31.10.11

ԾՈ՛, ՀԵԼՈՈւԻՆԸ Ի՞ՆՉ Է...

Դասախոսներիցս մեկը (անունը չեմ հրապարակում, քանզի բավականին հայտնի է քաղաքական շրջանակներում) մի առիթով պատմեց, թե ինչպես Շիրակի մարզում զառամյալ մի մարդ հարց էր ուղղել իրեն առ այն, թե ինչո՛ւ պետությունը չի պայքարում համասեռամոլության դեմ:

- Դե, պապի՛ ջան, 21-րդ դար է, աշխարհը և մարդկությունը ձգտում են դեպի ցիվիլիզացիա...- պատասխանել էր դասախոսս:
- Ծո՛, ցիվիլիզացիան ի՞նչ է,- զարմացել էր պապը,- ըդիգ ցիվիլիզացիա չէ, ըդիգ սիֆիլիզացիա է: 


Վստահ եմ, նույն պապիկը, այս օրերին Երևանում և ոչ միայն լինելով, պիտի հարցներ «Ծո՛, Հելոուինը ի՞նչ է...»:

Նրանք, ովքեր գիտեն, թե որտեղի՛ց է գալիս և ի՛նչ է իրենից ներկայացնում այս տոնը, կարող են չկարդալ հոդվածը, սակայն բոլորը չեն, որ կիմանան կամ կգիտակցեն, թե ի՛նչ է այն տալիս տոնողներին:

Բրիտանական կղզու, Իռլանդիայի և ներկայիս Ֆրանսիայի մի մասի նախկին բնակիչները` կելտերը, շատ էին սիրում իրենց ամենագլխավոր` տարեմուտի տոնը` Սամայնը: Տոնի օրը, որ համընկնում էր հոկտեմբերի ավարտին և նոյեմբերի սկզբին (հիմնականում` հոկտ. 31-նոյ. 1), կելտերը մեծ խնջույքներ ու խրախճանքներ էին կազմակերպում, որ ուղեկցվում էին գինարբուքներով և անբարո տեսարաններով: Սամայնի գիշերը մարում էին բոլոր լույսերը որպեսզի մարդիկ իրենց տների կրակը նորովի վառեին դրուիդների` կելտ քրմերի խարույկից (սրա հետ է կապվում դդումից պատրաստված լապտերների կիրառությունը Hallowen-ի տոնակարգում): Խորհրդավոր համարվող այս գիշերը, սակայն, համարվում էր նաև ամենասարսափազդուն, քանզի հեթանոս կելտերը հավատում էին, թե այդ գիշեր գրեթե վերանում է մարդկանց և նրանց հանդեպ բացասաբար տրամադրված «սիդ» կոչվող վհուկների միջև առկա վարագույրը, ինչի արդյունքում իբր սիդերը ներխուժում էին կելտական քաղաքներ, իսկ մարդիկ անակնկալ կորչում էին` հայտնվելով սիդերի աշխարհում: Տոնի օրը հայտնի էր նաև կռապաշտական գուշակությունների և զանազան մոգությունների առատությամբ:
Բրիտանիայի և իռլանդիայի քրիստոնեացումից հետո կելտերը թեև հրաժարվեցին Սամայնը նշելուց, սակայն դրա հետ կապված մի շարք սովորույթներ ու սնահավատություններ դեռևս մնացին կենսունակ:
835թ. Հռոմի Գրիգոր 4-րդ Պապի օրհնությամբ Արևմտյան եկեղեցին հաստատեց «Բոլոր սրբերի տոնի» հիշատակումը կատարել Նոյեմբերի 1-ին, ինչի համար հոկտ. 31-ի լույս նոյ. 1-ի գիշերը սկսեց կոչվել "All Hallows Eve" (թարգմ.` բոլոր սրբերի նախօրե): Հետագայում արտահայտությունը բառափոխվեց Hallowen-ի:
Հեթանոսական և քրիստոնեական տոների ամսաթվերի այս համընկնումը ակամայից պատճառ հանդիսացավ որպեսզի «Բոլոր սրբերի տոնը» բուն և փոխաբերական իմաստներով զգեստավորվի կելտական Սամայնի տարրերով և հասնի մինչև նոր ժամանակներ:
19-րդ դարում, երբ Իռլանդիայից ու Շոտլանդիայից մեծաթիվ գաղթականներ ուղղվեցին դեպի ամերիկյան մայրցամաք, նրանց հետ որպես դեռևս չվերացած մշակութային տարր Ամերիկա փոխադրվեցին նաև Հելոուինյան սովորույթները, որոնք արդեն 20-րդ դարի սկզբին` որպես ուրախ սարսափ-տոն, պսեվդոմշակույթի ջատագով Ամերիկայում սկսեցին մեծ հռչակ վայելել և անգամ քարոզվել ամբողջ աշխարհում:
Տոնի սարսափազդու հռչակն այնքան մեծ թափով աճեց, որ Եվրոպայում «ծնված» լինելով հանդերձ այն Եվրոպա վերադարձավ որպես ամերիկյան տոն: Ավելին, այն որպես իրենց գլխավոր տոներից մեկը հռչակեցին չարի հետ գործարքի մեջ մտած մարդիկ. կախարդները, վհուկները, գուշակներն ու նեոհեթանոսները նոյեմբերի 1-ը համարում են տարվա մեջ իրենց 4 կարևոր տոներից մեկը, իսկ սատանիստները այդ գիշեր կատարում են «սև ծիսակարգ»` մարդկային զոհաբերումներ ու երկրպագություն սատանային:

