31.1.12

ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈ՞ՒՆ, թե...

Ինձ հարցրեցին ու մեղադրեցին. «Սուրբ Գրքում գրված չէ, որ եկեղեցիներում պետք է մոմ վառել, ինչո՞ւ եք վառում. չէ՞ որ Քրիստոսն է Լույսը աշխարհի»: Թե՛ հարցը, թե՛ դրա պատճառը և թե հարցը տվողի ինքնությունն ինձ համար առավել քան ակնհայտ էին: Գործում էր բողոքական-աղանդավորական  "sola scriptura" (միայն Գրություն) մոլորեցնող սկզբունքը:
Պատասխանեցի. «Իսկ Աստվածաշնչում որևէ բան կա՞ գրված բարիք գործելու մասին»: Խոսակիցս հաստատեց, որ կա, բայց չհասկացավ, թե հարցս ի՛նչ կապ ուներ մոմի հետ:

Մոմավառության թեմայով Առաքելական Եկեղեցու և հոգևոր դասի կողմից տարբեր միջոցներով ու ձևերով մեկնաբանություններ տրվել են, ու թվում էր, թե ամեն բան հասկանալի պիտի լիներ, բայց... երևույթի թյուրըմբռնումը և մեկնաբանումը հասարակության կողմից, ինչպես ասում են, անպակաս է: Որքան էլ ասածս սուր լինի, մոմավառությունն այսօր շատերի համար հավատքի դրսևորման միակ միջոցն է, որ շատ հաճախ ես ինքս կորակեի որպես սնահավատություն: Այս է պատճառը, որ հիմա ուզում եմ խոսել մոմի մասին և պիտի խոսեմ շատ պարզ, շատ առօրեական, շատ կիրառական տեսանկյունից` մի կողմ թողնելով խորհրդաբանությունը, հոգեբանությունն ու մնացած-մնացածը:


Էլեկտրականությունը Հայոց Եկեղեցի մուտք է գործել միայն 20-րդ դարի սկզբին` երջանկահիշատակ Մատթեոս Բ Իզմիրլյան կաթողիկոսի (1908-1910թթ.) օրոք, ինչից անշուշտ ենթադրելի է, որ Առաքելական Եկեղեցին ավելի քան 1600 տարի Էդիսոնի լամպով չէ, որ լուսավորել է իր վանքերն ու տաճարները: Հնում եկեղեցու լուսավորության ամենահարմար միջոցները կանթեղներն ու մոմերն էին, որոնք նաև, որպես խորհրդանիշեր հիշատակվում են ոչ ավել ոչ պակաս Հին և Նոր Կտակարաններում, ասել է թե` Աստվածաշնչում:
Եթե այսօր մոմի պատրաստումը բավական մատչելի է ի շնորհիվ պարաֆին կոչվող նյութի, ապա նախկինում մոմը մի քանի անգամ թանկ արժեր, քանի որ պատրաստվում էր թանկ հումքից` մեղրամոմից: Եվ քանի որ եկեղեցու նյութական միջոցները միշտ չէ, որ հնարավորություն էին տալիս լուսավորության համար մոմ գնել, ապա հավատացյալներն իրենք սիրահոժար բարեգործություն էին անում «եկեղեցու պայծառության համար» և գումար էին տրամադրում մոմ գնելու համար կամ իրենք էին նվիրում մոմը: Նկատեմ նաև, որ այս սովորույթը մինչև այսօր գործում է Հայոց Եկեղեցու որոշ ծուխերում. հավատացյալները (հիմնականում տարեց մարդիկ, ում մոտ եկեղեցու նախկին դրվածքի մասին հիշողությունները դեռ չեն մարել) ժամանակ առ ժամանակ մոմ են գնում ու նվիրաբերում եկեղեցուն` Սուրբ Սեղանին դնելու: 20-րդ դարասկզբին, երբ էլեկտրականությունն արդեն հասանելի էր նաև Մայր Տաճարում (ավելի ուշ` այլ եկեղեցիներում ևս), իսկ մոմի պատրաստումն ավելի դյուրին, մոմի կիրառությունը մի տեսակ ավելորդ էր դառնում, սակայն մարդիկ սովորույթի ուժով չդադարեցին իրենց մոմը կամ գումարը նվիրաբերել եկեղեցուն` «եկեղեցու պայծառության համար»: Եկեղեցիներում մոմավառությունը փոքր-ինչ այլ սկզբունքով սկսվեց իրագործվել. հավատացյալը չդադարեց իր փոքրիկ լուման ներդնել «եկեղեցու պայծառության համար», այլ ուղղակի որոշակի գումարով գնում էր մոմը, իսկ այդ գումարները ծախսվում էին ինչպես նոր մոմարտադրության վրա, այնպես էլ ի բարին էին ծառայեցնում հավատացյալի նվիրաբերումը: 

