15.9.11

ՀԱՅԱՍՏԱՆԸ Ե՞Ս ԵՄ

Այս հոդվածը քաղաքական ենթատեքստ ունեցող առաջին և թերևս վերջին գրառումս է (չեմ սիրում այս թեման): Բնավ նպատակ չունեմ  որևէ մեկին կամ որևէ խմբի ինչ-որ  բան ակնարկելու, և գրելիքս պաշտպանություն կամ քննադատություն չէ, ուղղակի Հայաստանի Երրորդ Հանրապետության  անկախության 20-ամյակին ընդառաջ շատերի պես իմ մեջ էլ զարթնեց «պատրիոտիզմը» ես էլ ուզեցի ասել «Հայաստանը ես եմ», բայց չկարողացա... Մտքերս լույսի արագությամբ սուրացին պատմության ու անցյալի մասին գիտելիքներիս կիսադատարկ գրադարակով, քննադատեցին շատերին, պարսավեցին, ամոթանք տվեցին, մյուսներին մի փոքր գովեցին, ոմանցով հպարտացան, բայց Հայոց անկախության 20-ամյակի առաջ կանգ առան շիկնած ու ամոթխած, ինչպես հեքիաթի պառավը՝ տաշտակի, կոտրված տաշտակի առաջ: Ու ես հասկացա, որ մեկ մարդով, առավել ևս ինձանով Հայաստան չի լինի: Ինչո՞ւ: Որովհետև ես էլ, դու էլ, նա էլ, նրանք էլ, մենք բոլորս այսօր մի-մի բիբլիական Կայեն ենք, որ առանց ինքներս մեզ հաշիվ տալու եղբոր վրա «ձեռք ենք բարձրացնում»: Իսկ արդյո՞ւնքը: Արդյունքը անկախ Հայաստանի երկատումն է, եռատումը, քառատումը... Զավթիչ-տիրաններն են ասել. «Բաժանի´ր, որ տիրես»: Մտքերս հիշեցրին վաղուց կարդացած մի հոդված, որ 20-րդ դարի սկզբին լսելով մի ծեր ու փորձառու անգլիացուց` գրի է առել ռուս ականավոր կրոնափիլիսոփա Իվան Իլյինը (1883-1954թթ): Վերընթերցեցի և տողերի միջև կարդացի անցած 20 տարիների հայաստանյան տարեգրությունը, 20-ամյա Հայաստանի ներկան:

