19.9.11

ԱԿՆՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայոց ոսկեղենիկ լեզվի մեջ գոյություն ունեն լավատեսությունը և հոռետեսությունը բնութագրող իրար շատ նման 2 դարձվածքներ` «աշխարհին նայել վարդագույն ակնոցով» կամ «աշխարհին նայել սև/մռայլ ակնոցով»: Շատ հետաքրքիր է լեզվի դինամիկ, ժամանակին, մշակույթին և կենցաղին համընթաց զարգացումը, սակայն կարծում եմ մեր լեզուն, չդիմանալով հայ մարդու մտքի սանձարձակ վարգին, այսօր բաց է թողել դարձվածքային ակնոցների նորամույծ մի ամբողջ շարք: Հայերը սկսել են աշխարհը, մարդկանց ու երևույթները մանրազննել ու քննարկել տարբեր տեսակի ու գույների ակնոցներով: Օրիանակ վերջերս «մոդա են ընկել» 3D ակնոցները: Ինչո՞ւ է հայոց լեզուն այնքան ետ ընկել, որ մեր բանասիրությունը դեռ չունի «աշխարհին նայել 3D ակնոցով» դարձվածքը:
Վատ կլինե՞ր. այն կմատնանշեր լայնախոհ, ամեն ինչ եռաչափ տեսնող ու հարցը Սոկրատեսյան «երեք մաղերով» անցկացնող մարդուն: Արժեր մուծել նաև «աշխարհին նայել նենգության ակնոցով» (սրա գույնը ինքներդ որոշեք), «... լպիրշության ակնոցով», «... քաղաքականության ակնոցով»: Շարքին կգումարվեին անհավատության կամ սրբապղծության, ուրացումի ու դավաճանության, դրամաշորթության ու փողամեռության, քծնանքի ու պնակալեզության և շատուշատ «ակնոցներ» (ներկե՛ք ինքներդ): Մի օլիգարխ էլ «ակնոցի» գործարան կհիմներ, էժան հումք կներմուծեր, ու կծաղկեր «ակնոցի» բիզնեսը` վրան գրված «այստեղ կարող է լինել Ձեր գովազդը»...
Էհ, ձեզ ի՞նչ է թվում. եթե հայոց լեզուն դեռ չունի այս դարձվածքները, դրանք չկա՞ն հայերի կյանքում: Միամիտ մի եղեք, կան այդ հայացքները, ուղղակի այլ անունների տակ` պետական գործիչ, լրագրող, դասախոս, բժիշկ, խմբագիր... հոգևորական... Ամեն մեկը փեշակ է ստեղծում` իր ուրույն ակնոցով դիտելով ամեն մի հարց, և կերտվում է կատարյալ մի բաբելոն, որտեղ թագավորում է խառնաշփոթը, անհասկացվածությունը` քաոսը... որտեղ չեն լսում կարծիքը, որտեղ երկխոսությունը «բազարի» է վերածվում:
Եվ այստեղ ես միայն հասկանում, որ ինձ և մեզ և լեզվին հայոց մեկ դարձածք է սոսկ պակասում` «աշխարհին նայել պարզության ակնոցով», որ պիտի նշանակի աշխարհը, մարդկանց ու երևույթները մանրազննել ու քննարկել այնպես, ինչպես դրանք կան` դրանց տակ չորոնելով սեփական արշինի երկարությունը...

Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

5 արտահայտվիր:

Նուարդ комментирует...
21.09.2011, 18:39

Աշխարհին նայել եռաչափ :)
Իսկ ամենաշատը դուրս գալիս է «աշխարհին նայել Լ․ Շանթի «Հին Աստվածներ»-ի կույր հոգևորականի (եթե չեմ սխալվում քահանայի) աչքերով։
Նուարդ

ArturSrk комментирует...
22.09.2011, 7:25

Աբեղա էր Նուարդ ջան, կուսակրոն քահանա, մենակ թե եթե հնարավոր է մանրամասնիր թե ինչպիսի աչքեր էին դրանք. շնորհակալ կլինեմ:

Նուարդ комментирует...
22.09.2011, 13:08

Կույր :) Աչքերը հանել էր, որ աշխարհիկ կյանքը չտեսնի և ապրի ու նվիրվի միայն հոգևորով, սակայն ընթացքում պարզվում է, որ աչքերը հանելը աշխարհիկ կյանք տեսնելու հետ ոչ մի կապ չունի։ ՈՒ որ նա ներքուստ է ձգտում դեպի աշխարհիկը։ Այսինքն ես «Կույր աբեղայի աչքերով նաեյլ» արտահայտությունը կմեկնաբանեի այսպես․ մեկը, որ դիտմամբ չի ուզում տեսնել մի բան, որ հենց իր մեջ է, և ասում է թե չի տեսնում, սակայն լավ էլ տեսնում է։
Շնորհակալություն

Srk. комментирует...
19.03.2012, 21:11

Մենք արևին ուղղակիօրէն չենք կրնար նայիլ. արևը իր արևութեանը մէջ չենք կրնար տեսնել. եթէ փորձենք, կը կուրնանք: Բայց նաև ոչինչ կրնանք տեսնել առանց արևին կամ լոյսին:... Այդպիսի ոյժ է հաւատքը և այդպիսի ազդուութիւն ունի ան մարդկային կեանքին մէջ, եթէ մեր աչքերը բաց են և կամ այլագոյն և թանձրագոյն ակնոցներով և թանձրամած ամպերով չեն խափանուած:

Գարեգին Ա Սարգիսեան, Երջանկայիշատակ Կաթողիկոս Հայոց

Srk. комментирует...
14.08.2012, 14:23

Հասմիկ Աբրահամյան - Facebook

Եզրակացությունը շատ լավն է: Ափսոս, որ երբմեն մարդ փորձում է ինչ-որ բաներ չափել միայն իր արշինով ու այդպիսով շատ է խանգարում մյուսներին:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...