Ինքնին հասկանալի է, որ մեզանից քչերը կարող են այսօր բարեգործություն անել մի ամբողջ մանկատան, ծերանոցի կամ սոցիալապես անապահով ընտանիքի, մեզանից շատ քչերը կկարողանան կառուցել եկեղեցի կամ վերանորոգել տաճար, սակայն ամեն մեկի նվիրաբերած չնչին թվացող լումայով ի վերջո հնարավոր է լինում մի ամբողջ մեծ ծրագիր իրագործել և դրան կամովին մասնակցում է բուն եկեղեցին` հավատացյալը:
Միով բանիվ մոմավառությունը իր բուն նշանակությամբ ոչ այլինչ է, եթե ոչ բարեգործություն. չէ՞ որ քրիստոնյայի կյանքի նպատակներից մեկն էլ բարիք գործելն է կամ ինչպես Քրիստոսն է ասում դրամից բարեկամներ ստեղծելը (հմմտ. Ղուկ. 16:9), որովհետև «Երանելի՜ է մանավնդ տալը, քան առնելը» (Գործք. 20:35):

Սա, ինքնին, գովելի է և խրախուսելի, սակայն նույնը չեմ կարող ասել այն երևույթի մասին, երբ մարդը մոմավառությունը վերածում է մի արարքի, որի մեջ տեսնում է իր փրկությունը, որով ցուցաբերում է իր ամբողջական հավատքը և որով չես հասկանում ինչպես, ցույց է տալիս իր քրիստոնյա լինելը: Նույնն է, թե մարդը մտնի ոսկյա զարդերի խանութ ու նախատեսված թանկարժեք զարդի փոխարեն գնի գնաթերթիկը ու առևտրից գոհ՝ մեկնի տուն: Մի անեկդոտ հիշեցի. «Մեկը փողոցում մեծ կոճակ է գտնում. «Այո՛,-ուրախ բացակնչում է նա,- կոճակը կա, մնաց վերարկուն» :))):

Ստիպված եմ ասել` մոմավառությունը քիչ է քրիստոնյա լինելու համար, այն կարող է մեկնարկի դեր կատարել մարդու հոգևոր կյանքի զարգացման մեջ, բայց միայն ու միայն դրանով քրիստոնեկան կյանքը սահմանափակելը համազոր է հոգու մահվան, քանզի մոմ վառելը չափազանց աննշան դեր կարող է խաղալ մարդու փրկության մեջ, կարևոր սոսկ այնքանով, որքանով որ մոմ գնող մարդը բարեգործական մի քայլ է անում` մոմի գումարով իր նպաստը բերելով Եկեղեցուն և որոշ հասարակական կառույցների: Ու այս դեպքում, հավատացե՛ք, ոչ մի  էական կարևորություն չունի ո՛չ գնած մոմի գինը և չափը, ո՛չ դրա քանակը, ո՛չ դրա՝ ամբողջապես կամ կիսատ վառվելը և ոչ էլ այն, թե ո՛ր ձեռքով ես մոմը վառում. կարևոր է, թե ի՛նչ գիտակցությամբ ես այդ անում և ի՛նչ ես դրանով հանդերձ պահում սրտումդ, քանզի նյութը՝ մոմը, չէ մարդուն դատողը և փրկողը, այլ սրտեր ու երիկամներ քննող Աստված, Ով պիտի տեսնի քո սրտի բարիքը, քո խղճի աննենգությունն ու Եկեղեցու առաքելությանը զորավիգ լինելդ և ասի. «Ապրե՛ս, բարի՛ և հավատարի՛մ ծառա, որովհետև այդ քչի մեջ հավատարիմ եղար, շատի վրա կկարգեմ քեզ. մտի՛ր քո տիրոջ ուրախության մեջ» (Մատթ. 25:21)։