Քաղաքացիական պատերազմ
/ազատ թարգմանություն/


Քաղաքացիական պատերազմը ատելության պայթյուն է, որին հաջորդում է համընդհանուր հրդեհը: Շատ հաճախ անուշադրության է մատնվում այն, թե որտե´ղ ու ինչպե´ս սկիզբ առավ այդ ատելությունը երկրում, և տպավորություն է ստեղծվում, թե հանկարծակի փոթորիկ բարձրացավ պարզկա օրով, սակայն իրականում ատելությունն ու թունոտությունը վաղուց էին ջրի երես ելել: Դասակարգային պայքարը նույն ինքը ծպտված քաղաքացիական պատերազմն է, իսկ քաղաքացիական պատերազմը ոչ այլինչ է, եթե ոչ բացահայտ և անողոք դասակարգային պայքար:
Քաղաքացիական պատերազմը համաճարակի նման է, այն ատելության փսիխոզ է, որն ավելի ու ավելի է տարածվում` ընդգրկելով հասարակության նորանոր շերտեր: Այդ փսիխոզը ճիշտ հասկանալու համար անհրաժեշտ է վերադառնալ միջին դարեր` մահազդու հիվանդությունների ժամանակաշրջան: Տպավորություն է ստեղծվում, որ մարդիկ այնպես են միմյանց վարակում ատելությամբ ու վրեժխնդրությամբ, որ բարոյական բոլոր արգելակներն ու հասարակական դրվածքներն աստիճանաբար կաթվածահար են լինում կամ ընդհանրապես շարքից դուրս են գալիս: Այդ ժամանակ է, որ ցնծում է չարի կամքը. ոչ ոք այլևս չի մտածում հաշտության մասին, ընկերն այլևս ընկեր չէ: Միջպետական պայքարում թշնամին չի արժանանում այնքան ատելության, որքան ազգակից հակառակորդը քաղաքացիական պատերազմում: Ոչ մի տեղ այդպես չեն պայքարում թշնամուն վերացնելու համար, որքան այստեղ...
Քաղաքացիական պատերազմը նման է երկրաշարժի. ամեն բան երերում է, ամեն բան քանդվում սոսկ այն տարբերությամբ, որ մարդիկ իրենք են  առաջ բերում այդ անվերջանալի երկրաշարժը և մոլեգնում են դրա մեջ: Ինչպես ասում էր մեծ փիլիսոփա Հոբբսը` մարդը մարդուն գայլ է դառնում: Կարգուկանոնի և անվտանգության մասին այլևս խոսք լինել չի կարող. վերանում է փոխադարձ վստահությունը, բոլորը շտապում են այլ կեցվածք որդեգրել և թաքցնել իրենց անկեղծ համակրությունները... Թշնամին ամենուրեք է և մատնությունը սպառնում է ամեն տեղ. քեզ ամենուր ականջ են դնում, նախանձում են, ատում են ու սպառնում: Աստիճանաբար վատթարագույն կրքերը թեժանում են, հայտնվում է մոռացված ատելությունը և ձգտում է դուրս ժայթքել: Ասպարեզ են գալիս համընդհանուր մատնությունն  ու հաշիվներ մաքրելու կոպիտ գործելաոճը:
Սա նաև բարոյականության համընդհանուր անկման ու կորստի շրջան է: Օրենքները լռում են կամ անդադար փոխվում... Ոչ ոք չգիտի` ի´նչն է օրինաչափ, ի´նչ է պետք, ի´նչն է թույլատրելի և ի´նչը` ոչ: Հանցագործները բացահայտ և անարգել գործում են` ձգտելով միանալ երկու ճակատներին էլ. նրանք ներթափանցում են ամենուր ու ներգրավում են բարոյապես թույլերին, այդ իսկ պատճառով սա դառնում է մեծ ու փոքր արկածախնդրությունների ժամանակաշրջան: Քաղաքացիական պատերազմի այս  արկածախնդիր մարդկանց հարկ է անմիջականորեն ու անհատապես հետևել` նրանց բնույթը հասկանալու համար. փառասեր ու իշխանության քաղցով, միանգամայն արմատներն ուրացած, բարոյազրկված այս մարդիկ քաղաքացիական պատերազմից մասնագիտություն են կերտում: Սեփական ժողովրդի աղքատությունը իրենց ոչինչ չի ասում, երկրի համընդհանուր կործանումը նրանք ամենևին չեն նկատում, անտարբեր են ազգային մշակույթի ոչնչացման հանդեպ: Դրանք անարմատ կարյերիստներ են, որ սովորույթ են դարձրել լողալ արյան մեջ և գումարներ հայթայթել կարևոր չէ ինչ միջոցով:
Այսպես, երկիրը, որտեղ ընթանում է քաղաքացիական պատերազմը, հյուծվում է, ինչպես մարախի հարձակումից կհյուծվեր և ավերվում է, ինչպես կավերվեր երկրաշարժից: Եվ որքան խիտ է բնակեցված երկիրը, այնքան ահռելի է ոռնում քաղաքացիական պատերազմը. հաղթանակ խոստանում է միայն անողոք գրոհը:
Գրո՞հ... Ո՞ւմ դեմ. սեփական ազգակիցների դեմ... Խաբեության, սադրանքի, կուրության ենթարկված համերկրացիների դեմ...
Հազիվ թե գտնվի հայրենիքի նկատմամբ ավելի մեծ չարագործություն, քան քաղաքացիական պատերազմ նախագծելը. նա, ով չի ուզում սովորել ուրիշի օրինակի վրա, թող գոնե պատկերացնի, թե ի´նչ պատասխանատվություն է կրելու դրանով իր վրա : Այս պարագայում գոյություն ունեն առաջնային 3 առաջադրանքներ. անթույլատրելի է ժողովրդի մեջ սոցիալական ատելության կուտակումը, պետք չէ թույլ տալ, որպեսզի այն վերաճի հուսահատության, հուսահատությունը չպետք է հանգեցնի քաղաքացիական պատերազմի:
Արդյոք չարժե՞ երջանիկ անվանել այն երկիրը, որտեղ լուծված են այս խնդիրները...»

