5.2.12

ՄՈՎՍԵՍԻ ՄԱՀՎԱՆ ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ (Հուդա 9-10)


Jhon ընթերցողի առաջարկով այսօր կծանոթանանք Հուդա առաքյալի նամակի 9-10 համարների մեկնաբանությունը: Եկեք ընթերցենք հատվածը` այն սկսելով մի քիչ ավելի վերևից. 
«Նոյն ձևով էլ, սրանք ևս, քնի մեջ զառանցելով, մարմին են պղծում, Աստծու իշխանությունն արհամարհում, երկնային փառավոր էակներին հայհոյում, այն դեպքում, երբ Միքայէլ հրեշտակապետը, բանսարկու Սատանայի հետ, Մովսեսի մարմնի մասին վիճելիս, չհամարձակվեց հայհոյալից խոսքերով դատապարտել նրան, այլ ասաց. «Թող Տերը քեզ սաստի»։ Իսկ սրանք հայհոյում են այն բանի դեմ, որ չգիտեն. և ինչ բաներ, որ բնազդով գիտեն, ինչպես անբան անասունը, նրանցով էլ ապականվում են» (Հուդա 8-10)։

Այս կարճ խոսքերից իսկ ակնհայտ է, որ նամակի հեղինակը խոսում է այն մարդկանց մասին, ովքեր շեղում, խեղում կամ մերժում են ճշմարիտ քրիստոնեական վարդապետությունը (հմմտ. Հուդա 4 ), ու թեև մեզ հայտնի չէ, թե ինչ հերետիկոսներ ու կեղծ ուսուցիչներ են նրանք, այնուամնայնիվ մի քանի բառեր ու արտահայտություններ հուշում են, որ սուրբ առաքյալին վրդովել է այն, որ այդ հերետիկոները`
  1. քարոզում են «վարդապետություններ»` հիմնված սոսկ մարմնական-զգայական ընկալումների վրա («մարմին են պղծում», «ինչ բաներ, որ բնազդով գիտեն, ինչպես անբան անասունը, նրանցով էլ ապականվում են»),
  2. սկզբունքորեն մերժում ու խոտելի են համարում այն, ինչ դուրս է իրենց մտահայեցողությունից և հոգևոր փորձառությունից սրանք հայհոյում են այն բանի դեմ, որ չգիտեն»),
  3. մերժում են երկնավոր զորությունների` հրեշտակների գոյությունը, սրբությունը կամ գործունեությունը և հայհոյում են նրանց Աստծու իշխանությունն արհամարհում, երկնային փառավոր էակներին հայհոյում» հմմտ. Բ Պետր. 2:9-13):
Ի հակադրություն մոլորյալների այս քայլի, Հուդան հիշատակում է մի միտք. «երբ Միքայել հրեշտակապետը, բանսարկու Սատանայի հետ, Մովսեսի մարմնի մասին վիճելիս, չհամարձակվեց հայհոյալից խոսքերով դատապարտել նրան, այլ ասաց. «Թող Տերը քեզ սաստի»» (Հուդա 9): Հիշյալ դեպքը, սակայն, Աստվածաշնչում հանդիպել չենք կարող. Մովսես մարգարեի մահվան դրվագն անգամ Հին Կտակարանում շատ համառոտ է ներկայացված (Բ Օր. 34:1-6): Սակայն այն, ինչի մասին առաջին դարում խոսում էր առաքյալը, անպայմանորեն հայտնի ու հասկանալի էր ժողովրդի լայն զանգվածներին: Մեջբերված հատվածը մաս է կազմում Սրբազան Ավանդության, որը պահպանվել է նաև «Մովսեսի ննջումը» վերնագրով պարականոն գրվածքում: Պարականոնում պատմվում է, թե ինչպե՛ս  է Աստված պատվիրում Միքայել հրեշտակապետին թաղել Մովսեսի մարմինը, սակայն հայտնվում է սատանան` Արուսյակ հրեշտակը, և հայտարարում, թե Մովսեսի դին իրավամբ պետք է պատկանի իրեն, քանի որ Մովսեսը մարդասպան է, որը սպանել է եգիպտացուն (տե՛ս Ելք 2:11-12): Չնայած սատանայի այս մոլորեցուցիչ սադրանքին`  Միքայել հրեշտակապետը հայհոյալից չի դիմում սատանային, այլ ընդամենն ասում է «Թող Տերը քեզ սաստի»:
Ահա այս փոքրիկ ավանդության մեջբերմամբ առաքյալը մեզ մի քանի դաս է տալիս.
  1.  Ավանդությունը չափազանց կարևոր է Սուրբ Գիրքը հասկանալու համար, քանի որ Աստվածաշունչն ու Ավանդությունը, իրականում, անբաժանելի են և մեկը մյուսին փոխլրացնող:
  2. Հրեշտակները սուրբ են և նրանց վերաբերյալ վարդապետությունները մերժողներն առնվազն հերետիկոսներ են (Հայոց Եկեղեցին տոն ունի` նվիրված Սուրբ Հրեշտակապետներին և երկնային զորություններին):
  3. Ով էլ լինի դիմացինը, ինչիսին էլ լինի (եթե անգամ սատանան լինի), նրա չարությանը չարությամբ պատասխանելն անթույլատրելի է (հմմտ. Մատթ. 5:39), հայհոյությունը` խորթ քրիստոնյայի բերանի համար, այլ լավագույն տարբերակը մոլորեցնողին սաստելու` նրան Տիրոջ դատին հանձնելն է. «Թող Տերը քեզ սաստի»:


Նամակն ամբողջովին ընկալելու համար առաջարկում եմ այն կարդալ ամբողջությամբ`
Հուսամ մեկնաբանությունը օգտակար կգտնվի, եթե հարցեր առաջանան, սիրով կպատասխանեմ: Աստված թող օրհնի ձեզ:

Եթե հավանեցիք այս մեկնաբանությունը և ունեք մեկնության կարոտ Ձեր աստվածաշնչյան հատվածը, անցե՛ք այս հղումով` 

8 արտահայտվիր:

Jhon комментирует...
05.02.2012, 16:43

Շնորհակալություն Տեր Հայր պատասխանի համար

Srk. комментирует...
05.02.2012, 18:12

@Jhon : Խնդրեմ, կուզեի իմանալ օգտակար եղավ, թե ոչ:

Աննա комментирует...
05.02.2012, 18:20

Ինչ լավ օր է այսօր,երկրորդ հետաքրքիր հոդվածը,շնորհակալություն Տեր Հուսիկ ջան:

Հովսեփ комментирует...
06.02.2012, 8:17

Ամենասուրբ Երորդության կողմից Սուրբ Միքայել Հրեշտակապետը ընտրվել է որպես Երկնային Արքայության Առաջին նախարար, Երկնային Զորքերի Գերագույն Հրամանատար, Մարդկության և հատկապես Եկեղեցու Երկնային Պաշտպան։ Ես աղօթում եմ Սուրբ Միքայել Հրեշտակապետին 9 մաղթանքներով որոնք համապատասխանում են Հրեշտակների ինը դասերին։

John Doe комментирует...
07.02.2012, 10:24

Միանշանակ օգտակար եղավ, և ուսուցողական "..հայհոյությունը` խորթ քրիստոնյայի բերանի համար, այլ լավագույն տարբերակը մոլորեցնողին սաստելու` նրան Տիրոջ դատին հանձնելն է. «Թող Տերը քեզ սաստի»:" Եւս մի հարց ունեմ Տեր Հայր, երևի ճիշտ սահմանված էջում չեմ տալիս հարցը, բայց այնուամենայնիվ առիթից օգտվելով պետք է հարցնեմ, ինչի է Հին Կտակարանի որոշ թարգմանություններում Յահվե ? իսկ մեր Եկեղեցու հոգևոր հայրերի թարգմանություններում Աստված ? Յահվեն ու Յեհովան նույնն են ? բուն բնագրերում էլ է Յահվե? եթե այո, ապա պատճառը որն է , որ մեզ մոտ թարգմանվում է Աստված ? կամ ինչ է նշանակում Յահվե և ով է նա`ծագումը այդ բառի? այդպես անվանելով հրեաները փորձել են զուտ ազգային բնութագիր տալ Աստծուն? շեշտելով իրենց ազգի առանձնահատկությունը և ընտրյալ լինելը? խնդրում եմ հարցս հակասեմիտական չորակեք և եթե հնարավոր է մանրամասն բացատրություն տվեք , կանխավ շնորհակալություն..

Տաթևիկ комментирует...
07.02.2012, 10:33

Շատ հետաքրքիր նյութ էր, շնորհակալություն Տեր Հայր: Տեր Հայր, առաքյալների նամակներից էլի նման հետաքրքիր հատվածներ խնդրում եմ, որ պարզաբանեք:

Srk. комментирует...
07.02.2012, 12:09

@John Doe : Առաջիկայում անպայման կանդրադառնամ: Շնորհակալություն:

Srk. комментирует...
05.06.2012, 7:23

Սիրելի ընթերցողներ, այս նյութի հետ կապած մի գեղեցիկ մեկնության հանդիպեցի «Հոգեհանգստի խորհրդաբանությունը» գրքում: Մեջբերում եմ` «...Միքայել Հրեշտակապետը սպասավորում էր Մովսեսի մարմնի թաղումը, որին սատանան հակառակվում էր Աստծո թույլտվությամբ: Սպասվում էր, որ Մովսեսի թաղումը երևելի է լինելու ամբողջ ժողովրդին, իսկ չար դևերը կամենում էին հափշտակել մարմինը, սակայն լուսավոր ամպը վանում է ևերին և անջրպետելով ամբողջովին ծածկում Մովսեսի մարմինը ժողովրդից (Բ Օր. ԼԴ 5-6):
Սրանով հայտնվում է Իսրայելի ժողովրդին, որ մեծ երկյուղ է սպասվում հոգուն այս կյանքից փոխվելուց հետո, որովհետև մարմնից ելնելուց հետո հոգուն ընդառաջ են ելնում հրեշտակների և դևերի խմբերը, և անհրաժեշտ է, որ մարդն այս կյանքում ապաշխարությամբ և բարի գործերով ապրի, որպեսզի արժանանա հրեշտակների օգնությանը:
Նման վեճ եղավ նաև այն ժամանակ, երբ Տերը պայծառակերպվեց Թաբոր լեռան վրա և հրամայեց Միքայել հրեշտակապետին Իր մոտ բերել Մովսեսին: Այդ պահին սատանան ստելով հայտարարում էր, որ Մովսեսի մարմինը իրեն է պատկանում, քանի որ ինքն է նյութի տերը, և Աստված իրավունքով չի ներմուծում Մովսեսին այն երկիրը, որի համար խոստացավ, որ Մովսեսն այնտեղ չի մտնելու` ըստ խոսքի. «Այս երկիրը ցույց եմ տալիս քեզ, բայց դու այնտեղ չես մտնելու» (Բ Օր. ԼԴ 4): Դրան Միքայել հրեշտակապետը պատասխանում է. «Թող Տերը քեզ սաստի»: Քանզի Աստված է Տերը բոլոր հոգիների և մարմինների»:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...