Հ.Գ. Իսկ ինչ վերաբերում է աղավաղված sola scriptura-ին...
«Եվ այս բանն ասում եմ, որպեսզի ոչ ոք ձեզ չմոլորեցնի պատիր խոսքերով. որովհետև, թեպետև հեռու եմ մարմնով, բայց հոգով ձեզ հետ եմ. ուրախանում եմ, երբ տեսնում եմ ձեր բարի վարքը և ձեր հավատի ամրությունը ի Քրիստոս Հիսուս։ Արդ, ինչպես որ ընդունեցիք Քրիստոս Հիսուսին՝ Տիրոջը, այնպես էլ ընթացե՛ք նրանով՝արմատավորված և կառուցված նրա վրա, հաստատ մնալով հավատի մեջ, ինչպես որ ուսանեցիք, որպեսզի աճէք նրա մեջ գոհությամբ։ Զգո՛ւյշ եղեք, չլինի թե մեկը ձեզ գրավի ճարտարամտությամբ և սնոտի խաբեբայությամբ. դրանք մարդկային ավանդության և բնության տարերային ուժերի վրա են հիմնված և ոչ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետության վրա. քանի որ նրա մեջ է բնակվում Աստուածության ամբողջ լիությունը մարմնապես» (Կող. 2:4-9)։

Հ. Գ. 2. ԱՆՊԱՅՄԱՆ ԴԻՏԵՔ ՆԱԵՎ ԱՅՍ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ https://www.youtube.com/watch?v=v_4cShPoy5k&t=2s

12 արտահայտվիր:

Anonymous said...
1/31/12, 7:40 PM

Ավետ

Ես եկեղեցի եմ մտնում հենց մոմ վառելու, ես էտ եմ սովորել իմ շրջապատից: Իմ համար դժվար ա կրոնական կարգերին մասնակցելը, փորձել եմ, լեզուն էլ չեմ հասկանում: Մոմ վառելը իմ համար թեթևացում ա, մնացածը երևի հետո կլինի:

tiffany jewellery said...
2/4/12, 8:53 AM

Fantastic goods from you, man. Ive study your stuff ahead of and youre just as well amazing. I enjoy what youve got right here, adore what youre stating and the way you say it. You make it entertaining and you even now manage to help keep it wise. I cant wait to go through additional from you. That is really an incredible weblog.

Srk. said...
2/5/12, 6:26 PM

Ավետ ջան, կարծում եմ ճիշտ չի մի բանի ասել դժվար է ու չանել: Նույնն է, թե կինը մի օր ասի դժվար է երեխա ունենալը, տղամարն էլ ասի դժվար է պահելը ու մարդիկ այլևս հրաժարվեն երեխա ունենալ: Եթե ինչ որ մեկին թվում է, թե հոգևոր կյանքում ամեն բան պիտի թեթև լինի ու ձրիաբար, ապա խաբկանքից բացի այլ բանի չի հասնի: Տա Աստված, որ կարճ ժամանակում ուժ, կարողություն, ժամանակ ու պատրաստակամություն գտնես քո մեջ ամեն ավելորդ արտաքին երևույթից ազատվելու ու քո ներքին հոգևոր կյանքը դասավորելու համար: Աստված քեզ օգնական:

Srk. said...
2/5/12, 6:30 PM

@tiffany jewellery thanks a lot!!!