Այսպես` սա որպես համառոտ պատմական ակնարկ, սակայն այս ամենը մեզ` տոնը նշողներիս, մտածելու հետևյալ դրույթներն է առաջադրում`

  • Մենք, լինելով քրիստոնյաներ, սիրահոժար տոնում ենք կռապաշտ-հեթանոսական տոնը: Էլ ո՞ւր մնաց մեր քրիստոնեությունը: Անշուշտ Հայաստանում կան հեթանոսության հետևորդներ, սակայն նրանց համար էլ այս տոնը պետք է որ օտար ու հիմնավորված չլինի: 
  • Լինելով քրիստոնյաներ` տոնում ենք Հելոուինը որպես «Բոլոր սրբերի տոն», սակայն իրականում այդ տոնը կարելի է ծաղր համարել սրբերի հասցեին, քանի որ քրիստոնյաները զգեստավորվում են չարը խորհրդանշող հանդերձներով, դիմակներով և այլ պարագաներով: Բացի այդ Հայոց Եկեղեցում «Տօն ամենայն սրբոց, հնից եւ նորից, յայտից եւ անյայտից»-ը շարժական տոն է և չի նշվում պարտադիր նոյեմերի 1-ին (2016-ին, օրինակ, կնշվի նոյեմբերի 19-ին ): Այս տոնի օրը ի հակադրություն հեթանոսական խրախճանքների, Հայոց եկեղեցիներում մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ:
  • Մի վերջին տարբերակ էլ մնում է այն, որ մենք` քրիստոնյաներս, տոնելով Հելոուինը կամա, թե ակամա ներքաշվում ենք սատանիստական պաշտամունքների մեջ և ստրուկն ենք դառնում չարի` ի հակադրություն Քրիստոսի արյան գնով չարից փրկագործված լինելու հանգամանքի...
Կարճ ասած` ամոթ մեզ: 
Վերջերս ընթերցում էի հայտնի ազգագրագետ Հրանուշ Խառատյանի գիրքը ժողովրդական տոների մասին և հանդիպեցի մի շատ հետաքրքիր մտքի այն մասին, որ օտարածին տոները մեր կյանք ու տոնացույց մուտք են գործում սոսկ այն պատճառով, որ մենք չենք ճանաչում մեր պատմական, ազգային-ժողորդական և եկեղեցական հարյուրավոր տոները, չենք գիտակցում դրանց խորքային-իմաստաբանական կարևորությունը և գեղեցկությունը: Ցավալի է...

Այսքանով հանդերձ միայն մի բան է մնում հիշեցնել` որպես խրատ Hallowen-ին հետևողներին, հիշեցնել Սուրբ Պողոս առաքյալի մարգարեացումը` 

«Վերջին ժամանակներում ոմանք պիտի հեռանան հավատից և իրենց ուշադրությունը պիտի դարձնեն մոլորեցնող ոգիների վրա և դևերի վարդապետությունների վրա՝ տարված ստախոսների կեղծավորությամբ, որոնց խղճմտանքը խարանված է» (Ա Տիմոթ. 4:1-2):

11 արտահայտվիր:

Արմեն комментирует...
31.10.2011, 20:43

Mala herba cito crescit :))) Մարդիկ շատ շոտ են վերցնում վատ սովորույթները։ Չեմ սիրում, երբ օտարածին տոները հայկականից լավ ենք նշում․․․ Համաձայնում եմ տիկին Խառատյանի հետ։ Էստեղ մի լավ օրինակ կա՝ Սուրբ Սարգսի տոնը։ ՄԻ քանի տարի առաջ ավելի տարածված էր Валентин-ի տոնը, սակայն եկեղեցու (կամ առավելապես եկեղեցու) ջանքերով հիմա ավելի հաճույքով նշվում է ս․ Սառգսի տոնը։
Իսկ այս հելոուինը նշելու պատճառը կարծում եմ սատանային դավանելը չէ (իհարկե աղանդների և սատանիստների մասին չեմ խոսում)։ Ուղղակի մարդիկ առիթ են փնտրում մի լավ ուրախանալու և առօրյայից կտրվելու համար, ձեռի հետ էլ էդպիսի հագուստներ են հագնում։ Մեզ տոներ են պակասում․․․ Ուրախանալու, լավ տոներ։
Հ․Գ․ Նախորդ նյութի անանուն N1 :)))

Աննա комментирует...
31.10.2011, 20:43

Ուրախ եմ, որ վերջապես այս թեմայի վերաբերյալ նյութ գրվեց: Հուսամ, որ մեր երիտասարդությունը մոտ ապագայում հետ կկանգնի այս հիմար սովորությունից...

Beatle комментирует...
01.11.2011, 7:18

Որքանով, որ տեղյակ եմ այս տոնը ամերիկայում սկսել են նշել հենց սատանիստները, չտարբերվելու համար իմաստաբանական այլ բացատրություն են տալիս տոնին, սակայն, այնուամենայնիվ, հելոուինը մնում է սատանյի պաշտամունքի տոն, շատերն էլ, չիմանալով դրա մասին, հաճույքով նշում են...

Սոսե комментирует...
01.11.2011, 9:08

Անչափ շնորհակալ եմ Արթուր սարկավագ,այս «տոնի» մասին մանրամասներ հրապարակելու համար:Քիչ ,թե շատ տեղյակ էի իրենից ինչ է ներկայացնում Hallowen կոչվածը,բայց ոչ այսքան ծիսական մանրամասնությամբ:Ճ Զարմանալի է այն ,որ հաճախ այդ տոնը տոնելիս տեսնում ես հայ առաքելական եկեղեցու հետևորդներին(հիմնականում ուսանողների,որոնց ԲՈՒՀ-երում նշվում է այդ տոնը,ովքեր վստահաբար կարող եմ ասել չհասկանալով տոնի ծիսական և «գաղափարախոսական» իմաստը մի լավ ուրախանում եմ:Շնորհակալություն օգտավետ նյութի համար:

ArturSrk комментирует...
01.11.2011, 19:58

@Արմեն : ջան կիսում եմ քո գաղափարները, բայց չարի իշախանության տակ ընկնելու տեսանկյունից մի քիչ համամիտ չեմ քեզ հետ. վստահաբար ծանոթ ես Քրիստոսի փորձությանը անապատում: Առաջինը, ինչ սատանան առաջարկեց քաղցած Հիսուսին քարերը հացի վերածելև ուտելն էր: Թվում է թե ինչ կա որ, հաց էր մի կտոր կուտեր ու վերջ: Սակայն այստեղ հարցը այդքան էլ հացը (մեր պարագայում զվարճանքն ու հաճույքը) չէր, որ Քրիստոս մերժեց, այլ` սատանայի կամքին ենթարկվելն ու նրա դրդածը անելը: Ես այս տոնակատարություններին մասնակցողներին կամա թե ակամա չարի թակարդում հայտնված եմ համարում: Իսկ չարի որոգայթները միշտ էլ գեղեցիկ են, ցանկալի և հաճելի մարմնին: Շնորհակալ եմ:

Анонимный комментирует...
02.11.2011, 7:32

Չեմ կարծում, որ երիտասարդների կողմից այս տոնի նշումը պետք է այդքան լուրջ ընդունել: Հիմնավորումը, թե ինչու են մեզ մոտ այդ տոնը այդքան ակտիվ նշում, շատ ավելի պարզ է: Հազիվ մի ուրախ, զվարթ տոն է, որը ավելի շուտ ընդունվում է որպես <>, քան լուրջ կրոնական տոնակատարություն: Տոն տվյալ դեպքում հավասար է լիցքաթափվելու հնարավորության:Մարդիկ, ովքեր այդ օրը հավաքվում են իրար գլուխ ակումբներում, պարզապես հերթական անգամ առիթ են օգտագործում միասին ուրախ ժամանակ անցկացնելու: Իսկ ներկվելու և տարօրինակ հագնվելու մեջ ոչ մի սատանայական բան էլ չեմ տեսնում: Դա ընդամենը զվարճանք է: Պետք չէ խաղը խառնել լուրջ կրոնական գիտակցության հետ:Իսկ եթե վախենում եք, որ այդ տոնը շատ ավելի խորն է նստելու ապագայում երիտասարդների մեջ, ապա մի քանի քայլ առաջ մտածեք. բազմաթիվ սգատոների ու մեռելոցների կողքին հազիվ մի երկու տոն ունենք, որոնք դույզն ինչ ուրախանալու առիթ են տալիս: Ու դրանք էլ հաճույքով նշում ենք:

ArturSrk комментирует...
02.11.2011, 7:54

@Анонимный-ի վերջին այս մեկնաբանությունը ինձ առավել մտահոգեց: Նախ անհրաժեշտ էր կարդալ նախորդ մեկնաբանությունը` հասկանալու համար, թե ինչ դեր կարող է այն ունենալ հոգևոր կյանքում և հետո`
1. «մեռելոցները և սգատոները» ̸սա հետաքրքիր հորինված բառ է, որ ցույց է տալիս թյուր ըմբռնումը̸ ̸ մեր կյանքում տխրելու, լացելու և չուրախանալու առիթ չեն ամենևին, այլ տարվա մեջ ընդամենը 5 օր, որը հնարավորություն են տալիս հիշելու Ձեր ննջեցյալներին, աղոթելու նրանց համար ̸չէ որ նրանք մեզ հետ չեն միայն մարմնապես ̸, այցելելու գերեզմանոց ոչ թե մորմոքելու համար, այլ նախորդ օրվա տոնի` Հարության ̸Զատիկ ̸, Սուրբ Ծննդյան, Պայծառակերպության ̸̸Վարդավառ ̸, Վերափոխման ̸Խաղողօրհնեք ̸ ու Խաչվերացի ̸Սբխեչ ̸ բարի լուրը` ավետիսը, հաղորդելու ու փոխանցելու ձեր ննջեցյալ բարեկամներին: Այդ օրը ամենևին չպետք է լինի սգո օր, քանի որ հոգևոր տոնը իր ընթացքի մեջ է:
2. Տարօրնակ է որ Հելոուինյան մասկարադները անվանեցիք մերը... Այն երբեք մերը չի եղել և չի դառնա մերը քանի դեռ պատրաստակամ չենք Վալենտինի օրինակով ՍԻՖԻԼԻԶԱՑՎԵԼ դրանցով և այս հոդվածը ուղղավծ էր դրան: Մենք` հայերս, ունենք իսկապես շատ լավ ու ուրախ բազմաթիվ տոներ, որոնք ցավ ի սիրտ ավելի ու ավելի են ետին պլան մղվում` անծաոթ մնալով երիտասարդներին: Սրանում հավանաբար մշակույթի նախարարությունն է ավելի մեղավոր և անշուշտ նրանք, ովքեր լուսային շոուները զազրելի տեսարանների ուղեկցությամբ նախընտրում են ազգային-ժողովրդական իմաստավորված տոներից:
3. Եթե կարծում եք, թե այս ժաանցային տոնակատարությունները ամենևին կապ չունեն կրոնականի հետ, չեմ համաձայնի, քանի որ նմանատիպ «սպիտակ» ջարդերով են առաջ տանում իր պլանները մեծ տերությունները և բանսարկուն, կարճ ասած` Հելոուինը և նմանատիպ անվնաս համարվող մանրուքները տրոյական ձիեր են մեր կյանքում, որ արտաքինից թվում են նվեր, բայց մահ ու պարտություն են պարունակում իրենց մեջ: Շնորհակալություն:

Shoush комментирует...
02.11.2011, 23:50

Շնորհակալ եմ նյութի համար, պարզպաես կուզեմ ասել այն, որ այն այլևս կորցրել կամ գրեթե կորցրել է իր սարսափային հռչակը։ Այդ օրը պարզապես հագնվում են այնպես, ինչպես միշտ երազել են ասենք՝օրինակ, մեկը դերասանի է նմանակում, մյուսը՝երգչի, և այո շատերն էլ սարսափ ինչ-որ բանով։ Ես ինքս այս տարի մասնակցել եմ այդ միջոցառմանը և ասեմ, որ ոչ մի սատանայական բան չեմ տեսել վերջինիս մեջ, պարզապես եղել է հավաքույթ սիրելի մարդկանց հետ ու եղել են պարեր, ինչպես այլ հավաքույթներին են լինում։
Հ.Գ. Իմ հավատքի հետ կապված կասկածներ չկան, Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ եմ։