24 արտահայտվիր:

Beatle said...
9/15/11, 12:50 PM

Այ էս իսկապես սրտովս էր, ոնց եմ համաձայն էս հոդվածի հետ: Ախր ոնց լինեմ Հայաստան, երբ նույն Հայաստանը ինձ չի ընդունում, որպես հարազատ, ես օտարերկրացի եմ սեփական երկրում, ես երբեք չեմ կարող լինել նույնական նրա հետ, քանի որ նրա օրենքները ստեղծված չեն ինձ պաշտպանելու համար, սահմանում կանգնած զինվորը ոնց ասի Հայաստանը ես եմ, երբ սպանվում է, բայց ոչ թե թշնամու գնդակից այլ սեփական հրամանատարի կողմից...
Չեմ հասկանում ինչի են ստեղծում այդ բարձրագոչ արտահայտությունները, որոնք միայն բառեր են գեղեցիկ ու փայլուն փաթեթավորված, իսկ ներսից ամբողջը բորբոս է, արտահայտությունները ապրում են, եթե ստեղծվում են ինքնաբերաբար և ոչ թե պարտադրվում են մայրուղիների երկու կողմում փակցված հսկա պլակատներով:
Եվ մի բան էլ իսկական Հայաստանը սա չէ, սա ուղղակի հետխորհրդային հսկայից մնացած հյուծված պատառիկ է, որին չեն թողնում կազդուրվել, իսկական Հայաստանում մարդուն փող չունենալու համար երթուղայինից դուրս չեն նետում, անօգնական հիվանդին հիվանդանոցից դուրս չեն նետում, գիտնականները խրճիթներում չեն ապրում, իսկական Հայաստանում ես լիիրավ քաղաքացի եմ, ասել է թե տան անդամ

Srk. said...
9/15/11, 12:58 PM

Beatle ջան, ուրախ եմ, որ կիսում ես հոգուս ցավը և համամիտ ես ինձ հետ բակց մի նրբություն գրածիս մեջ չես նկատել հավանաբար. ես չեմ ուզում ոչ ոքի մեղադրել, առաջնահերթ ինքս ինձ եմ անարժան համարում Հայաստան կոչվելուն:

Armenian Nacionalist said...
9/15/11, 1:54 PM

Հարգարզհան Սարկավագ,շատ շնորհակալեմ հրաշալի հոդվածի համար.
100 տոկոսով կիսում եմ ձեր բոլոր տեսակետները.
Սակայն մի հարց ունեմ չարզհե հպարտանալ ու ասել Հայաստանը ես եմ գոնե անկախ պետականության փաստը հարգելով,4050 միլիոն քուրդը երազում են մի կտոր հողի վրա պետականություն ունենան ու չունցնե,մենք Փառք Տիրոջը ունենք,դա որպես այդպիսին ուրախանալու առիթ չե?
Հարգանքներով Արմեն Հայրապետյան

Beatle said...
9/15/11, 6:50 PM

Խնդրում եմ իմ մտքերս մեծամիտ չհամարել. սա եմ զգում ես, թեպետ իմ երազած Հայաստանի մասը կազմելը կլիներ միայն պատիվ ինձ համար

Srk. said...
9/16/11, 6:22 AM

Արմեն ջան Beatle-ը պատասխանեց քո հարցին իմ փոխարեն. իմ հպարտությանը չափ ու սահման չկա ազատ ու անկախ, պետականություն ունեցող անհատ լինելուս համար, սակայն ծնդիրն այն է, որ ես չափաըանց փոքր մեկն եմ ՀԱՅԱՍՏԱՆ լինելու համար:

Unknown said...
9/16/11, 9:07 AM

Սիրելի սարկավագ եղբայր, շնորհակալ եմ, շատ լավն էր: Եվ նաև շնորհակալ եմ լավ հիշողություններ առաջացնելու համար. առաջին անգամ Իլյին Ս. Պետերբուրգում եմ կարդացել ու մինչև օրս զմայլված են նրանով: Թարգմանությունն էլ այնքան լավն էր, պահպանվել էր անգամ Իլյինին հատուկ շունչն ու ոգին: աստված օրհնի քեզ:

Srk. said...
9/16/11, 9:11 AM

Ես էլ Ձեզ եմ շնորհակալ Տեր Հայր ջան, որովհետև Իլյինին առաջին անգամ ծանոթացա Ձեր նվիրած գրքի միջոցով: Աչքիս տակ 1-2 թարգմանություններ էլ դեռ ունեմ այդ գրքից: Առաջն Աստված...

Աննա said...
9/16/11, 6:36 PM

իսկապես շատ դիպուկ էր ասված , մենք շարունակ առաջադեմ և նորաձև թվալու համար ձգտում ենք օտար արժեքների և ինչ կարող ենք նրանք մեզ տաաաաալ, ոչինչ...լոկ այն, ինչ կոչվում է ապազգայնություն, չարություն միմյանց նկատմամբ.........մարդ արթնացրու քեզ այն խորը քնից, որ կոչում ես զարգացում և շուրջդ նայի` գնաահտելով անցյալդ....