ashhovs said...
3/15/12, 9:57 AM

Անչափ ուրախ եմ, որ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչը ճշմարիտ մեկնաբանում է մոմավառության էությունը: Սակայն, ցավոք, մտնելով ցանկացած եկեղեցի, համոզվում ենք, որ եկեղեցում լռելյայն քարոզվում է հենց մոմավառությունը, կարծես երկրորդ պլան մղելով բուն հավատքը: Հենց մուտքերի մոտ աչքի են զարնում մոմավառության սեղանները, շատ եկեղեցիներում մոմավաճառը եկեղեցու միակ երեևացող աշխատող-ծառայող-սպասավորն է: Քահանա կամ այլ հոգևորական գտնելը հաճախ դյուրին խնդիր չէ: Ժամերգություններն ու պատարագները կատարվում են բնակչության մեծամասնության համար բացարձակապես անհասկանալի լեզվով և ծեսերով: Դա է պատճառը, որ մարդիկ ծեսերին մասնակցելու «զահլա չեն ունենում» և բավարարվում են միայն մոմ վառելով: Քչերն են բացատրում հավատի, ապաշխարության, փրկության, մկրտության, վերստին ծննդի և շատ ու շատ այլ առանցքային հարցերի էությունը: Աստվածաշնչի հասկանալի լեզվով ընթերցանություն ընդհանրապես տեղի չի ունենում:
Գրում եմ ոչ թե քննադատության ոգով տոգորված, այլ սիրով, անկեղծորեն փափագելով հայրենի եկեղեցում տեսնել այն ամենը, ինչն անհրաժեշտ է հավատք (ոչ թե մոմավառություն կամ մատաղակերություն) ձևավորելու համար:
Կարծում եմ գրածս ոճից հասկանալի է, որ ինքս ավետարանական եկեղեցու ներկայացուցիչ եմ: Սակայն հավատացնում եմ Տեր Հիսուսով, որ լինել ավետարանական, չի նշանակում լինել առաքելականի թշնամի: Աղոթում եմ Աստծուն, որ Առաքելական եկեղեցին լինի իմ շատ հայրենակիցներին փրկության առաջնորդող կառույցը:

Srk. said...
3/15/12, 12:44 PM

@ashhovs, շատ շնորհակալ եմ մեկնաբանության, անաչառ վերաբերմունքի և աղոթքի համար: Վստահ եմ մարդկանց նախանձախնդրությունն ու աղոթքը շատ բան կփոխի եկեղեցու ներքին կյանքում, որովհետև «Աստված մեզ հետ է»(Ես. 8:10):

Anonymous said...
3/29/12, 12:41 PM

Աստծու բանտն են տաճարները- աշխարհքներում բովանդակ.
Իբր էնտեղ է ապրում Տերը, պաշտողների փակի տակ:
Հարկավ՝ ազատ Նա ժըպտում է ամենուրեք ամենքին,
Բայց դու նայիր խեղճ ու կըրակ մարդու գործին ու խելքին

Srk. said...
3/31/12, 9:36 PM

@Анонимный չեմ դադարում հիանալ Թումանյանի հանճարեղությամբ: Բայց եկեք չոռանանք, որ նույն Թումանյանը մեծացել է եկեղեցում, ուր քահանայագործում էր նրա հայրը: Ասածս ինչ է. եկեք ոչ թե եկեղեցին անվանենք բանտ, այլ արդկանց ինքնակամ բանտարկյալներ Սուրբ Եկեղեցում: Ավելի ազատ կրոն, քան քրիստոնեությունն է, չեք կարող ինձ ցույց տալ: Մարդն ինքն է ստրկանում չարի առջև:

Էմմա Պարանյան said...
5/18/12, 9:56 AM

Ես զարմանում եմ, երբ մարդիկ պատարագին չմասնակցելը պատճառաբանում են լեզուն ու ծեսերը չհասկանալը: Երբ ես որոշեցի ամեն կիրակի սկսել մասնակցել պատարագներին, ինձ համար էլ շատ դժվար էր հասկանալ թե երգերը, թե խոսքերը, բայց շուտով իմացա, որ կա Պատարագամատույց, որը վաճառում է,ինչպես արդեն նշվեց եկեղեցու միակ երևացող աշխատող-ծառայող-սպասավորը, անմիջապես ձեռք բերեցի այն, և սկսեցի այդ գրքով հետևել պատարագի ընթացքին, ինչն էլ չէի հասկանում, դիմում էի կամ եկեղեցու սարկավագներին, կամ էլ քահանաներին, որոնք մեծ սիրով պատասխանում էին բոլոր հարցերիս: Կարճ ժամանակ անց անգիր արեցի անգամ պատարագիչի խոսքերը ))) իսկ ինչը վերաբերում է նրան, որ քահանա կամ հոգևորական գտնելը դյուրի չէ, ասեմ, որ ով փնրում է նա գտնում է, որովհետև նույն ճանապարհով էլ ես եմ անցել, բայց ինձ համար ոչ մի դժվարություն չի եղել: Երբ ցանկություն կա ծանոթանալու եկեղեցու ծեսերին, պատարագի խորհրդին ու առհասարակ, ստանալ քեզ անհանգստացնող հարցերի պատասխանները ՃՇՄԱՐԻՏ ԱՂԲՅՈՒՐԻՑ, ոչ մի բան ինձ չկանգնեցրեց:

Anonymous said...
7/19/12, 10:20 AM

ԱՐԹՈՒՐ

Պատճառաբանություններ, պատչճառաբանություններ ու էլի պատճառաբանություններ: Այդ ամենը մի բան է նշանակում. երբ մարդ ցանկանում է իր սխալ արարքն արդարացնել, անվերջ պատճառներ է փնտրում ու փորձում հիմնավորել դրանք, ինչ է թե խուսափի անկեղծաբար ճշմարտությունն ընդունելուց:
Հավատացնում եմ ամենքիդ, որ "ՈՎ ՓՆՏՐՈՒՄ Է, ՆԱ ԳՏՆՈՒՄ Է" առավել, քան լավ է ասված: Եկեղեցու մոմերն ու գրքերը վաճառվում են դռան մոտ, քանի որ այն գավիթն է, իսկ եթե գավիթ չունի, ապա դռան մոտակա փոքր տարածքը որպես գավիթ է: Իսկ գավիթը եկեղեցի չի համարվում, այլ միայն եկեղեցուն կից կառույց, որը նախատեսված է մի շարք արարողությունների համար /ավելին չեմ մանրամասնում/: Ուստի համոզված եղեք, որ եկեղեցու մեւ առևտուր չի կազմակերպվում:
ԵՐԿՐՈՐԴ. Եվ Ավետարանական եկեղեցի կոչվածի հետևորդ է, ող իրեն իրավունք չվերապահի դրան հետևելը պատճառաբանել ԼԵԶՎԻ ԽՆԴՐՈՎ: Հայ Եկեղեցին պահպանողական է, և դա լավ է, քանզի հակառակ դեպքում վաղուց և' Եկեղեցին, և' հայ ազգը ձուլված կլինեին: Եթե լեզվի պատմություն ուսումնասիրեք, կտեսնեք, որ այժմյան արևելահայերենով մենք խոսում ենք ընդամենը մի քանի գիտնականի քմահաճույքի հետևանքով: Իսկ լեզում չհասկանալ հնարավոր չէ, պարզապես պետք է մի փոքր ուշադիր լինել և նաև հետևողական: ՁԵԶ ԾՈՒԼՈՒԹՅՈՒՆՆ Է ՊԱՏԵԼ պարզապես, և ջանք թափել-հասկանալու, աղոթքի խորհրդի մեջ խորանալու փոխարեն դուք ընտրել եք ժուլության, հեշտասիրության կարճ ճանապարհը - գնալ այնտեղ, որտեղ արևելահայերենով ինչ-որ բաներ են բարբաջում իրենց հովիվ հռչակած մի շարք անհավատ-թերահավտներ: ՀԱՅԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵԴՈՒՄ: Ով ուզում է համոզվել Հայ Ավետարանական Եկեղեցի կոչվածի սխալ լինելու մեջ, խորհուրդ կտամ կարդալ ""Ավետարանական աղանդ" կամ "Մի բարենորոգչության պատմություն"" գրքույկը /Արմեն Կարապետյան, Երևան, "Գթություն" հրատ., 2011/, ինչպես նաև "Հայաստանյայց Եկեղեցին և ավետարանականները" գիրքը /Թորգոմ Փոստթաճյան, Երևան, 2009/:

Anonymous said...
7/20/12, 3:16 PM

URAX EM VOR AYSPISI HNARAVORUTYUN EQ @NDZERE MEZ KARDALU EV TEXEKUTYUNNER UNENALU MER EKEXECU EV HAVATQI, QRISTONEAKAN CHSHMARTUTYUNNERI VERABERYAL.
ES EREVI AYDQAN EL ARJANAVOR MARD CHEM , VOR IRAVUNQ UNENAM AYS XOSQER@ ASEM, BAYC ........... ASTYVAT ORHNI DZEZ... SHAT EM SIRUM DZEZ.

Հասմիկ said...
7/20/12, 3:27 PM

Մ.Հասմիկ ,,ԿԱՆՉՎԱԾՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ ԸՆՏՐՎԱԾՆԵՐԸ ՔԻՉ,, ձգտենք լինել ընտրված`
Գօրծով, վարքով, կենցաղով:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...