ArturSrk комментирует...
03.11.2011, 6:43

@Shoush ջան,ինձ համար հենց մտահոգիչն էլ այն է, որ քրիստոնյա մարդիկ են ներքաշվում սրա մեջ. Ձեզ չեմ քննադատում, քանզի չեմ ճանաչում, բայց տեսել եմ նկարներ, որտեղ այդ խնջույքների մասնակիցները մասկարադը գրեթե վերածում են «օրգիայի»: Խոսքս Հայաստանի մասին է: Տեսել եմ քրիստոնյա երիտասարդներ զգեստավորված վուլգար հագուստով, քրիստոնայաներ, ովքեր սատանայի երկրպագության այծանման նշանն են ցույց տալիս իրենց ֆոտոներում (պարզած բռունցք` ցուցամատը և ճկույթը վեր ցցած) շատ անգամ չհասկանալով, թե ինչ են անում և ինչու. խնջույք ա պարում-ուրախանում, նկարվում են էլի: Հենց այդ անգիտությունն է ամենավտանգավորը և հոդվածս ուղղված էր շատերին տեղեկացնելու ինչ է տոնը նշանակում: Իսկ նրանց համար, ովքեր գիտակից են, բան չունեմ ասելու, պիտի գործեն իրենց խղճի թելադրանքով: Բոլորովին պատահաբար հանդիպեցի ռուս եկեղեցու` իմ կողմից ամենահարգված սարկավագներից մեկի կարծիքին Հելոուինի վերաբերյալ, ու այնտեղ Shoush ջան կարծես թե տրվում է պատասխան նաև քեզ: Կառաջարկեմ նայես, շաը կարճ է` http://top.rbc.ru/society/30/10/2011/622795.shtml

Հ.Գ. Կուզեի անդրադառնալ նաև օտարածին տոների` մեր կյանք ու մշակույթ մուծման քայքայիչ ու վտանգավոր հետևանքներին, բայց դա, թերևս, այլ հոդվածի նյութ է: Շնորհակալ եմ:

Shoush комментирует...
03.11.2011, 20:35

Շնորհակալ եմ։ Պարզապես ասեմ, որ նմանատիպ մարդկանց համար, որոնց մասին դու նշեցիք Ձեռ խոսքում, հեչ էլ պետք չի որևէ տոն,որ իրենց էդպես պահեն, նրանք էդպես էլ կան, ցավոք։
Իսկ այն մասին, որ տոնը, նշվելով ԱՄՆ-ում և Կանադայում, նշանակում է սատանաների օր, այդքան էլ այդպես չէ։ Ես անձամբ եղել եմ ԱՄՆ-ում և մասնակցել տոնին, և մենք պարզապես հագել ենք հետաքրքիր կոստյումներ՝ և դռները թակելով այսպես ասած կոնֆետ խնդրել, որը տոնի անբաժան մասն է կազմում, անգլերեն հնչում է էսպես՝ Trick-or-Treatiing!!!

Հովսեփ комментирует...
14.01.2012, 4:48

Ինձ համար աննդունելի է նման տոնը մեզանից շատերս գիտենք որ ամերիկան տարբեր կրոնների խառնարան է և որ ամերիկացիներից շատ քչերն են Քրիստոնյա եթե իհարկե կան ամերիկացի Քրիստոնյաներ որոնք իրոք Քրիստոնյա են և ինչ եք ուզում սպասել այդպիսի երկրից։ Ի վերջո ով ինչպիսի կարծիք ուզում է թող ունենա այդպիսի տոն կոչվածի մասին բայց թող զգուշանա մոլորությունից Եկեղեցին պարզապես ասում է սա է բարին կուզեք ընդունեք չեք ուզում մի ընդունեք սա է ճշմարիտը։ ամերիկացի գառնուկներին պետք չե խառնել ՀԱՅ Գառնուկների հետ նրանք իրենց տեսքովել են տարբեր հոգովել։ Աշխարը ենպես է փոխվել որ եթե մեկը ամերիկայում տրնգի պարի ապա հավատացեք գրեթե ամբողջ աշխարը կհետեվի նրանց ոնցոր ասենք մեր ՀԱՅԵՐԻՑ շատերը կրկնում են ռուսների սխալները բա հո հետ չեն մնալու ժամանակակից են իսկ մի խավ կա որոնց ես անվանում եմ օտարալեզուներ այդ մարդիկ շատ նման են իմ թվարկած մարդկանց պարզապես մեկ տարբերությամբ նրանք անգրագետ գերազանցիկներ են որոնք հպարտ են և մարդկանց անգրագետ և հետամնաց են անվանում։ Չեմ սիրում հայ օտարալեզուներին։

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...