Anonymous said...
9/17/11, 9:59 PM

Հայաստանը մենք ենք... իմ կարծիքով միայն այս կփրկի կործանման գնացող մեր հայրենիքին... Բոլորս էլ նրա մի մասնիկն ենք ու պետք է ձգտենք այն դարձնել մեր երազանքների հայրենիքը:

Srk. said...
9/18/11, 11:08 AM

Այո, եթե Հայաստանը ՄԵՆՔ ենք, մեր թույլ և ուժեղ կողմերով, ես առարկություն առաջ չեմ բերի:
Ինձ մի բան է հետաքրքիր, ուզում եմ բոլորի կարծիքն իմանալ. ինչո՞ւ, երբ Հայաստանը կամ հայազգի մեկը ինչ-որ նվաճում է ունենում բոլորս լցվում ենք հպարտությամբ, մեկի արածը վերագրում նաև մեզ` «Տեսա՞ր ինչ արինք, մենք հաղթեցինք» գոչելով, բայց բավական է մեկը սայթաքի, մի արարք թույլ տա, որը չի ոգևորում շատերին, ոչ ոք չի ասում. «մենք արեցինք» կամ «ես էլ իմ մեզքն ունեմ...»

Anonymous said...
9/18/11, 8:48 PM

Շատ բարդ հարց է. մարդիկ իրենց սխալներն են անգամ փորձում բարդել ուրիշների վրա, ինչ մնաց, ուրիշի սխալներն ընդունեն որպես իրենցը... Երևի շատ անկատար ենք դրա համար...

Srk. said...
9/20/11, 6:39 AM

Երևի այնքան բարդ հարց է, որ համարձակություն էլ չկա պատասխանելու...

Beatle said...
9/20/11, 8:03 AM

Ես կարծում եմ, եթե սխալը համազգային է, ապա բոլորս էլ մեր մեղքի բաժինն ունենք, օրինակ` ուժեղ կամք չունենք: Էս պարագայում ես էլ եմ մեղավոր, քանի որ կամազուրկ եմ, իսկ եթե մեկը իր սխալը, բռիությունն ու անխղճությունը փորձում է փաթաթել մարդկաց վզին ես մեղավոր չեմ ու դա իմ պարտությունը չի, հաստատ,այ որ ասեք իմ մեղքը որոշ ոչնչություններին խոսքի իրավունք տալն է միանշանակ կընդունեմ մեղքս ու պարտությունս: Նույնն էլ հաղթանակի պարագայում

Srk. said...
9/20/11, 8:19 AM

Ես ընդհանրապես հակված չեմ որևէ մեկին մեղավոր կամ անմեղ հանելու, ինձ սխալ մի հասկացեք, ուղղակի ամբողջ ասածս այն է, որ Հայաստան դառնալու համար այնքան «հաց ու պանիր դեռ պետք է ուտենք...»:
Թե չէ այսօրվա փսլնքոտ ամենաթողության մեջ ամեն «դորդջհար» ունեցող, հայաստանի դեմքին ամեն թքող ու հայրենիքի հետևից արտասահմանում խոսացող ամեն մի «ազգասեր» որ ասի «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՍ ԵՄ», մեր Հայաստանը ետընթացից բացի ուրիշ ոչինչ չի արձանագրի:
Էդ ամենը ես նմանեցնում եմ միջնադարյան EGO SUM REX, EGO SUM LEX /ես եմ արքան. ես եմ օրենքը/ սկզբունքին: Չէ, այդպես չպիտի լինի. «Ես մի բուռն եմ քո հողի, ես մի ծիլն եմ քո ծաղկի, ես մի զարկն եմ քո բազկի»` սա պետք է լինի իմ և մեր սկզբունքը, այլ ոչ թե ես եմ որ կամ:

Srk. said...
9/20/11, 8:24 AM

Եթե «Հայաստանը ես եմ» լոզունգի տակ պետք է հասկանամ պատասխանատվություն Հայաստանի համար, հոգատարություն նրա հանդեպ և սեր հայի հանդեպ այնպես, ինչպես ինձ կսիրեմ, ապա խոնարհաբար ու ծնրադրումով կընդունեմ լոզունգը, սակայն կարծում եմ այսօրվա իրականության մեջ միայնակ կմնամ դրա առաջ, և բեռն էլ չափազանց ծանր կլինի մարդուկիս համար:

Beatle said...
9/20/11, 12:57 PM

եթե հարցին Ձեր դիտակետից նայելու լինեմ, ապա լրիվ համաձայն եմ Ձեր ասածներին

Tatevik said...
10/7/11, 12:36 PM

մի քիչ թեմայից կշեղվեմ, սակայն ուզում եմ հատուկ նշել, որ շատ հաճելի էր կարդալ նախ հոդվածը, հետո մեկնաբանությունները, որոնք զարմանալիորեն ոչ թե միմյանց եհտ կռիվ էին անում, փորձելով իրեբը առաջ քաշել, այլ խելացի մարդկանց խելացի մտքեր էին:))) իմ կարծիքով "Հայաստանը ես էմ" լոզունգով այս դեպքում պետության գլուխ կանգնած մարմինները ուզեցին 1. մի տեսակ շնչավորել Հայաստանը, որպեսզի մարդկանց հոգեբանության մեջ արմատավորվի, որ պետությունը ոչ թե միայն պետական ապպարատն է, կամ իշխանությունը, այլ նաև մարդը, ժողովուրդը, անհատը: Հնարավոր է մարդասիրական հնարավոր է քաղաքական նկրտումներով, որովհետև այդպիսով բողոքը կպակասեր, մարդ չի բողոքի իր դեմ 2. անձնական պատասխանատվության զգացում առաջացնել երիտասարդության մեջ ("մենք ենք" ասելուց այդ զգացումը չես ունենում), հաշվի առնելով, որ ելնելով այդ օրվան նվիրված տեսահոլովակնեռրից և այլ միջոցառումներից հիմնական թիրախը երիտասարդությունն էր:
Համաձայն եմ այդ լոզունգի հետ վերանշյալ պատճառներով, նաև որովհետև այսպիսի հետաքրքիր հոդվածներ և քննարկումներ են առաջանում հարց առաջացնող թեմաներից!!!:)))))))))

Srk. said...
10/9/11, 12:48 PM

Վերջին մեկնաբանության ամեն տառի հետ համաձայն եմ:
Մի բան է ինձ զարմացնում ու կարծում եմ դա «նորմալ» է. ինչո՞ւ պետք է ինձ անընդհատ հիշեցնեն, որ սա իմ տունն է և ես եմ այդ տան տերը...
Ենթադրյալ պատասխանները սրանք են.
1.Ես անընդհատ հրաժարվում եմ այս տան սեփականատիրության պատասխանատվությունը կրելուց:
2.Ինձ ստիպում են հրաժարվել, որ ես եմ այս տան տերը:
3.Իրականում ուրիշն է այս տան տերը:

Ո՞րն է Ձեր տարբերակը /գուցե ունեք սեփական տարբերակ/

Betatle said...
10/10/11, 7:36 AM

Թեպետ ArturSrk -ի հարցը ինձ ուղղված չէր, բայց Ձեր թուլտվությամբ ես կուզենայի ասել, թե նշվածներից որն է իմ դեպքը: Ինձ հիշեցնում են, որ սա իմ տունն է, քանի որ 'Ինձ ստիպում են հրաժարվել, որ ես եմ այս տան տերը'. ամեն անգամ, երբ տան տիրոջ իրավունքով ուզում եմ պետության հետ որևէ հարց պարզել նա ինձ հիշեցնում է 'Բալիկ ջան դու դեռ շատ փոքր ես ինձ ինչ -որ բան ասելու համար, սուս մնա' կամ էլ 'Կամաց բղավի.հավեսդ չունենք' կամ էլ 'հլը էս միամիտին նայեք'...Ես միայն մի դեպքում եմ հիշում, որ սա իմ տունն է, երբ հարկ վճարչելու ժամանակն է գալիս 4 կողմից վրա են տալիս, թե բա ով վճարի պաշպանության ծախսերը հոգալու, թոշակառուներին վճարելու, սոցիալապես անապահովներին կերակրելու կամ էլ պետական պարտքերը մարելու համար?
Միգուցե Ձեզ մոտ տպավորություն ձևավորվի, որ ես վատատես մարդ եմ, բայց ես էլ եմ ժամանակին լավատես եղել, մտածել որ ամեն ինչ այնքան էլ վատ չի, բայց մի օր, երբ առիթ ունեցա գործ ունենալու պետությունը ներկայացնողների հետ հասկացա, որ սրանք մարդու համար կենսական նշանակություն ունեցող դեղը կարող են գողանալ, 'չի թույլատրվում' պիտակի տակ ու փոխարենը ոչ մի թուղթ չտալ, որով դու կարողանայիր դատարան դիմել ու քո իրավունքը պաշտպանել:
Եթե դրա նմաններն են Հայաստանը, ապա ես հրաժարվում եմ Հայաստան լինելուց

