ նաև հոգի, և հոգեմարմնավոր մարդ արարածի այս բաղկացուցիչներից և ոչ մեկը ստորադաս չէ մյուսին. թե՛ մարմինը, թե՛ հոգին կարիքն ունեն իրենց սնուցման, սակայն դրանցից յուրաքանչյուրը յուրովի մոտեցում ու խնամք է պահանջում: Խնամքը, սակայն անձն ինքը պետք է կարողանա այնպես տանել, որ մարմինը կամ հոգին մեկը մյուսի հանդեպ ընդգծված գերակշռության ձեռք չբերի: Դրանք պետք է հնարավորինս մնան ճիշտ հավասարակշռման մեջ:
Ես հասկանում եմ, որ որքան էլ կարևոր է տոնի հոգևորը խորքը, կարևոր է նաև դրա արտաքին դրսևորումը, որը կարող է արտահայտվել երգի, պարի, խորհրդանշական ինչ-որ գործողությունների մեջ, բայց...

Այսօր վերստին նկատեցի, որ մարմնականը մեզանում գերակշռում է, և այդ` ի հաշիվ հոգևորի: Քչերին է քրիստոնյաների մեջ հետաքրքրում, թե ո՛վ է Սարգիս զորավարը, ինչո՛ւ է Հայոց Եկեղեցին նրան սուրբ համարում, ի՛նչ օրինակ ունենք մենք 21-րդ դարում ստանալու մեզանից 16-17 դար առաջ ապրած ու քաջաբար մարտիրոսացած զորավարից: Քչերն են մտածում, որ սրբի հիշատակության օրը կարելի է մասնակցել Սուրբ Պատարագի, աղոթել ու խնդրել նրա բարեխոսությունը Քրիստոսի առջև: Հակառակ սրան լայն զանգվածները շտապում են աղի բլիթի միջոցով սնահավատության տրվելու, որ իբր տեսնեն իրենց կեսին, տանը պայտեր կախելու կամ փոխինդի վրա այդ պայտերի տեղը փնտրելու` մոռանալով, որ որքան էլ այդ ամենը դարերով եկած ու պահպանված, գեղեցիկ ու յուրահատուկ սովորույթներ են, այնուամենայնիվ դրանք առաջնային չեն, այլ սոսկ զարդարանքներ են. առաջնայինը տոնի ոգով, սրբությամբ ու խորհրդով ապրելն է: Եվ եթե պիտի ակնկալենք, թե սոսկ բլիթամանիայով, առանց մեր աղոթքների ու հոգևոր ապրումների Սուրբը կհայտնվի մեր երազում, ապա կհամարձակվեմ ասել, որ մենք ավելին չենք քան կռապաշտը, կհամարձակվեմ ասել, որ մենք դրանով ուրանում ենք Սուրբ զորավարի արածը, որովհետև Սարգիս զորավարի սրբությունը արտահայտվեց հեթանոս կուռքերը մերժելով ու ոչնչացնելով. Սուրբ Սարգիսը փոխարեն կուռքին երկրպագելու և ապրելու գերադասեց մեռնել հանուն Քրիստոսի: Մեզանից, բարեբախտաբար, այդ այսօր չի պահանջվում, մեզանից պահանջվում է հոգևոր արթնութուն ու ուշիմություն հանուն Քրիստոսի սիրո:

«Ահա թե ինչու մենք պետք է ավելի ևս ուշադիր լինենք Աստծո խոսքերին, որպեսզի երբեք դրանցից չհեռանանք դեպի կորուստ» (Եբր. 2:1)
Թող արագահաս Սուրբ Սարգիսը բարեխոսի Տիրոջ առջև մեզ համար:


Ամենասուրբ Երրորդության ընտրյալ և հավատարիմ ծառա,
Սպառազեն հաղթող և քաջ նահատակ, շնորհների օթևան,
Արագահաս Սուրբ Սարգիս,
Քրիստոսի մոտ բարեխոս եղիր մեր անձերի համար:

Երկնավոր Թագավորի սուրբ զորապետ և մենամարտիկ,
Անմահի սիրով խաչված աշխարհում, խաչով պսակված,
Արագահաս Սուրբ Սարգիս,
Քրիստոսի մոտ բարեխոս եղիր մեր անձերի համար:

Արդարության արեգակի մեծ կարապետ, պայծառ Արուսյակ,
Արևմուտքից դեպի արևելք ցոլացած ճառագայթ,
Արագահաս Սուրբ Սարգիս,
Քրիստոսի մոտ բարեխոս եղիր մեր անձերի համար:

(շարական Սուրբ Սարգիս զորավարի)

3 արտահայտվիր:

Emma комментирует...
04.02.2012, 8:25

Անչափ շնորհակալ եմ այս հոդվածի համար: Ինձ էլ ժամանակին թվում էր, եթե աղի բլիթ ուտելը և տոնի ամբողջ խորհուրդը այդ բլիթով սահմանափակելը անվանեմ սնահավատություն, միգուցե նաև վիրավորեմ այն մարդկանց, ովքեր հավատում են և ամենայն լրջությամբ պատրաստվում տոնին: Սակայան այս հոդվածից հետո առանց տատանվելու կկարողանամ բացատրել, թե որքան են շեղվում տոնի բուն խորհրդից:

Հովսեփ комментирует...
05.02.2012, 9:48

Ես միքանի անգամ կերել եմ աղի բլիթ բայց ոչինչ չեմ տեսել և հիմա կարծում եմ որ կարիք չկա նորից փորձելու ինչպես որ պիտի լինի կլինի միայն ցանկանում եմ որ Աստծո կամքը լինի ես Սուրբ Երորդությանը մեր Աստծուն խնդրել եմ որ իմ փոխարեն Աստված որոշի քանի որ միակ Իմաստությունը Աստված է։

Srk. комментирует...
05.02.2012, 18:10

Ուրախ եմ, որ հոդվածը սուր ընդդիմության չարժանացավ:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...