Srk. said...
10/10/11, 8:12 AM

Beatle ջան ճիշտ է հարցս անձնականացված էր ձևակերպված, բայց ուղղված էր նաև բոլորին, այնպես որ ապրես, որ պատասխանել ես: Սպասում եմ այլ պատասխանների:

Anonymous said...
10/10/11, 4:03 PM

Իսկապես մտածելու առիթ է տալիս այն, որ մեզ այս կամ այն կերպ մշտապես հիշեցնում են մեր երկիրը մեզ պատկանելու/չպատկանելու մասին:
ArturSrk, Ձեր նշած երեք տարբերակներն էլ ճշմարտության մեծ բաժին ունեն` թերևս հավելելով նաև հետևյալը: Մտածենք այսպես. ես ժառանգել եմ հայրենիքն իմ ծնողներից, բայց չգիտեմ, որ այն ոչ միայն օգտվելու/սպառելու համար է, այլ նաև` պահպանելու, որպեսզի ես էլ կարողանամ իմ զավակներին փոխանցել: Երբ ես դա հասկանամ, այն կարժեվորեմ: Իհարկե, ներկայիս պայմաններում, առանց այդ հայրենիքի հանդեպ շատ մեծ սիրո ու հավատի, գործնականում դժվար է պայքարել ամեն քայլափոխի մեր առջև ծառացող խնդիրների դեմ ու հաղթահարելու ուղիներ գտնել: Անազգասեր, անտարբեր կամ նույնիսկ դավաճան մարդիկ բոլոր ժամանակներում էլ եղել են, բայց եթե դրանց նմանների պատճառով ես էլ հիասթափվեմ ու հրաժարվեմ Հայաստանից, ինչքանով ես ավելի լավը կլինեմ նրանցից?
Կարծում եմ` չպետք է երբևէ հրաժարվել Հայաստանը/Հայաստանի տերը և սպասավորը/ լինելուց, նույնիսկ եթե տվյալ ժամանակամիջոցին ամենաանարժանները լինեն նրա “տերերը”: Նրանց համար պատմությունը կասի` դավաճան էին և այլն: Իսկ ինձ համար ինչ կասի? Անտարբեր??? Մարդս անցողիկ է, հայրենիքը պետք է հարատևի: Աստված մեզ այնքան հավատ և սեր պարգևի, որ երբեք չհրաժարվենք ինքներս մեզանից ու մեր հայրենիքից:

Srk. said...
10/11/11, 2:21 PM

Եթե ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՍ ԵՄ ասողները իսկապես այն մտքին են, թե «Մարդս անցողիկ է, հայրենիքը պետք է հարատևի», ապա ես էլ կաշխատեմ մտնել նրանց շարքերը:

Artur said...
12/11/11, 7:58 PM

Հուսահատությունը քաղաքացիական պատերազմ չի ծնում: Պատմությունը ցույց է տալիս, որ քաղաքացիական պատերազմ ծնվում է զարգացած, ապահովված, խելացի հասարակությունում: Այս վերջինը արդեն մեզ չի վերաբերվում, ցավոք:

Արփինե said...
11/7/13, 8:07 PM

Հագելի Արթուր սարկավագ, ՀԱՄԱՐՁԱԿՎԵՄ ես պատասխանել Ձեր հարցին: Մենք հաճույքով ենք վերագրում մեր հայրենակիցների հաջողությունները մեզ, որովհետև այն մեզ մտածել է տալիս, միան երևույթների արտաքին կողմի`մեր ընդհանրության վրա, այն է`հայ գենի հաղթանակի, իսկ դա հեշտ է: Այն չի ուղղում մեր հայացքը դեպի մեր անձերից ներս, որտեղ մենք մեզ համար շատ անցանկալի, խոտելի ու մերժելի բաներ կտեսնենք, բայց երբեք չէինք ուզենա, որ դրանց կրողը ՄԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ լինեինք, որովհետև դրան արդեն պետք է հաջորդեն որոշակի քայլեր(...): Շատ ավելի հեշտ է դա տեսնել ուրիշներում`սեփական աչքի գերանի ու եղբոր աչքի շյուղի նման, դա մեզանից ակտիվ գործողություններ չի պահանջում...

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...